«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով` այսօր Վիեննայում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդյունք չի տա:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պապյանը նկատեց, թե հանդիպման գնալն արդեն իսկ զիջում էր. «Ամենայն հավանականությամբ, Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա, բայց արդյունք չեմ կարծում՝ լինի։ Ասեմ նաև, որ մեծ զիջում է այդ հանդիպմանը գնալը»:
Արա Պապյանը շեշտեց, որ ՀՀ-ն հանդիպման գնում է նախապայմանով, որ սահմանի երկայնքով տեղադրվեն հսկող սարքեր, ինչին, ենթադրվում է, որ Ադրբեջանը դեմ է լինելու:
Արա Պապյանի համոզմամբ` Ղարաբաղի հարցն Ադրբեջանի համար զուտ պատրվակ է, հակառակ դեպքում Մադրիդյան սկզբունքներն ամենաձեռնտուն էին Ադրբեջանի համար:
Կարդացեք նաև
Քաղաքագետը խնդրի լուծման հետևյալ բանաձևն է առաջարկում. «Կամ մենք ենք ոչնչացնում Ադրբեջանին, կամ ինքը մեզ։ Տվեք ամբողջ Ղարաբաղն Ադրբեջանին, նա էլի չի հանգստանա և կուզի Զանգեզուրը»:
Ըստ Արա Պապյանի` իրավիճակից ելքեր գտնելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված է նաև երկրի ներսում փոփոխություններ կատարել, բայց ոչ միայն գեներալներին աշխատանքից ազատելը. «Ցանկացած պարտություն Ղարաբաղի ճակատում վերջ է ոչ միայն Սերժ Սարգսյանի անձնական իշխանության, այլև շատ ուրիշ բաների։ Պարտված բանակը եթե նահանջեց` ինքը չի կանգնելու մյուս գծի վրա։ Նրա առնվազն մի մասը գալու է Բաղրամյան 26»:
Դառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի հետագա զարգացումներին` պարոն Պապյանը կանխատեսեց, որ լարվածությունը կշարունակվի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ