Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինախախտ երիտասարդը, ըստ փաստաբանի, գիտակցել է՝ պետական կարեւորության աշխատանք է անում

Մայիս 16,2016 18:21

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի թիվ 4/05 տեղամասային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանն այսօր Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդեց իր դեմ հարուցված քրեական գործով արագացված դատաքննություն  իրականացնել: Չնայած տուժող կողմի ներկայացուցիչ՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանը առարկեց մեղադրյալի միջնորդությունը՝ հիմնավորելով, որ այդ կերպ, գործի մանրամասն քննություն չի իրականացվի ու այդպես էլ չեն բացահայտվի «պատվիրատուները», բայց դատարանը որոշեց բավարարել մեղադրյալի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Սահմանադրության փոփոխությունների 06.12.2015թ. հանրաքվեի թիվ 4/05 տեղամասային հանձնաժողովի նախագահը, քվեարկության ընթացքում նկատել է, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության անունից ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով դիտորդական առաքելությունն իրականացնող Գոհար Աբրահամյանի բջջային հեռախոսով տեսաձայնագրում է քաղաքացու հայտարարությունը, մոտեցել է և վերջինիս ձեռքից խլել բջջային հեռախոսն ու նրան զրկել ընտրախախտումն արձանագրելու հնարավորությունից:

Իր վերջին խոսքում, մեղադրյալն ասաց՝ խորապես զղջում է հանուն իր գաղափարների կատարած ապօրինության համար:

Մեղադրյալի պաշտպանն էլ դատարանին խնդրեց ամենամեղմ պատիժն ընտրել՝ հաշվի առնելով դատարան ներկայացված իր պաշտպանյալի մասին դրական բնութագրերը, այն, որ նա երբեւէ դատված չի եղել, ունի բարձրագույն կրթություն, հեռանկարային երիտասարդ է, ու նրա համար մեծ հարված է ցանկացած սխալ, անօրինական արարք գործելը, մանավանդ, որ դա կապված է այլ անձանց իրավունքների սահմանափակման հետ. «Ծանր է նաեւ դատվածություն ունենալու հանգամանքը՝զուգակցելով պետք է նկատի ունենալ, որ ամբաստանյալը գիտակցել է, որ պետական կարեւորության աշխատանք է անում ու իր համոզմունքներից ելնելով՝ երիտասարդին հատուկ քայլ է կատարել»:

Տուժողի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանն էլ ռեպլիկի կարգով հակադարձեց մեղադրյալի պաշտպանին. «Որ ասում է՝ պետական կարեւորության գործ է կատարել, կասկածի տակ չենք էլ դնում, որովհետեւ պետական կարեւորության գործ են արել ու ինչ-որ մեկի պատվերն են կատարել՝ համապատասխան խախտումները կատարելով, դրա համար էլ առարկում էինք, որ արագացված դատաքննություն չանցկացվի, եւ դատաքննության ընթացքում այդ բոլոր հարցերի պատասխանը տրվի»:

Եվ ինչպես արդեն տեղեկացրել էինք, դատարանը Սերգեյ Ավագյանին ճանաչեց մեղավոր՝ նշանակելով մեկ միլիոն դրամ տուգանք:

Մանրամասներն` ավելի ուշ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031