Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 13-14-ն անցկացվել է ծրագրավորման և նախագծման ArmBigData մրցույթ-հեքեթոնը, որն այս տարի նվիրված էր տվյալների վերլուծության կառավարման գիտությանը։
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ՙԵրևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Իր ելույթում կարևորելով նախաձեռնությունը՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ծրագրի ընթացքում առաջարկված լուծումները հետաքրքրական կլինեն նաև ներդրումային դաշտի համար։
ՙԲարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը միանշանակ գրավիչ է ինչպես տեղական, այնպես էլ արտերկրյա ներդրողների համար։ Կարծում եմ՝ այն լուծումները, որոնք առաջարկվել են, առավել մանրամասն կուսումնասիրվեն առաջիկայում և դրանցից մի քանիսը հնարավոր կլինի կյանքի կոչել հենց ներդրումային ծրագրերի միջոցով։ Առհասարակ նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են նաև գործարար միջավայրի բարելավման, մայրաքաղաքի զարգացման ծրագրերի տեսանկյունիցե, – նշել է Տիգրան Սարգսյանը։
ArmBigData մրցույթ-հեքեթոնին հայաստանյան և արտերկից ժամանած մասնագետներից կազմված ժյուրիի կազմում էր նաև ՙԵրևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։
ՙՄենք պարբերաբար ուսումնասիրում և փորձում ենք գտնել նոր լուծումներ Երևանի ու մեր համաքաղաքացիների համար կարևորագույն խնդիրների շուրջ։ Հենց սրանով է պայմանավորված ու կարևորված Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը ժյուրիի կազմում։ Հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում տուրիզմի զարգացման, տրանսպորտի ցանցի բարելավման և մի շարք ուղղություններով ներդրվել են էլեկտրոնային տարբեր ծրագրեր, որոնց արդյունքը բնակիչները զգացել են անձամբ։ Այսպիսի հեքեթոնը լավ հնարավորություն է ինչպես ՏՏ ոլորտի խթանման, նոր հնարավորությունների ստեղծման, այնպես էլ կառավարման ոլորտում նորարարությունների ներդրման համարե,-նշել է Սարգիս Մանուկյանը։
Հեքեթոնի մասնակիցներին մրցույթի շրջանակում առաջադրվել էր մասնավորապես մայրաքաղաքում ազատ կայանատեղիների որոնման, տրանսպորտային հոսքերի կուտակումների կարգավորման, ինչպես նաև քաղաքային լուսավորության, աղբահանության և մի քանի այլ ոլորտների շուրջ խնդիրներ։
Արդյունքների ամփոփումից հետո առաջին 5 տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են։ Գնահատման հիմնական սկզբունքներն էին նորարարությունը, տեխնոլոգիաների օգտագործումն ու լուծման ազդեցությունը։
Երևանի քաղաքապետարան