Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը արտաքին քաղաքականության համար որեւէ պատասխանատվություն չի կրել». Զուրաբյանը՝ Բագրատյանի մասին

Մայիս 16,2016 16:23

Սոցցանցերում Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած Արցախի հանրապետությունը ճանաչելու նախագծի քննարկումներում ասվում է, որ ԱԺ-ում վախկոտներ են նստած, անհիմն բացատրություններով չեն գնում ճանաչմանը, սպասում են ՌԴ-ի թույլտվությանը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Հիմա ի՞նչ անեմ, փորձեմ ապացուցել մեր խիզախությո՞ւնը: Այսինքն, եթե մենք 88-ից սկսած չենք վախեցել մտնել էդ շարժման մեջ, էդ կռիվների մեջ, եթե չենք վախեցել 91-94-ը ծանրագույն պատերազմ տանել մի հակառակորդի դեմ, որը 3 անգամ գերազանցել է մեզ մարդկային ռեսուրսներով, 2 անգամ՝ տնտեսական ռեսուրսներով, իսկ զինամթերքի առումով պահեր են եղել, երբ 50 անգամ են մեզնից ավելի ուժեղ եղել, եւ մենք մտել ենք էդ պատերազմի մեջ: Դա հերիք չի՞, որ մենք չենք վախեցել»:

Մեր դիտարկմանը՝ դա պարտադրված է եղել, այլ ելք չունեինք, պիտի պատերազմեինք՝ նա պատասխանեց. «Իսկ հիմա պարտադրված չի՞, մե՞նք ենք ընտրում դա: Այդ մարդիկ ուզում են ոչնչացնել ԼՂՀ բնակչությանը, մենք էլ ամեն ինչ անում ենք, որ ԼՂՀ ժողովուրդը ոչ միայն չոչնչացվի, այլեւ լիարժեք օգտվի իր բուն իրավունքներից՝ անվտանգ ապրելու, դեմոկրատական ազատություններից օգտվելու: Մեր ուզածը դա է: Մեզ պարտադրել են պատերազմ, որովհետեւ Ադրբեջանն այդ նույն իրավունքները չի ուզում ընդունել»:

Նախագծի հեղինակներն ասում են, որ միջազգային հանրությանը որ սպասեք՝ երբեք չեն ընդունելու ԼՂՀ անկախությունը: Հրանտ Բագրատյանն ասաց, որ սրանից լավ պահ երբեք չի լինելու, չեն ընդունելու ոչ մեկը, միեւնույն է՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Եվ ձեր առաջին ասած քննադատները, եւ օրինագծի այդ հեղինակներն ինձ համար միջազգային հարաբերությունների եւ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում չասեմ հեղինակություն չեն, առնվազն համոզիչ չեն: Իմ կարծիքով, կան էդ գործից շատ ավելի լավ հասկացող մարդիկ, որոնք ավելի լավ են հասկանում միջազգային հարաբերությունները»:

Մենք ճշտեցինք՝ հեղինակություն չէ՞ Հրանտ Բագրատյանը, որը վարչապետ է եղել՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ինքը արտաքին քաղաքականության համար որեւէ պատասխանատվություն չի կրել, եթե դա կապված չի եղել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հարցերի հետ: ՀՀ-ում արտաքին քաղաքականությունը վարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, լրիվ պահել է իր վերահսկողության տակ: Երբ որ պետք է եղել, նա արել է քայլեր, որը շատ քիչ ղեկավարներ են ընդհանրապես արել: Օրինակ՝ Լիսաբոնի վետոն, երբ մենակ դուրս եկավ 54 երկրի դեմ: Նույն ծանր որոշումներն ընդունվել են նաեւ 92-ին, 93-ին, 94-ին, երբ ռազմաճակատում որոշվում էր Ղարաբաղի խնդիրը: Իմացեք, ամպագոռգոռ բաներ անել, միակողմանի քայլեր անել, մարտահրավերներ նետել միջազգային հանրությանը, դա թույլերի կեցվածք է, ուժեղի կեցվածքն այլ է: Իր գործն անում է, բայց այնպես, որ այդ գործն ունենա դիվանագիտական ադեկվատ ապահովում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031