Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ուրիխանյանն ընդդեմ «gazeta.am»-ի եւ «neonews.am»-ի գործը մտավ դատաքննության փուլ

Մայիս 16,2016 21:40

Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 16-ին դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ շարունակվեց «Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ «gazeta.am» եւ «neonews.am» կայքերի» գործով հայցի քննությունը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը դիմել էր դատարան` հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի և զրպարտության համար քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Ուրիխանյանը մասնավորապես պատասխանող կողմից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել եւ վճարել նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով` իրեն հասցված վիրավորանքի համար, կայքերի միջոցով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները: Պատասխանող կողմ է հանդես գալիս Լուիզա Գումրոյանը:

Նախնական դատական նիստը կայացավ առանց հայցվորի եւ պատասխանողի ներկայության: Նրանք միջնորդություն էին ներկայացրել` նախնական դատական նիստերն առանց իրենց ներկայության անցկացնելու համար:

Հայցվոր կողմը արագացված դատավարություն անցկացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել, ինչը քննարկվեց Պատասխանողի շահերի ներկայացուցիչ Հակոբ Սաֆարյանի հետ:  «Հարգելի դատավոր, գտնում եմ, որ միջնորդությունն անհիմն է, հայցվորը վկայակոչել է հայցի` ակնհայտ հիմնավորում ունենալու հանգամանքը, մինչդեռ ես չեմ կարծում, որ հայցը հիմնավոր է, մենք առարկություններ ենք ներկայացրել դատարանին: Գտնում ենք, որ դատարանը պետք է գործը քննի առանց արագացված կարգով դատաքննության»,-ասաց նա:

Դատարանը, լսելով Սաֆարյանի կարծիքը, որոշեց մերժել հայցվոր կողմի միջնորդությունը: Սույն գործով հայցը մտավ դատաքննության փուլ: Առաջիկա նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 13:00-ին:

«Նշյալ կայքերում եղել են հոդվածներ եւ հրապարակումներ, որոնք պարունակել են Տիգրան Ուրիխանյանի անձի հասցեին զրպարտություն եւ վիրավորանք, այդ պատճառով էլ Տիգրան Ուրիխանյանը որոշել է դիմել դատարան: Մենք կողմնակից ենք, որ ցանկացած իրավախախտում լուծվի դատարանի եւ օրենքի միջոցով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

Հիշեցնենք մեկ այլ գործի մասին. ըստ Տիգրան Ուրիխանյանի հաղորդման` analitik.am լրատվական կայքի տնօրենը շանտաժի է ենթարկել իրեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031