Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով նախարար Արլեմ Դեզիրին երեկ Վիեննայում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում:
Հայտարարության մեջ նշվում է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող այս երեք արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
«Նրանք վերահաստատել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Համանախագահները պնդել են 1994 և 1995 թթ. զինադադարի համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը:
Նախագահները վերահաստատել են զինադադարը պահպանելու և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար՝ նրանք համաձայնեցին հնարավորինս կարճ ժամանակահատվածում ամփոփել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրման աշխատանքները:
Կարդացեք նաև
Նախագահները նաեւ համաձայնեցին ԵԱՀԿ գործող նախագահի գործող անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը:
Վերջապես, նրանք համաձայնեցին շարունակել փոխանակել տվյալներ անհետ կորածների մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո, ինչի մասին նախագահները պայմանավորվել էին 2014թ. հոկտեմբերին Փարիզի գագաթաժողովում:
Նախագահները պայմանավորվել են համընդգրկուն կարգավորման բանակցությունների հաջորդ փուլի մասին, որը պետք է կայանա հունիսին, երկուստեք համաձայնեցված վայրում»: