ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 16-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Խավիեր Նարտի հետ:
Ողջունելով հյուրին՝ տիկին Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից եւ հավելել, որ ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ մեր երկիրը հաստատակամ է հարաբերությունների խորացման եւ ընդլայնման հարցում:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը կավարտվի հնարավորինս արագ: Նա նշել է, որ արդեն քննարկումներ են տեղի ունեցել ապագա համաձայնագրի քաղաքական եւ ոլորտային համագործակցության շուրջ եւ վստահություն հայտնել, որ նախորդ բանակցությունների ժամանակ ձեռք բերված արդյունքը կօգտագործվի նոր համաձայնագրի քննարկումների ընթացքում:
Հերմինե Նաղդալյանը կարեւորել է խորհրդարանների դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ խորհրդարանական ձեւաչափն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս ազատ ու անկաշկանդ քննարկումներ ծավալել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորել է համագործակցությունը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Նա կարծիք է հայտնել, որ համագործակցության այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում քննարկելու տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Տիկին Նաղդալյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակին, ապրիլի սկզբին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին: Նա ընդգծել է, որ այդ օրերի ընթացքում Ադրբեջանը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի եւ Ժնեւի կոնվենցիայի դրույթներ. Ադրբեջանի կողմից հանձնած 18 հայ զինծառայողների դիակները եղել են խոշտանգված եւ անարգված: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ այդ վայրագությունները կատարվել են ԴԱԻՇ-ին բնորոշ ձեռագրով, ինչն ապացուցում է այն տեղեկությունները, որ ադրբեջանական զինված ուժերում վարձկաններ կան Իրաքից եւ Սիրիայից: Նշվել է, որ Հայաստանը ձեռնամուխ է եղել այդ հանցագործություններին միջազգայնորեն ընդունված իրավական գնահատական տալուն եւ միջազգային իրավական նորմերի շրջանակում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործընթացին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ 101 տարի անց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը եւ ցեղասպանության դատապարտումն առավել քան արդիական է, քանի որ մեր օրերում եւս առկա է ցեղասպանությունների կրկնության վտանգը: Նա ընդգծել է, որ այս բոլոր դրսեւորումները Ցեղասպանությունը չճանաչելու եւ համապատասխան գնահատական չտալու հետեւանքն են:
«Միջազգային հանրության կողմից մենք ակնկալում ենք նման գործողությունների հասցեական խիստ դատապարտում եւ կոչ ենք անում զսպել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մարդասպան քաղաքականությունը եւ սատար լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքի իրավունքին եւ անվտանգությանը՝ դրանով իսկ նպաստելով հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելուն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասել է տիկին Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը ղարաբաղյան համակամարտության պատմությունն ավելի լավ պատկերացնելու համար պարոն Նարտին առաջարկել է այցելել ԼՂՀ:
Հանդիպման ընթացքում Խավիեր Նարտն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի անկախությանն ու անաչառությանը, տարածաշրջանային խնդիրներին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Հյուրը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը:
ՀՀ ԱԺ