Ինչպես հայտնի է՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-26-ը Հայաստան կատարելիք այցի շրջանակներում կհյուրընկալվի նաև Գյումրիում, պատարագ կմատուցի քաղաքի կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում՝ Ամենափրկիչ ու Սուրբ Աստվածածին Յոթվերք եկեղեցիների արանքում:
Գյումրիում յուրահատուկ ձեւով են նախապատրաստվում Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այցին. վերանորոգվում են այն փողոցները, որոնցով պիտի անցնի պապը, քաղաքի կենտրոնական հատվածը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի շուրջ բոլորը սալիկապատվում է, նույնիսկ մաքրվել է Ամենափրկիչ եկեղեցու տարածքը (Տես լուսանկարներում):
Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչքա՞ն է նստում Հռոմի պապի այցը Գյումրու բյուջեի վրա: «Ոչ մի ծախս Գյումրու քաղաքապետարանը չի անելու՝ կապված Հռոմի պապի այցի հետ, օրինակ՝ բեմ են սարքելու, այդ ամենը կանի Կաթոլիկ եկեղեցին, իսկ փողոցները, որոնք որ փոսանորոգվում են, մեր աշխատանքն է, մենք պիտի անենք: Վլադիմիր Պուտինը, երբ որ եկավ, օդանավակայանի ճանապարհը տրանսպորտի նախարարության ԾԻԳ-ը վերանորոգեց, հիմա ինչո՞ւ չէ Շիրակացի փողոցի մի հատվածը ես առաջարկել եմ, որ անպայման վերանորոգեն, այս քաղաքին օգուտ կլինի, մոտավորապես 1,5 կիլոմետր ճանապարհ է:
Կարդացեք նաև
Էս եկեղեցին մենք ենք մաքրելու, ավագանին 10 միլիոն հատկացրեց, որ մաքրենք, դուրս գանք, Ալեքսանդրովսկի փողոցը կսալապատենք, ծրագրում կար, իդեալական կլինի, երիտասարդական պալատը կբացենք, կունենանք ընդհանրացված փողոց: Մի հարց կմնա, թե հրապարակի էս եղեւնիներն ի՞նչ անենք: Հանրային քննարկում կկազմակերպենք՝ էս հինգ ծառը ուրիշ տեղ տեղափոխելու համար, որպեսզի ունենանք ընդհանրական հրապարակ, եթե չհամաձայնեն, չենք տեղափոխի»,-ասաց քաղաքապետը:
Սամվել Բալասանյանը շատ է ոգեւորված Հռոմի պապի այցով, նա վստահ է, որ պապը լուսավորություն, Աստծո խաղաղությունը կբերի Հայաստան, նրա բնութագրմամբ՝ պապը շատ հզոր մարդ է:
Պատարագին մասնակցությունը հրավիրատոմսերով է, մարդիկ նախապես գրանցվում են: Հայ Կաթողիկե եկեղեցին տարածել է հայտարարություն, որտեղ նշված է. «Հարգելի քաղաքացիներ, 2016թ. հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում կմատուցի Սբ.Պատարագ: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հրավիրատոմսեր ստանալու համար: Գրանցվելու համար կարող եք այցելել Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ անձնագրերով (ծննդյան վկայականներով), կամ ուղարկել ձեր տվյալները հայ կաթողիկե առաջնորդարանի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Անհրաժեշտ տվյալներն են՝ անուն ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձնագրի կամ ծննդյան վկայականի թիվ, քաղաքացիություն, բնակության վայր, հեռախոսահամար»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ