Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած նախագիծը՝ ճանաչելու Արցախի հանրապետությունը:
Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ այս պահին ունենք բռնազավթում, որը «թույլ է տվել այս ապաշնորհ իշխանությունը: Այսօր ունենք գյուղեր, որ ենթարկվել են թուրքական պետության կողմից ագրեսիայի՝ ռուսական զենքով: Այս գյուղերը այսօր տեղահանված են: Մենք ունենք հողեր, որոնք չենք կարողացել պաշտպանել, կանխել ենք աղետը, բայց մեր երեխաներն են կանխել դա՝ 80-ականների զենքերով եւ սա անլրջության հետեւանք է, որ մենք չունեք ժամանակակից զենք, որով պաշտպանվենք: Այս անլրջությունն է բերել Ադրբեջանի ագրեսիային: Եթե ժամանակին համապատասխան զենք ունենայինք, Ադրբեջանը այդ ագրեսիայի համարձակությունը չէր ունենա: Եթե ազգային շահերից բխող քաղաքականություն ունենայինք, ՀԱՊԿ-ին չէինք անդամակցի: Մենք ասում ենք, որ ուզում ենք փոխվի իրավիճակը՝ ճանաչելով Արցախի հանրապետությունը: Թույլ տանք, որ բանակցեն Արցախի ղեկավարությունը: Ոչ թե Մոսկվայից հրավիրեն մի պաշտոնյայի, սա մեր սուվերենության բացակայության մասին է խոսում: Որոշումը պետք է կայացվեր Ղարաբաղի եւ ՀՀ-ի կողմից, ոչ թե գլխավոր շտաբի պետին կանչեին, ասեինք՝ դե իրան էին կանչել, ինքն էլ մեկնեց»:
Ըստ նրա, այսպիսի իրավիճակում երբեք Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի եւ ՌԴ հովանավորությունը, այսպես չի ճանաչվելու Արցախի անկախությունը. «Ադրբեջանը պետք է վերանա քաղաքական քարտեզից, որ մենք ապրենք մեր տարածքում անվտանգ: Իսկ դրա լուծումն այն է, որ ճանաչենք Արցախի հանրապետությունը, այլ տարբերակ մեզ չեն թողել: Եթե չեք ճանաչում, ասում եք՝ լայնածավալ պատերազմական գործողություններ տեղի կունենան, հիմա էլ է լայնածավալ պատերազմ, որը փակում են մեր 20-ամյա երիտասարդները: Մենք պատերազմի մեջ ենք: Պետք է ճանաչենք: Ասում եք՝ ուժեղացնում ենք Սերժ Սարգսյանին, ՀՀ պաշտոնական դիրքերը: Լավրովը հայտարարեց՝ առանց մեր թույլտվության դուք չպետք է ճանաչեք, 2 ժամ հետո կառավարությունից արձագանքեցին, թե մենք դրան չենք հավանություն տվել, հավանություն ենք տվել եզրակացությանը, չգիտեմ ինչին: Հենց Լավրովն ասաց՝ չպետք է ճանաչեք, սկսեցին հայտարարել, որ չենք ճանաչելու: Հերի՛ք է, պետք է որոշում կայացնեն ՀՀ եւ ԼՂՀ մայրաքաղաքները, ոչ թե այլ մայրաքաղաքները մեր տեղը որոշում պետք է կայացնեն»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը շատ բուռն արձագանքեց, երբ իր ելույթից հետո հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հորդորեց զուսպ արտահայտվել: Մինչ այդ ՀՀԿ-ական մյուս պատգամավորներն էլ էին հորդորել հետեւել բառապաշարին: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Հերիք է, ես դպրոցում չեմ, ձեր աշակերտը չեմ, դուք էլ իմ ուսուցիչը չեք, հերիք է ինձ հորդորներ անեք»:
Արտակ Զաքարյանն էլ ասաց՝ շոու չէ սա, ձեզ յուրաքանչյուրին քննադատելու առաջ բարոյական հաշվետվություն տվեք: Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց. «Շոու բիզնեսի ներկայացուցիչը դուք եք, շոու բիզնեսի էլ, մյուս բիզնեսների էլ: Հերիք եղավ արդեն, Ձեր բիզնեսներն են օֆշորներում, իմը չեն: Ինձ դասեր մի՛ տվեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ