Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես շարքայինը դարձավ սպա (Տեսանյութ)

Մայիս 16,2016 16:00

Հերոս զինվորի մայր. «Պալատներ չունեմ,
բայց էնպիսի հարստություն ունեմ, որ պալատ ունեցողը չունի»

«Ամուսինս որ եկավ, ծննդականը բացեցի` տեսա անունը դրել ա Մասիս, մի տեսակ եղա: Ասում եմ` մեղք ա էդ երեխան: Ասեց՝ ես նպատակով եմ Մասիս դրել: Մեծ նպատակ ունեմ… Անցած տարի Նոր տարուն ընկերներով նստած էին, Մասիսը հորն ասում ա` պապ ջան, մենք Մասիս սարի վրա աչքալուսանք ենք խմելու»,- տիկին Սուսաննան հիմա արդեն ավելի հանգիստ է, նույնիսկ իրեն կարող է թույլ տալ հիշողությունների գիրկն ընկնել ու հիշել այսօր հերոս դարձած որդու` Մասիսի ծնունդը, առաջին ճիչը, ազատամարտիկ ամուսնու` Մելիքի «դրած» նպատակը: Ամուսնու մարտական պարգեւներն է ներկայացնում, հիշում է, որ երեխաները փոքր էին 1991-92 թվականներին, թողեց իրենց ու ռազմաճակատ մեկնեց: Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Մասիս Մելիքի Մուրադյանը մեկն է այն հինգ հերոս տղաներից, որոնք ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու, վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով էին աչքի ընկել: Այդ տղաները փոխարինելով զոհված կամ վիրավոր հրամանատարին՝ տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել են մարտական գործողությունների ընթացքը: Նման հինգ ժամկետային զինծառայողների` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին եւ Արթուր Գրիգորի Աղասյանին, շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ:

Masis_2

Մասիսը աչքի է ընկել դեռ դպրոցում:

«Մասիսը դեռ ութ ամիս ուներ, որ ծառայությունն ավարտեր»,- պատմում է տիկին Սուսաննան: Բայց մի պահ լռում է, աչքերի պայծառությունը մի տեսակ խամրում է: Հիշում է ոչ վաղ անցյալի օրերը` դաժան, ծանր, ուրախ… «Ապրիլի 1-ին Մասիսը հանձնել էր հերթապահությունը, դիրքերից իջել էր: Զանգեց տուն, խոսեցինք: Երեկոյան հյուրեր ունեինք, հայրը խորոված արեց, միշտ խորոված էր անում, որ Մասիսը դիրքերից իջնում ու զանգում էր: Բայց հոր քունն ամբողջ գիշեր չտարավ: Ասում է` չգիտեմ ինչու, բայց շատ անհանգիստ եմ»: Առավոտյան կանուխ մեծ որդին՝ Սերոբը, դուրս է գալիս փողոց եւ բերում է գույժը. «Ասում են՝ պատերազմ է»: Մի քանի րոպե հետո աղջիկն է զանգ տալիս` համացանցից է տեղեկացել, որ Մատաղիսն ու Թալիշը ռմբակոծում են: Եղբայրը` Մասիսը, հենց այդ հատվածում է ծառայում: «Մենք էդ խոսակցությունների մեջ էինք, Հայրոն զանգեց: Խաթունարխ գյուղից է, ինքն էլ կռված տղա է, իր տղան էլ բժշկական ինստիտուտում է սովորում, անվճար, բայց դիմում է գրել եւ գնացել է ծառայության: Մարտակերտում է ծառայում: Ասաց` Մելիք, պատերազմը սկսվել է, արի: Առավոտյան 9:10-ին Մելիքը տանից դուրս եկավ: Գյուղից Մատաղիս մենք 7-8 ժամ ենք գնացել, բայց իրենք 2,5 ժամում են հասել»,- պատմում է Սուսաննան: Այդ ընթացքում մայրն ու եղբայրը անընդհատ զանգում են Մասիսին: Չի պատասխանում: «Զանգում եմ, Մելիքը գոռում է` բան չհարցնես: Բայց ես լսում եմ կրակոցների ձայները, իրանց խոսակցությունները, որ խոշտանգված դիակներ են…»: 6-7 ժամ անց մտնում են զորամաս: Հայրը հեռվից մի դիակ է տեսնում ու կարկամում` զոհված տղան իր բոյ-բուսաթով Մասիսին է հիշեցնում: Այդ պահին զանգում է հեռախոսը: Մասիսն է:

Masis_

Տան երեք տղամարդկանցից առայժմ միայն Սերոբն է տանը:

Մելիքն ու ընկերը` Հայրոն, մնում են ռազմաճակատում: Հայր ու որդի ռազմաճակատի տարբեր հատվածներում կռվում են թշնամու դեմ, մինչեւ ամսի 5-ը` Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի ձեռք բերած կրակի դադարեցման բանավոր համաձայնությունը: Իրար դեռ չեն տեսել, միայն լուր ունեն` կռվում են. ուրեմն` ողջ են:

Ավելի ուշ արդեն մայրն էլ, հարազատներն ու համագյուղացիները, ողջ Հայաստանը տեղեկանում է Մասիսի հերոսության մասին` հրամանատարի զոհվելուց հետո Մասիսը շատ արագ կողմնորոշվում է եւ ստանձնում է հրամանատարությունը: 120 զինվորի ուղղորդում է Մատաղիս, նորից վերադառնում զորամաս. «200 թե 400 մետր հեռու ինչ-որ պահուստային պոստեր կան, ես չգիտեմ, այդ զինվորներին տանում էնտեղ տեղավորում է, որ ապահով լինեն, ու բարձրանում է դիրքեր` սկսում կառավարել: Շատ ուրախ ու հպարտ էի իմ տղայով, բայց պատերազմ էր, համ էլ տխուր էի: Բայց Աստված մեծ է, լավ կլինի: Զոհվածների ծնողներին ցավակցում եմ, ծառայողներին էլ անփորձանք ծառայություն եմ ցանկանում»:

Սերոբը՝ ավագ եղբայրը, պատանի երկրապահների ջոկատի հետ ապրիլի երկուսին էր սահման մեկնել: «Մեր զինվորները ուժեղ տղերք են: Էնպես չի, որ իմ եղբորը տվել են լեյտենանտ, մենակ ինքն ա, բոլորն էլ ուժեղ տղերք են: Մասիսը ուղղակի խելացի է, չի ընկճվել, կարողացել է ճիշտ կողմնորոշվել»,- եղբոր ու ռազմաճակատի տղերքի մասին ասում է Սերոբը: Սուսաննան միջամտում է. «Երեքով պատերազմի դաշտում էին, ես էլ մեն-մենակ նստած: Էն ժամանակ երեխեքը փոքր էին, թողեց ու գնաց, հիմա էլ տղաներն էլ հետն են գնացել: Բայց ես ուրախ եմ, որ իմ տղաներն էլ, ամուսինն էլ էդպես են մտածում: Պալատներ չունեմ, բայց էնպիսի հարստություն ունեմ, որ պալատ ունեցողը չունի»: Մասիսի հորեղբայրը` Մհերն էլ Արցախյան առաջին հերոսամարտի մասնակից է: Մեկ տարի ութ ամիս գերության մեջ է անցկացրել: Հիմա իր որդին էլ է ռազմաճակատում: Ադրբեջանցիները փրկագին էին պահանջել Մհերի համար: Իրենք գյուղում բազմազավակ ընտանիք են, բայց այդքան գումար չէին կարող հայթայթել: Աջակցեցին բարեկամները, ծանոթները, համագյուղացիները, ուղղակի բարին կամեցողները: Գումարը դարձյալ չէր բավարարում: Մասիսի հայրը` Մելիքը, գրավ դրեց նաեւ իր տունը, որի շինարարությունը չէր էլ ավարտել: Մինչ օրս էլ չի ավարտել: Այդ տանն են ապրում, բայց այն իրենց հարազատներից մեկինն է այլեւս: Բանկի պարտքերը չէին կարողանում մարել:

Հարազատն օգնեց: Բայց մինչ օրս որեւէ անգամ փորձ էլ չի արել նրանց տանից հանելու:
Մասիսի դասղեկ Ալբինա Եփրեմյանն էլ է հպարտ իր սանով: Ասում է. «Հեռուստացույցով լսելով, տեսնելով իր անկաշկանդ խոսքը՝ շատ հպարտ զգացի ինձ: Ես չորրորդ դասարանից Մասիսենց դասարանում հայոց լեզու եւ գրականություն եմ դասավանդել: Իմ դաստիարակած հայրենասիրությունն էլ ինչ-որ դեր խաղացել է, իր նպատակին հասել է: Ապրեն Մասիսն ու իր ընկերները, որ կարողացել են կազմակերպել ու պահել մեր դիրքերը: Այսօր էլ այդ 17-18 տարեկան տղաները դարձել են ողջ հանրապետության պարծանքը, հպարտությունը եւ վերջին շաբաթների խոսակցության թեման»: Դասղեկը պատմում է, որ Մասիսը միշտ աչքի է ընկել իր խելացիությամբ, պարտաճանաչությամբ եւ կազմակերպվածությամբ. «Միշտ ասում էր, որ զինվորական է դառնալու: Հաստատում էր հոր ասածը` գեներալ եմ դառնալու: Ամբողջ դասարանն իրեն էր ենթարկվում: Իր ասածն ընկերների համար օրենք էր: Իհարկե, վատ բաներ չէր ասում: Դասարանին վերաբերող կազմակերպչական բոլոր գործերում Մասիսն առաջնային դիրքում էր»:
8-րդ դասարանից հետո Մասիսը ուսումը շարունակել է Արմավիրի «Տիգրան Մեծի» անվան ռազմական հատուկ վարժարանում, ավարտելուց հետո անցել է պարտադիր զինվորական ծառայության՝ սկիզբ դնելու գեներալի կոչմանը հասնելու ճանապարհին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Սուսաննան հպարտ է
ամուսնով եւ զավակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031