«Մենք չենք գործում սովորական պայմաններում, մենք գործում ենք պատերազմական պայմաններում»,- Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ մինչեւ հիմա առաջընթաց չկա, որը հնարավոր կլիներ ներկայացնել հանրությանը. «Այնուամենայնիվ, հուսով եմ, որ կհաջողվի արագորեն համաձայնություն ձեռք բերել, գոնե հասցնել մի վիճակի, երբ որ մենք կարող ենք վերսկսել 4+4+4 բանակցությունները եւ հասցնել կոնսենսուսի»:
Լեւոն Զուրաբյանը անդրադարձավ նաեւ շտապողականությանը. «Եթե մարդ տուն է ընտրում, շատ ժամանակ է ծախսում դրա վրա: Մենք հիմա պետք է կառուցենք մի տուն, որտեղ պիտի տարիներ շարունակ ապրենք, այնպիսի մի վիճակ է, որ կարծես կոշիկ ենք առնում, ինչ ենք անում, արագ քննարկումներ՝շըփ-թըփ»:
Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը այսօր հայտարարել էր՝ «Եթե դուք ի սատարումն ձեր իսկ պնդումների չեք հայտարարում, որ անմիջապես օրենքի ընդունումից հետո արտահերթ նիստ կանցկացնեք, որ հնարավորություն ստեղծվի բոլոր այս հնարավորությունը քննարկելու, ուրեմն՝ մենք դադարեցնում եք մեր մասնակցությունը նաեւ ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցմանը»:
Կարդացեք նաև
Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ իր ելույթի ընթացքում ասել էր, որ կոնսենսուսի պարագայում արտահերթ նիստ կանցկացնեն:
Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այդ հայտարարության պատճառով է, որ ՀԱԿ-ը մասնակցում է քննարկմանը: Ըստ նրա, կան առաջարկություններ, մասնավորապես՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության կողմից արված, որոնք պետք է քննարկվեն:
Պատգամավորը համարում է, որ ընտրական օրենսգրքի նախագիծը չի լուծում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի հանձնարարականները: Ըստ նրա, այն նաեւ չի լուծում կոնսենսուսի միջոցով ժողովրդի վստահության վերականգնման խնդիրը. «Այս նախագիծը կառուցված է իշխող կուսակցության համար առավելություն ստեղծելու ելակետի վրա: Որեւէ խնդիր դուք այս նախագծով չեք լուծում, բացարձակապես: Եվ ամենակարեւոր խնդիրը՝ համաձայնության խնդիրն է, համաձայնություն չի լինելու, լինելու է անվստահություն այս ընտրական օրենսգրքի նկատմամբ, լինելու է խորը համոզմունք, որ էլի իշխող կուսակցությունը ցանկանում է կեղծել ընտրությունները եւ փաթաթել իր իշխանությունը ժողովրդի վզի վրա: Բնականաբար, դեմ ենք քվեարկելու այս խայտառակ օրինագծին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ