Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեր հարցին, թե Հադրութում ի՞նչ դեպք է տեղի ունեցել գեներալ Մանվելի մասնակցությամբ՝ պատասխանեց, որ իրավասու չէ մեկնաբանել դա:
Մենք ճշտեցինք՝ բայց եղե՞լ է նման դեպք՝ նա պատասխանեց. «Նախ, Արցախի տարածք, երկրորդը՝ ՊԲ զինված ուժեր, ես ի՞նչ իրավասություն ունեմ: Կապ չունի, որ ԵԿՄ է, ես պաշտպանական գերատեսչության պատասխանատու եմ, ոչ թե ԵԿՄ-ի»:
Բազմաթիվ հարցերին՝ մտահոգի՞չ է այնուամենայնիվ այդ երեւույթը եւ այլն՝ Արծրուն Հովհաննիսյանը չպատասխանեց. «Չեմ կարող պատասխանել, կներեք»:
Նա ասաց, որ եթե ՀՀ-ն է ԼՂՀ անվտանգության երաշխավորը, դա չի նշանակում, որ այստեղից ամեն մի մարտավարական խնդիր լուծվում է:
Կարդացեք նաև
Հարցին՝ բանակում տիրող կոռուպցիայի հետ կապված ի՞նչ պատասխանատվության ենթարկվեցին՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ բանակում տիրող կոռուպցիա արտահայտության հետ համաձայն չէ. «Բանակում եղած որոշակի կոռուպցիոն դեպքերի հետ կապված լայնամասշտաբ քայլեր են ձեռնարկվում՝ սկսած ռազմավարական պլանավորման փաստաթղթերում արձանագրված նորմերից մինչեւ իսկ իրավապահ մարմինների կողմից ստուգումներ, ձերբակալություններ, պատիժներ, որոնք տասնյակներով են եղել այս տարիների ընթացքում»:
Երբ լրագրողները հորդորեցին կոնկրետ դեպքերով ասել, թե որ դեպքում ով է պատժվել՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դիմենք իրավապահներին, որոնց տիրույթում է այդ հարցը:
Երբ լրագրողները խնդրեցին մեկնաբանել մահացած զինծառայողի հոր խոսքերը, որ դիզվառելիք են գողանում՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ես այդ դեպքը շատ լավ հիշում եմ: Քանի որ կա գործ, չավարտված վարույթ, ես իրավասու չեմ մեկնաբանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ