ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ազգային ժողովում մայիսի 16-ին հայտարարեց, որ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի նախագծերի փաթեթները քննարկել հատուկ ընթացակարգով: Առաջարկվում է այդ նախագծերի քննարկումն անցկացնել երկրորդ ընթերցման ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց, թե պատգամավորները ինչպե՞ս են կարողանալու 24-ժամյա ռեժիմով քննարկել այդ քանակությամբ աշխատանքը. «Ես ուղղակի խնդրում եմ՝ ցույց տվեք ճանապարհները՝ արդյոք տեղի՞ն է, որ մենք 1 քառօրյայի ընթացքում ընտրական օրենսգիրքը «հորով-մորով անենք» ու վերջ»:
Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ չի կարծում, որ կարճատեւ ռեժիմ է: Նա ընդգծեց, որ պետք է նկատի ունենալ, որ օրինագիծը ներկայացրել է կառավարությունը. «Մենք, եթե փորձենք էլ դա հետաձգելու պայմաններ ստեղծել, կարծում եմ՝ մենք լիազորված չենք»:
Կարդացեք նաև
Մհեր Շահգելդյանը եւս հայտարարեց, որ անհնար է 24 ժամյա ռեժիմով աշխատել ընտրական օրենսգրքի վրա. «Փաթեթը, որ եկել է մեծ ծավալ ունի եւ երկրորդ խնդիրը՝ երբ որ բերվում էր ընտրական օրենսգիրքը, խոսքը վերաբերվում էր առաջինից երկրորդ ընթերցմանը, այնուհետեւ աշխատանքի վերաբերյալ առաջարկությունների քննարկմանը: Այս ռեժիմը ի սկզբանե բացառում է աշխատանքը, հնարավորությունները քննարկել առաջարկությունները, քննարկել մոտեցումները: Եվ սա իմ կարծիքով՝ անընդունելի է, եթե խոսքը վերաբերվում է ընդհանրապես ցանկացած օրենսգրքի: Իսկ ընտրական օրենսգրքի վերաբերյալ չի կարելի այսպիսի մոտեցումով աշխատել»:
Հատուկ ընթացակարգն ընդունվեց՝ 88 կողմ, 19 դեմ, 4 ձեռնպահ ձայներով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ