Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ 2016թ. մայիսի 14-15-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում հանդիպեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները։ Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Երեք երկրների ՊՆ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին։
Թուրքիայի ՊՆ նախարար Իսմեթ Յըլմազին հարց է ուղղվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ, որին Յըլմազը պատասխանել է. «Հակամարտության կարգավորումը պետք է տեղավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակներում և իրականացվի խաղաղ ճանապարհով։ Թուրքիան չի աջակցի սրանից բացի որևէ այլ տարբերակի։ Թուրքիան ադրբեջանցի ժողովրդի կողքին է»։
Կարդացեք նաև
Նախարար Յըլմազն անդրադարձել է նաև Հայաստանի վարած քաղաքականությանը. «Հարձակվողական և բռնազավթման քաղաքականությունը որևէ պարագայում չի կարող հաջողության հասնել։ Հայ ժողովուրդն էլ բարօրության և խաղաղության կարիք ունի»։
Վերը նշված թեմաներից զատ՝ նախարար Յըլմազը խոսել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հարաբերություններից՝ նշելով, որ այդ երեք երկրների համագործակցությունը տարածաշրջանային տարբեր հարցերի շրջանակներում օրինակելի է այլ երկրների համար։
Լրագրողների հարցերին պատասխանել է նաև Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը՝ ասելով. «Պատմության ընթացքում Հայաստանը որպես թշնամի է ընդունում ադրբեջանցի ժողովրդին։ Մենք հողեր ունենք, որոնք բռնազավթել է Հայաստանը։ Առկա են միջազգային կազմակերպությունների մի շարք որոշումներ, բայց Հայաստանը չի ենթարկվում դրանց։ Մինչև այս պահը Ադրբեջանը պատասխանել է Հայաստանի հարձակումներին և շարունակելու է պատասխանել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս նշել է իր ցանկությունը՝ հակամարտությունը խաղաղ կարգավորելու վերաբերյալ, բայց վերջին տարիները ցույց են տալիս, որ խաղաղ կարգավորման գործընթացում մեծ խնդիրներ կան, այդ պատճառով մենք պետք է ուժեղ լինենք»։
Վրաստանի ՊՆ նախարար Թինաթին Խիդաշելին էլ իր հերթին նշել է, որ երեք երկրների ՊՆ ղեկավարները նախնական որոշում են կայացրել ևս մեկ անգամ հավաքվել այս տարի, բայց արդեն ամռանը՝ Բաթումիում։