Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ակտիվին «հավաքած»` թողնի-գնա, ի՞նչ ենք անելու». Հրանուշ Խառատյան

Մայիս 16,2016 15:16

«Ապրիլյան պատերազմի ժամանակ եւ դրանցից հետո համատարած «համազգեստայնացում» է նկատվում. բոլորի համար պատվաբեր է դարձել զինվորական համազգեստը, ինչը հասկանալի է, սակայն սա մեծ խնդրի ածանցյալն է: Ամեն տեղ այս մասին են խոսում, նաեւ այն մասին, որ կարելի է աղջիկներին էլ տանել բանակ, վերացնել տարկետումը: Այս ամենը հասկանալի է, բայց հարցի պատասխանը փնտրում ենք ոչ այնտեղ, որտեղ պետք է: Կարեւոր է անվտանգության ոչ թե ռազմական, այլ քաղաքական բաղադրիչը»,- մայիսի 16-ին «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» կազմակերպած «Պատասխանատվություն» թեմայով ֆորումի ընթացքում ասաց «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:

Ըստ նրա` բանակը չի կարող լինել մեր անվտանգության գլխավոր երաշխիքը, այն կարող է լինել երաշխիքներից մեկը, բայց ոչ միակը. «Ապրիլի երկուսից ասում եմ` շփման գծում նման դեպքերը զարգացել են մի պատճառով` դրանք պետք է զարգանային քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում, բայց չեն զարգացել»:

Դառնալով զինվորական հագուստ կրելուն` Բաղդասարյանն ասաց. «Զինվորական հագուստն ազդում է բառապաշարի եւ մտածողության վրա: Զարմանում եմ, որ հրադադարից օրեր անց ԼՂՀ ղեկավարները ռազմական հագուստով էին ներկայանում հանդիպումներին: Հասկացանք, որ դա հարիր է ներկա իրավիճակին, բայց պարզվեց, որ քաղաքական հագուստով ասելիք չունենք: Զինվորական հագուստով ասելիքը հրաշալի ասաց մեր զինվորը, իսկ քաղաքական հագուստով մենք ասելիք չունենք:

ԼՂՀ նախագահն ասաց, որ խեղված ձեւաչափն ավելի լավ է, քան պատերազմը: Սա քաղաքական հայտարարություն չէ, գուցե խեղված ձեւաչա՞փն է պատերազմի պատճառը: Նաեւ ԼՂՀ արտգործնախարարն ասաց, որ ըմբռնումով են մոտենում այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ի սեր Աստծո, ամեն ինչ ասեք, բայց միայն ոչ դա: Չեմ ասում` ռուսների հերն անիծեք, բայց տղամարդու պես պարզ ասեք` չենք ընդունում այդ հանգամանքը, որովհետեւ ռազմական գործողությունների պատճառներից մեկն էլ Ռուսաստանն է»:

Քննարկմանը ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ էլ` ապրիլյան պատերազմը հասկացրեց, որ հնարավոր է` ՀՀ-ն տանուլ տա պատերազմը, անկախությունը, ձեռքբերումները, որոնք, ազգագրագետի բնորոշմամբ, ինքնին արդեն վիճարկելի են. «Մենք պատերազմի միջոցով կարողացել ենք ժամանակին դիմակայել եւ ձեռք բերել Արցախի ժողովրդի գոյության իրավունքն իր հայրենիքում: Մնացած ձեռքբերումները վիճարկելի են: Մեր թիվ մեկ կորուստը մեր ոչ իրավական լինելն է, մենք ձեռք ենք բերել ոչ իրավական երկիր: Եթե դատարանում չենք կարող գույքը հետ բերել, օրենքի շրջանակում պաշտպանել մեր քաղաքացիական եւ տնտեսական իրավունքները, ուրեմն լուրջ կորուստ ունենք»:

Անդրադառնալով Վիեննայում նախանշված ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը` Հրանուշ Խառատյանն ասաց, որ հայտնի չէ, թե ինչ ձեւաչափով է տեղի ունենալու հանդիպումը եւ ինչի՞ շուրջ են ծավալվելու քննարկումները. «Մենք չգիտենք նաեւ հայկական կողմի դիրքորոշումը ենթադրելի առաջարկների շուրջ: Մենք չգիտենք` ո՞րն է ՀՀ դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում: Եթե վաղը Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ակտիվին հավաքած` թողնի-գնա, ի՞նչ ենք անելու…»:

Տիկին Խառատյանն իշխանություններին կոչ արեց զերծ մնալ Կառավարության` հանրային միասնությունը սասանող որոշումներից, մասնավորապես` հակակոռուպցիոն քննարկումներից. «Հայաստանը շրջափակված է, իսկ Ադրբեջանն իր համար ֆռֆռում է: Չեմ ասում, որ Ռուսաստանն ամենավատ դաշնակիցն է, բայց Ռուսաստանն իր խնդիրներն է լուծում, իսկ Թուրքիան նաեւ Ադրբեջանի խնդիրներն է լուծում»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031