Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածեք էս երկրի մասին», կամ՝ վտանգավոր խաղեր

Մայիս 16,2016 19:42

Արցախում շարունակվող պատերազմը, շարունակվող զոհերը Հայաստանի և Արցախի սահմաններին, շարունակվող անորոշությունները, հազար ու մի արդար ինչուներն ու դրանց պատասխանների անարդար բացակայությունը, տեղեկատվական աշխարհում գործելու իշխանության անճարակությունն ու հասարակության անկարողությունը, և հետևանքում՝ նյարդային ու հուզական ցնցումները շատ վտանգավոր կարող են լինել պետության ու հասարակության համար: Մանավանդ, որ ցնցումներն Արցախի ու Հայաստանի արանքում են:

Շուշիի գրավման մասին Լևոն Տեր-Պետրոսյանի անտեղյակության լեգենդն այս տարի մի քիչ ավելի թեթև մարտնչեց տգիտության դեմ: Պատերազմ էր: Գեներալներն ավելի ազնիվ գործով էին զբաղված: Գեներալներին հրահրողները խառն էին: Խարդավանքների ժամանակ, հավանաբար, չկար: Խրախճանքի էլ նոր հորիզոններ էին բացվել:

Վազգենի «սխալներից» էլ այս տարի քիչ խոսեցին: Կրկին սանձեց ապրիլյան պատերազմը: Երևի նկատեցին, որ այսօրվա հերոսներից շատերի մայրերն էին հպարտությամբ պատմում, որ իրենց տասնութամյա հերոս որդիներին ոգեշնչողը Վազգենն է եղել, որ իրենք մանկական հեքիաթների փոխարեն Վազգենի մասին են պատմել իրենց հերոս որդիներին ու, զարմանալիորեն՝ «ցուրտ ու մութ» տարիներին:

Շատերն էլ չպատմեցին իրենց հերոս զինվորների ու նրանց մանկության ոգեշնչման աղբյուրների՝ Արցախյան առաջին պատերազմը հաղթած անմահ անունների մասին: Բայց, որ այսօր հենց այդ սերունդը փակեց թշնամու առաջխաղացումը և կյանքով փակեց, այլևս փաստ է: Ուրեմն ոմանց համար, այո, ցուրտ ու մութ էին տարիները, ոմանց համար՝ ոգեշնչվելու:

Ապրիլյան համախմբումը մտածել տվեց, թե բանականությունը նաև կարող է հաղթել: Սխալվեցինք, որովհետև այսօր արդեն մեկ այլ մարտ է սկսվել՝ այս անգամ Մանվել Գրիգորյանի դեմ ու շատ վտանգավոր կերպով՝ սկսվել է Արցախի հրամանատարի կողմից, տարակուսելի հրահրմամբ: Ոչ մի կասկած չկա, որ Արցախի հրամանատարի վաստակն ու կենսագրությունը հարգանքի են արժանի, որ Արցախի հրամանատարը վաստակել է իր կենսագրությունը, բայց ինչու՞ այսպես՝ շարունակվող կենսագրությունում, ինչու՞ այս պահին, ինչու՞ այս ձևով: Մինչև ե՞րբ:

Մանվել Գրիգորյանը պարտվել է՞ պատերազմում: Հանձնել է՞ հողը: Հանձնել է՞ սահմանը: Նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են Արցախյան պատերազմին, ովքեր, առավել ևս անցել են Արցախյան պատերազմով, հաստատապես գիտեն, թե ինչ է արել Մանվել Գրիգորյանը պատերազմում, եթե չեն կորցրել խաղաղության մեջ ապրելու կերպը: Ինչ է արել 1989-ին Հադրութում, 1993-ին՝ Մարտակերտում: Գիտեն զինվորները, հրամանատարները, այս երկրի երեք նախագահները, պաշտպանության ներկա ու անցյալ նախարարները, գիտեին Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը: «1993 թվականի ձմռանը, 94-ի գարնանը մեր պատերազմի ամենածանր հարվածն իր տղերքի հետ Մանվելը վերցրեց իր վրա…Էդ ժամանակ ինքը կարող էր խելագարվել: Եվ խելագարվեց:…Մանվելը երբեք չի նայել, թե հետևում ինչ է թողնում: Գնացել է կամուրջներ այրելով, որովհետև գնացել է հայրենիքի համար…». Այսպես Մանվել Գրիգորյանին գնահատել է Վազգեն Սարգսյանը:

Պատահական չէ, որ այսօր էլ Մարտակերտն է թիրախը: Այսօր էլ ամենաշատ զոհը Մարտակերտում ենք տվել: 1993-ին էլ: Մարտակերտը միշտ եղել է ուղղակի նշանառության տակ, որովհետև Մարտակերտով են անցնում թշնամու երազանքների ճանապարհները: Մարտակերտն է խառնում Արցախյան խաղաքարտերը: Պատահական չէ, որ Հադրութն է այսօր կրկին թիրախում: Իսկ այս սահմաններին գծված սահմանները նաև Մանվել Գրիգորյանն է գծել: Նաև: Սա հաստատապես: Գնացե՞լ է Մանվել Գրիգորյանը ռազմաճակատ նաև այսօր՝ իր պատկառելի տարիքին, իր առողջական խնդիրներով: Կանգնել է՞ իր զինակցի, զինվորի կողքին: Խնդիր լուծել է՞, թեկուզ Բաքվում թեյ խմելու իր հայտարարությամբ: Լուսանկարվել, վերադարձե՞լ է, թե՝ մնացել է ճակատում, դիրքերում, առաջնագծում: Հայհոյել է ինչ-որ մեկի՞ն: Ու՞մ: Ի՞նչ հանգամանքում, ինչո՞ւ, ի՞նչ պատճառով: Իսկ ե՞րբ են պատերազմում խոսում Նոբելյան մրցանակակրի լեզվով:  Սադրանքի նման չի՞:

Խաղաղության մեջ ապրելն ավելի դժվար է, պարզվում է, քան՝ պատերազմում: Պատերազմում այլ են ապրելու և մեռնելու օրենքները, խաղաղության մեջ՝ այլ: Նրանք, ովքեր Մանվել Գրիգորյանի հետ կռիվ ունեն խաղաղության մեջ, այդ կռիվը խաղաղության մեջ պիտի տան: Այդ կռիվը տալու համարձակությունը խաղաղության մեջ պիտի ունենան: Կամքը, վճռականությունը խաղաղության մեջ պիտի ունենան: Մանվել Գրիգորյանի հետ կռիվը, հաստատապես խաղաղության մեջ է, ոչ՝ պատերազմի:

Արցախի հերոս չէ՞ Մանվել Գրիգորյանը: Գուցե ինքնակա՞մ էր ձերբակալվել խորհրդային «սպեցնազի» կողմից ու տարվել Խոջալու: Գուցե ինքնակա՞մ էր ենթարկվել կտտանքների: Մենք չենք ունեցել պետականության այն ճանապարհը, որ պատերազմներով, ճակատամարտերով կոփված գեներալներ ունենայինք, որոնք կվարեին քո պետականության պատերազմը: Մեր վերջին պատերազմը մենք վարել էինք 1941-ին, 45-ին ավարտել էինք:

Մեր պատերազմն էր, երեսպաշտություն չանենք, բայց Նելսոն Ստեփանյանը կենդանի չէր մնացել, որ Արցախյան երկնքից ռմբակոծեր Բաքուն: Բաղրամյանն էլ չկար՝ սեփական գյուղը գոնե փրկելու համար: Ովքեր կային, ովքեր զինվոր ու գեներալ էին դարձել, ովքեր ուզում էին իրենց պետականությանը ծառայել, պեղվեցին, բերվեցին, եկան ու կանգնեցին Մանվել Գրիգորյանների կողքին:

Ոչ մեկ չէր ստիպել Մանվել Գրիգորյանին ու նրա նման հազարավորներին, որ գնացին երկրի համար կռվելու ու հաղթելու, կռվելու ու մեռնելու: Ոչ մեկ ատրճանակը գլխներին չէր դրել: Ոչ մեկ ոչ մեկին չէր խանգարում գնալ ու դառնալ Մանվել Գրիգորյան ու Արցախի ու Հայաստանի համար կյանք տված հերոսներ, մահապարտներ, զինվորներ: Նաև՝ Արցախի հրամանատար Վահան Բադասյան:

Երևի մոռացել ենք, որ հազարավորները նաև փախել էին: Փախել էին երկրից, պատերազմից, հայրենիքից, սահմանամերձ գյուղից: Երևի մոռացել ենք, որ բանակը կազմավորվում էր նաև փողոցներից մարդ հավաքելով: Ճնշմամբ հավաքելով: Հետո՞ ինչ, որ նրանցից շատերն այսօր իրենցով են պայմանավորում Արցախյան հաղթանակները: Երևի մոռացել ենք, որ պեղված շատ գեներալների հետևից տասնյակ անգամ են գնացել Մոսկվաներ, որ հայրենիք բերեն: Հետո՞ ինչ, որ այսօր ասում են, թե հայրենիքի կոչով են եկել: Երևի մոռացել ենք, որ մենք աշխարհում միակն էինք, որի բանակը կազմավորվում էր պատերազմում:

Բոլոր այն մարդիկ, որոնք մասնակցել են պատերազմին, որոնք կռվել են, որոնք զոհվել են, որոնք ապրում են, բոլոր այդ մարդիկ գեներալ են, հերոս են, հրամանատար են: Գոնե այդպիսին եղել են պատերազմում: Անթույլատրելի է պեղել պատերազմական կենսագրությունները: Այդտեղ միշտ կարելի է խրամատներ գտնել, որոնք մաքուր չեն: Միշտ: Պատերազմներից հետո միշտ էլ տանում են ռազմավարը: Շատ-շատերն են տարել: Պատերազմներից հետո վերադարձողները իրենց տեղն են որոնում: Այդպես եղել է միշտ: Մնացյալը պետության խնդիրն է և ոչ՝ վերադարձողներինը: Պատերազմներից հետո միշտ էլ ոմանց մոռանում են, բայց դա էլ է պետության խնդիրը, ոչ թե մոռացվողներինը: Ի վերջո, պատերազմից հետո, մանավանդ հաղթած պատերազմից հետո չեն դատում ոչ ողջերին, ոչ՝ առավել ևս մեռածներին: Մանավանդ, կարծեմ չունենք պատերազմական հանցագործներ:

Արդյոք կարո՞ղ է հարգանք վայելել Արցախի հրամանատարի խոսքը, որ Մանվել Գրիգորյանը զենքը ձեռքին չի կռվել: Ֆեյսբուքյան երիտասարդ աղջնակների մոտ՝ այո: Լայք հավաքող բազմապիսի ագրեգատների մոտ՝ այո: Դեղին էջերի մոտ՝ այո: Սադրանքներ որոնողների մոտ՝ այո: Տանը նստած առաջնագծում կռվողների համար՝ այո: Լավ-լավ գրքեր կարդացած քաղաքագետների, վերլուծաբանների, փորձագետների համար՝ այո: Այսօրվա մեր սոցիալականցանցված հասարակության մոտ՝ այո: Ամեն օր համացանցում ցնցվողների համար՝ այո: Իրականությանը ծանոթ մարդկանց մոտ՝ ոչ:

Եթե նույնիսկ այդպես է (եթե նույնիսկ), պատերազմներում չեն հաղթում միայն զենքը ձեռքին կռվողներով: Պատերազմներում հաղթում են  զինվորներով, հրամանատարներով, ստրատեգներով, թիկունքով: Պատմության մեջ նույնիսկ ժամանակներ կային, երբ զորքի համար մարմնավաճառ կանայք էին տանում: Նրանք էլ էին հաղթանակի մաս կազմում: Պատերազմում հաղթում են բոլորով: Եթե պատերազմների բոլոր մասնակիցները գեներալ դառնային, այսօր աշխարհում միայն գեներալներ կլինեին: Պատերազմի դեմքն էլ այդպիսին է՝ ոմանք գեներալ են դառնում, ոմանք մնում են շարքային, բայց բոլորը պատերազմում զինվոր են:

Իհարկե, Մանվել Գրիգորյանի մասին ստացվեց, բայց գեներալի խնդիրն, ի վերջո, ամենափոքրն է Արցախի հրամանատարի հրահրած այս խոսք ու զրույցում: Ի վերջո, Արցախի հերոսին չեն դատելու այն սիրունատես երիտասարդները, որ մի քանի անգամ լուսանկարվել են Ղազանչեցոցի պատերի տակ կամ դեռ պատրաստվում են լուսանկարվել ու որպես առաջին քայլ ինկվիզիցիայի են ենթարկում գեներալին:

Մանվել Գրիգորյանի կրթվածությունը քեմբրիջական հիմքեր չունի, խոսքի մշակույթը՝ բրիտանական ավանդույթներ, հետպատերազմական Մանվել Գրիգորյանն էլ հասարակությանը բացատրություններ տալու բազմաթիվ պատճառներ ունի: Սրանում ոչ ոք չի կասկածում, բայց այդ խնդիրները Երևանում են, Էջմիածնում, խաղաղության մեջ և ոչ պատերազմում: Դրանք առավել վտանգավոր չեն, համենայնդեպս այս պահին, քան Արցախի հրամանատարի «բացահայտումները» երկրորդ ճակատի և այլնի մասին: Հրամանատարները քաղաքականությամբ չեն զբաղվում: Եթե զբաղվում են՝ հանում են կամուֆլյաժները:

Տարբեր առիթներով մեջբերել եմ Հրանտ Մաթևոսյան Վարպետին. «Միմյանց դեմ տարած փայլուն հաղթանակներով ասպարեզում մի ծվատված երկիր ենք թողել՝ որ մեզ որպես խորթերի է նայում և մենք էլ իրեն՝ որպես օտարի…»: Մինչև ե՞րբ պիտի մեջբերենք:

Հ.Գ. Արցախում և Հայաստանում շարունակվող պատերազմ է: Իսրայելից խոսելուց արդեն արնաքամ եղանք: Բայց՝ միայն խոսելուց: Իսրայելի ազատ ու ժողովրդավարական հասարակության ազատ ու ժողովրդավարական մեդիայում ոչ մի հրապարակում չի կարող լինել բանակի մասին՝ առանց ռազմական ցենզուրայի թույլտվության: Եվ սա չի խանգարում Իսրայելի ազատ ու ժողովրդավարական հասարակությանը: Ֆեյսբուքյան ոչ մի դեռահաս էլ սրանից համազգային խնդիր չի դարձնում Իսրայելում: Մանավանդ, որ այդ տարիքում գնում են ծառայելու:

Ամբողջ հայ հասարակությանը «նստեցրել ենք» Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքի էջին, ֆեյսբուքի էջը Հայաստանում Աստված ենք դարձրել, քաղաքագետների հետ հարցազրույցներ ենք վերցնում փողոցներում, այգիներում, պատերի տակ ու քաղաքագետները պատերի տակ դարակազմիկ վերլուծություններ են անում, բանակին ու պետությանը դասեր տալիս, կապիտուլացնում են Ադրբեջանը՝ առանց առաջնագծի զինվորների մայրերին հարցնելու: Ով չի ալարում, Արցախում հարցազրույց է վերցնում, զինվոր ու հրամանատար խոսեցնում, «պեչենի» բաժանում,  ինֆորմացիա «տալիս», հագուստ ու ռազմական տեխնիկա նվիրում, լուսանկարում ու լուսանկարվում, լուսանկարվում, լուսանկարվում: Գուցե նաև այն պատճառով, որ պետությունը «չկա», չեմ ժխտում: Վազգենն ասում էր. «Մտածեք էս երկրի մասին»: Մտածենք, նույնիսկ, եթե պետությունը «չկա», բացակա է…

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. seda says:

    Դրա մարդ-որակը պետք է վերացնել հիմնովին

  2. Մարգար Մախսուդյան says:

    == Ոչ մի կասկած չկա, որ Արցախի հրամանատարի վաստակն ու կենսագրությունը հարգանքի են արժանի, որ Արցախի հրամանատարը վաստակել է իր կենսագրությունը, բայց ինչու՞ այսպես՝ շարունակվող կենսագրությունում, ինչու՞ այս պահին, ինչու՞ այս ձևով: Մինչև ե՞րբ: ==
    ՛
    Այ հարգելի հեղինակ.
    1. Էս պատվերով ՛՛լավաշի՛՛ փոխարեն ավելի լավ կլիներ ներկայացնեիք ձեր պաշտպանյալի կենսագրությունը՝ չմոռանալով նշել ռազմավարի կազմն ու ծավալները:
    2. Կարելի էր պատասխանել նաև երկու ՛՛փոքրիկ՛՛ հարցի.
    – Հայհոյե՞լ է արդյոք ՛՛պաշտպանյալը՛՛ դիրքեր գնալու պատրաստվող զորքին, թե՝ ոչ:
    – Սպառնացե՞լ է արդյոք նրանց զենքով:
    Թե չէ՝ էս անհամ գեղարվեստը լցրել եք ՛՛Առավոտ՛՛ որ ի՞նչ անեք…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031