Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախը ճանաչելու մասին նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում (Տեսանյութ)

Մայիս 16,2016 14:19

Ազգային ժողովում մայիսի 16-ին քվեարկության դրվեց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ հարցը բավականին նուրբ եւ զգային է, եւ դրված չէ հայրենասիրության մրցավազքի խնդիրը. «Վստահ եմ՝ հանրությունը շատ լավ հասկանում է հարցի գինը: Մենք վստահ լինենք, որ այսօր դե յուրե ճանաչելով Արցախը, դրան հետեւելու է միջազգային ճանաչումը, դա մեկ րոպեի խնդիր է, եթե վստահ լինենք, որ ճանաչելով մենք չենք վտանգելու սահմանին կանգնած զինվորին եւ չենք հրահրելու արդեն լայնամասշտաբ դե յուրե պատերազմական գործողություններ, եկեք այդ քայլն անենք: Բայց նման քայլ անելուց առաջ մենք պետք է առաջնորդվենք այս պահին առաջինը՝ մի վնասիր տարբերակով: «Բարգավաճ Հայաստանը» այս քվեարկությանը չի մասնակցելու»:

Քվեարկությանը չմասնակցեցին նաեւ «Օրինաց երկիր», ՀԱԿ խմբակցությունները: Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին, բայց համարում է, որ այս պահին նախագիծը չպետք է քվեարկության դրվի: Նա խնդրեց նախագծի հեղինակներին հանել այն քվեարկությունից: Այս առաջարկությանը միացավ նաեւ Խաչատուր Քոքոբելյանը:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք միշտ կողմ են քվեարկել՝ հստակ հայտարարելով, որ իրենք չեն կարող դեմ լինել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը. «Բայց նաեւ հասկանում ենք, որ դա պետք է կատարվի միասնական, միակողմանի չի կարող դա լինել, պետք է այսօր բանակցողները հստակ ասեն, թե երբ է դա կատարելու պահը: Սա մեր զինանոցում մենք պետք է ունենանք»:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրավիճակը իրապես փոխված է, եւ պատերազմական գործողությունները չեն կանխվելու Արցախը ճանաչելով կամ չճանաչելով: Ըստ նրա, գործողությունները կկանխվեին, եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը. «Այս պահին դրված է Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը, դրա գինը արցախապատկան հողատարածքների հանձնումն է: Հետեւաբար՝ պետք է ճանաչենք եւ պաշտպանենք Արցախը»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց ձեռնպահ մնալ. «Երբ որ գա պատեհ պահը, ես առավել քան համոզված եմ, որ այս խնդիրը պետք է դրվի քննարկման: Եվ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ նաեւ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա մեր օրակարգային առաջին հարցերից մեկն է, բայց պահը պատեհ չէ, եւ ես կհորդորեմ մեր այդ վաղեմի նպատակը վտանգի տակ չդնել: Այդ իսկ պատճառով Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի քվեարկությանը»:

Քվեարկություն կատարվեց, որոշումը չընդունվեց՝ 12 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031