Լեռնային Ղարաբաղի հակամարտության քարոզչական շրջանակներում հաջողությունների հասնելու համար Ադրբեջանը գործի է դրել ձիերին։ Մեծ Բրիտանիայում ադրբեջանական ձիերի արկածների մասին գրում է Horseandhound.co.uk կայքը։
Բանն այն է, որ 2016թ. մայիսի 12-15-ը Մեծ Բրիտանիայում անցկացվել է Royal Windsor Horse Show ամենամյա ցուցադրությունը, որի ընթացքում սովորաբար ցուցադրվում են շուրջ 3500 ցեղատեսակի ձիեր։ Օգտվելով այս առիթից՝ Ադրբեջանը, որոշել է ձիեր ուղարկել Մեծ Բրիտանիա, որպեսզի դրանք ևս մասնակցեն ցուցադրությունը։ Այս մտադրությունն իրականացնելու համար Ադրբեջանից ուղարկված ձիերը, շուրջ երկու ամսվա ընթացքում, տեղափոխվել են Մեծ Բրիտանիա, որպեսզի ներկայացվեն ցուցադրությանն ու թագուհու դատին։
Հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանից Մեծ Բրիտանիա ուղարկված ձիերի ցեղատեսակը կոչվում է «Ղարաբաղյան հովատակ»։ Վերջիվերջո ադրբեջանցիներին հաջողվել է իրականացնել այս նախաձեռնությունն ու «Ղարաբաղյան հովատակ» ձիերը հայտնվել են Մեծ Բրիտանիայում։ Այս մասին խոսել է նաև ադրբեջանցիների եվրոպական համայնքի տնօրեն Լիոնել Զետտերը. «Մենք պատիվ ունենք այսպիսի հնարավորության՝ Նորին մեծությանը ներկայացնել այս ձիերին։ Սա մեծ հնարավորություն է ցույց տալ բրիտանական հասարակությանը մեր ազգային կենդանիներին՝ Ղարաբաղյան հովատակին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանում այժմ առկա է այդ ցեղատեսակի շուրջ 2000 ձի, որոնցից 15-ը տեղափոխվել են Բրիտանիա՝ ցուցադրության համար։ Նշվում է, որ այս ցեղատեսակը լուրջ վնաս է կրել 1990-ականներին՝ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով։ 2007թ. ադրբեջանական կառավարությունը որոշում է կայացրել նպաստել այս ցեղատեսակի բազմացմանը։