«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ազգի արմատներն առողջ են, իսկ ազգի գլուխը բանի պետք չէ, շպրտելու բան է: Իրական ազգային վերնախավ չձեւավորվեց, իսկ անխելք գլուխն ազգի համար պարբերաբար ողբերգություններ է բերում: Եթե այս վիճակը շարունակվի, մեր էլիտան ողբերգություն է մեզ բերելու»,-կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Ապրիլյան դեպքերից հետո շատացել են «ճոռոմ-ճոռոմ», վեհ-վեհ մտքերը, ելույթները: Մի գաղտնիք բացեմ` որպես կանոն, քառօրյա պատերազմից հետո «ճոռոմ-ճոռոմ» խոսացողները, ազգի համար «դոշ» տվողները մի կողմից կամ կերակրատաշտի մոտ կանգնած թալանչիներն են, կամ մեկ այլ կերակրատաշտի մոտ կանգնած գրանտալափերը: Վերջիններս արդեն խոսում են ազգի, բանակի, ժողովրդի մասին, իսկ մինչ այդ ասում էին, որ թուրքերի հետ պետք է ընկերություն անել, այսօրվա թուրքը փոխվել է: Իսկ թալանչիների մոտ ավելի շատ ընդգծված ազգային հռետորաբանություն է, զուգահեռ ասում են` պատերազմական վիճակ է եւ պետք չէ մտածել կուլակաթափության մասին: Այս ամենը որքան ճռճռան է ներկայացվում, ուրեմն նույնքան ֆինանսական շահ կա: Ոչ մի անկեղծ մտագոհություն մի փնտրեք»,-մայիսի 16-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Մեսրոբյանը:
Նրա կարծիքով` ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների` Վիեննայում նախանշված հանդիպումը ոչ մի բան չի փոխելու. «Գուցե շեշտադրումները փոխվեն, բայց շարունակելու ենք քամվել սահմանին` տալով մեկ-երկու զոհ` ամեն օր: Սա նշանակում է քամվել: Երկու կողմն էլ` ՀՀ-ն եւ Ադրբեջանը, կփորձեն ֆորմալ կերպով որոշակիորեն մատնանշել, որ լսում են միջազգային հանրությանը, որը ոչ լեզու ունի, որ էլ ելույթ ունենալու իրավունք: Ցանկացած պահի պատրաստ եղեք քառօրյա պատերազմի կրկնությանը, մեր ուղղաթիռի խոցումը նախաազդակ էր, որ լարվելու է իրավիճակը, իսկ մեր էլիտան ինչո՞վ էր զբաղված»:
Բանախոսը նաեւ համոզմունք հայտնեց, որ «եթե Նժդեհը քառօրյա պատերազմից հետո տեսներ բանակի եւ ազգի ոգեւորությունն ու միասնությունը, կհասկանար, որ իզուր չի ապրել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ