Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նավթ ունի, իսկ մե՞նք…

Մայիս 16,2016 12:00

Մենք նավթ չունենք, բայց ունենք մշակույթ, ընդ որում՝ բավական երեւելի մշակույթ: Խաչատրյան, Ազնավուր, Սարյան, Սարոյան եւ շատ ուրիշներ: Շնորհալուց, Նարեկացուց ու Քուչակից սկսած եւ շատ ուրիշ շնորհալիներով վերջացրած: Ընդ որում՝ մենք ոչ միայն մշակույթ ստեղծող, այլեւ ուրիշների ստեղծած մշակույթը գնահատող ու արժեւորող ժողովուրդ ենք:

Վերջերս ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանն էլ նշեց ու շեշտեց, որ մենք պիտի մեր հակառակորդի նավթին մեր խելքը, մեր ինտելեկտն ու մեր մշակույթը հակադրենք: Լավն այն է, որ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն դա ասում է, այլեւ այդ ուղղությամբ լուրջ ու նշանակալի քայլեր է կատարում ու երեւելի ծրագրեր է իրականացնում: Վերջերս իր երեւելի ծրագրի շրջանակներում Ռուբեն Վարդանյանը, ի թիվս այլ նշանավորների, Հայաստան էր հրավիրել հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունիին, որը նաեւ հանդիսանում էր Վարդանյանի նախաձեռնած «Ավրորա» մարդասիրական մրցանակի ժյուրիի համանախագահը: Քլունիի եւ համաշխարհային մշակույթի այլ երեւելիների հանդեպ հայերիս հետաքրքրությունն ու բացառիկ հարգանքը երբեք չեն պակասել, իսկ համաշխարհային մշակույթի այն երեւելիները, որոնք մեր ազգի, մեր պատմության ու մեր մշակույթի հանդեպ անտարբեր չեն գտնվել, մեր կողմից ուղղակի պաշտամունքի են վերածվել:

Ընդ որում՝ ոչ միայն մշակույթի գործիչները, այլեւ երեւելի գիտնականները, մտավորականներն ու մեծ մարդասերները: «Ավրորա» մրցանակաբաշխությունը դրա հերթական ու չափազանց հաջողված ապացույցն էր, նաեւ ուսանելի օրինակ՝ ինչպես պետք է գումարները մարդավայել ու նպատակային ծախսել: Ենթադրում եմ, ավելի ճիշտ համոզված եմ, որ Ալիեւն ու ադրբեջանցիներն անհամեմատ մեծ գումարներ են ծախսել, որպեսզի Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների շապիկներին մշտապես գրվի «Ազերբայջան» բառը: Դա է իրենց «Ավրորան»: Իրենք ինչքան էլ նավթ ու նավթադոլարներ ունենան, դժվար թե կարողանան մեր «Ավրորայի» մակարդակի մրցանակաբաշխություն կազմակերպել, որովհետեւ մեծ մարդասերներին նկատելու ու գնահատելու համար նախ ինքդ պիտի մարդասիրական գաղափարներով ու հատկանիշներով օժտված ու տոգորված լինես, եւ օտարերկրացի մտավորականներին գնահատելու համար նախ պիտի քո մտավորականին գնահատես, այլ ոչ թե քո թերեւս լավագույն մտավորական ու գրող Այլիսլիին վտարես երկրից:

Չէի ցանկանա, որ այս ասածներիցս ենթադրեք, թե մեզ մոտ մշակույթի ու մշակույթի գործիչների առումով ամեն ինչ կատարյալ է: Ճիշտ է, մենք մշակույթի օտարերկրյա գործիչներին լավագույնս ենք գնահատում ու բարձրագույն վերաբերմունքի արժանացնում, բայց ոչ միշտ ենք արժանի վերաբերմունք ու հոգատարություն հանդես բերում մշակույթի մեր իսկ երեւելիների հանդեպ: Ճիշտ է, մենք մշակույթի մեր երեւելիներին երկրից չենք արտաքսում, բայցեւ նրանց համար լավագույն պայմաններ չենք ստեղծում, որպեսզի իրենց իսկ երկրում ազատ, հանգիստ, ապահով ապրեն ու ստեղծագործեն: Ինչքան տեղյակ եմ, համաշխարհային կարգի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը տեւական ժամանակ բնակարանային խնդիրներ ուներ եւ միայն վերջերս իր հայրենի Երեւանում նորմալ բնակարանի տեր դարձավ:

Վերջերս երկրային կյանքին հրաժեշտ տվեց համաշխարհային կարգի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը: Կյանքի վերջին օրերին նա աշխատանքի ու պաշտոնի բերումով թիրախ էր դարձել որոշ լրագրողների ու երաժիշտների համար, մինչդեռ իր մահը սգացողներն օտար երկրներում ավելի էին, քան իր հարազատ Երեւանում: Որոշ երկրներում հեռուստատեսությամբ ժամերով հնչել է մաեստրոյի երգը՝ ի նշան նրա հիշատակի:

Գեղամ Գրիգորյանի կոլեգաներից ու մտերիմներից շատերից եմ լսել, որ նա անփույթ էր իր տաղանդի հանդեպ: Եթե ինքը անփույթ էր, դա ամենեւին չի նշանակում, որ մենք էլ պիտի անփույթ լինենք: Կարելի է տարվա մեջ գոնե մեկ օր նվիրել Գեղամ Գրիգորյանին ու նրա երգին, եւ ամենեւին պարտադիր չէ, որ դա էլ Ռուբեն Վարդանյանն անի:
Ուրիշ շատ մեծահարուստներ ունենք, որոնք նույնպես ի վիճակի են: Հրանտ Մաթեւոսյանի կյանքի վերջին տարիներին շատ լրագրողներ, լրատվամիջոցներ եւ փուչ գործիչներ գրողի կյանքը թունավորեցին: Հիմա, իհարկե, մեծարում ենք մեծ գրողին: Ազգովի:
Մենք սիրում ենք տեղին ու անտեղի ասել ու կրկնել, որ մեր մշակույթը մեր զենքն է:
Օգտվենք մեր զենքից, գործածենք այն, հայրենակիցներ:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031