«Ֆորմալ, եթե հետեւեինք Ազգային ժողովի կանոնակարգ օրենքին, ապա առաջարկությունները պետք է ներկայացվեին մինչեւ մայիսի 6-ը ներառյալ»,- մայիսի 16-ին Ազգային ժողովում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց պատգամավորների այն հարցին, թե ինչու ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներառված չեն փաթեթում:
Նա նշեց, որ պատգամավորների մի մասը ուշացումով ներկայացրել է իր առաջարկությունները, եւ նախքան ուրբաթ ստացված բոլոր առաջարկությունները դարձել են քննարկման առարկա. «Ցավոք սրտի, առաջարկությունների մի զգալի մասը հանձնվել է շաբաթ օրը: Եվ այո՛, որեւէ հնարավորություն քննարկելու եւ փոփոխություններ կատարելու շաբաթ օրը ստացված առաջարկությունները, այլեւս հնարավոր չէր»:
Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ կողմնակից է, որ լինի ավելի լուրջ կոնսոլիդացիա. «Չեմ համարում, որ ներկայացնելով երկրորդ ընթերցմամբ այս փաթեթը, նաեւ երրորդ ընթերցմամբ, դա ամենեւին չի բացառում աշխատանքի շարունակումը: Եվ եթե մեզ հաջողվեց գալ կոնսենսուսի, հիմա ուղղակի պաշտոնապես հայտարարում եմ, կոնսենսուսի պարագայում մենք կնախաձեռնենք արտահերթ նստաշրջան եւ կներկայացնենք այն առաջարկությունները, որոնց վերաբերյալ պայմանավորվածության ենք եկել: Ավելին՝ իմ կողմից երաշխավորում եմ ձեզ, որ բոլոր այն առաջարկները, որոնք ստացել ենք շաբաթ օրը, դրանց եւս անդրադարձ կկատարվի, եթե մենք նախաձեռնենք այս արտահերթ նստաշրջանը»:
Նա հավելեց, որ խնդրել է, որպեսզի խորհրդարանը նախատեսի 24 ժամյա ռեժիմ մինչեւ 3-րդ ընթերցումը: Սակայն, եթե պարզ դառնա, որ արտահերթ նստաշրջան են նախաձեռնելու մինչեւ հունիսի 1-ը, ամենայն հավանականությամբ Դավիթ Հարությունյանը կխնդրի, որ երրորդ ընթերցումը ներկայացվի արտահերթ նիստի ժամանակ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ