ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրիում 40-ամյա տղամարդու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 22:50-ին, «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի, աջ կեսի կողմնային պատի հրազենային վիրավորում և աջ ազդրի վերքով իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի դին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, վերցվել փորձանմուշներ։ Պարզվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով մայիսի 15-ին ձերբակալվել է և հարցաքննվել։ Վերջինիս մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ կասկածյալը մանրամասն ցուցմունք է տվել դեպքի շուրջ։
Կարդացեք նաև
Առգրավվել են կասկածյալի այն հագուստները, որոնք նա կրել է դեպքի պահին, վերցվել անհրաժեշտ փորձանմուշներ և նշանակվել են փորձաքննություններ՝ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին