Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կանխել ահագնացող արտագաղթը

Մայիս 16,2016 15:30

Վերջին տարիներին Հայաստանում բարձրացել եւ շարունակում են բարձրանալ բնակչության կենսական նվազագույն պահանջներն ապահովող ապրանքների սակագները, ինչպես` գազի, էլէեկտրականության, ջրի, բնակարանային վարձի, նաեւ հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի եւ այլ մթերքների գները: Այս հանգամանքը, բնականաբար, մեծապես ազդել եւ ազդում է մեր հասարակության գրեթե բոլոր խավերի ապրելակերպի վրա:

Սակայն միայն գների բարձրացումը եւ նրա հետեւանքները չեն, որ հուզում են մեր հասարակությանը: Կան նաեւ այլ մտահոգիչ, անգամ վրդովեցուցիչ հանգամանքներ, որոնք արդյունք են կառավարության աններելի անտարբերության:

Մեր երիտասարդությունը բավական ակտիվ է եւ տարբեր անօրինականությունների դեպքում հաճախ բողոքի ցույցերով դուրս է գալիս հրապարակ: Այսպես, նրանց հուզում է մայրաքաղաքի հին, բայց պատմական արժեք ներկայացնող շենքերի անհիմն քանդումն ու ոչնչացումը, որը զրկում է Երեւանը հայ ճարտարապետական կոթողներից ու քաղաքի պատմությունից: Երիտասարդներին վրդովեցնում են կառավարության կողմից թույլ տրվող որոշ օրինազանցություններ, անարդար որոշումներ, գործող Սահմանադրության ժամանակավրեպ եւ անտեղի փոփոխությունները եւ բազմաթիվ այլ անընդունելի որոշումներ: Բայց, ցավոք, հասարակության այդ իրավացի ընդվզումներն ու պահանջները հիմնականում անտեսվում են կառավարության կողմից: Արդյունքում անընդհատ մեծանում է դժգոհ մարդկանց բանակը եւ օրեցօր ամրանում է հայրենիքը լքելու, այն է` արտագաղթելու գաղափարը:

Անդրադառնանք հայ հասարակության 25-40 տարեկան հազարավոր անձանց, ովքեր կամ գործազուրկ են, կամ աշխատում են չնչին աշխատավարձով: Դա այն տարիքն է, երբ մարդը, ինչպես ժողովուրդն է ասում` «սարեր շուռ կտա» իր ֆիզիկական ու մտավոր ունակություններով: Նրանք կարող են երկիրը դարձնել առավել բարգավաճ, առավել առաջավոր, ստեղծել հայ հրաշալի ընտանիքներ, դառնալ բազմազավակ ծնողներ, հարստացնել հայ ժողովրդին եւ՛ քանակապես, եւ՛ բարոյական հատկանիշներով: Սա նաեւ այն տարիքն է, որ, Աստված մի՛ արասցե, պատերազմի դեպքում պետք է լինի ռազմաճակատային դիրքերում, պաշտպանի հայրենիքն ու նրա սահմանները, սատար կանգնի մեր ժողովրդին: Բայց այսօր այդ մարդիկ իրենց հայացքն ուղղել են դեպի արտերկիր, ըստ որում մեկնում են ընտանիքներով, գուցե եւ` անվերադարձ: Չմոռանանք, որ արտագաղթող ընտանիքների մանկահասակ զավակներն էլ, մի տասը-տասնհինգ տարի ապրելով արտասահմանում, մոռանալու են իրենց ազգային պատկանելությունը եւ սկսվելու է ուծացումը: Այսինքն, մենք կորցնելու ենք նաեւ նրանց: Ահագնացող արտագաղթը վերջնականապես կդատարկի մեր, առանց այն էլ փոքրաթիվ Հայաստան աշխարհը:

Հազարավոր տարիներ հայը, ի տարբերություն խեթերի, բաբելացիների, ասորիների եւ այլ ազգերի, որոնք փոշիացել են պատմության քառուղիներում, կարողացել է պահպանել իր ազգային ինքնությունը եւ հասել 21-րդ դար (այն էլ այն դեպքում, երբ դարեր շարունակ զուրկ է եղել պետականությունից): Այսօր, սակայն, ինչպես նկատում են որոշ մասնագետներ, հայությունը նույնպես փոշիացման ճանապարհին է: Սփյուռքահայ երիտասարդությունն արդեն բռնել է ուծացման ուղին, շատերն ընդհանրապես մոռացել են մայրենին, մոռացել հային բնորոշ ավանդույթներն ու առանձնահատկությունները: Եվս մեկ տասնամյակ ու Սփյուռքում արդեն չեն լինի այն մեծահասակները, որ ցայսօր պահպանում են իրենց լեզուն, հիշում հայոց պատմությունն ու գիտական-մշակութային արժեքները:
Ցավոք, նույնը կարող է տեղի ունենալ բուն Հայաստանում: Լայնամասշտաբ արտագաղթի հետեւանքով հայրենիքում կմնան հիմնականում ամենաաղքատ մարդիկ եւ տարեցները, որոնք չեն լքում երկիրը, ավելի ստույգ՝ չեն կարող լքել եւ ստիպված են հանդուրժել եղած դժվարությունները, բավարարվելով իրենց չնչին թոշակներով: Այսպիսով, Հայաստանում, ինչպես նկատեցինք, կմնան ամենաաղքատ մարդիկ, կիսաքաղց թոշակառուները եւ, իհարկե, միլիոնատեր, եթե ոչ` միլիարդատեր մի խումբ օլիգարխներ: Այդ «հասարակությունը» կարո՞ղ է երկիրը շեն պահել, հասնել տնտեսական, գիտական ու մշակութային վերելքի, անհրաժեշտության դեպքում հայրենիքը պաշտպանել շրջապատի թշնամի հրոսակախմբերից: Իհարկե՝ ոչ: Մեր թշնամիները հենց ա՛յդ օրերին են սպասում, որ հարձակվեն ու տիրանան հայաթափ Հայաստան երկրին:

Իսկ ի՞նչ վիճակում է այսօր հայ գյուղաշխարհը: Այստեղ ոչ պակաս «ակտիվ» է ընթանում արտագաղթը: Գյուղերում նույնպես, հիմնականում մնացել են մեծահասակները, երիտասարդներին «գործուղելով» արտերկիր` դրամ վաստակելու եւ մարդավայել ապրելու ակնկալիքով: Փորձեք որեւէ գյուղում անցկացնել մի ամբողջ օր: Փողոցներն ամայացած են, այնտեղ այլեւս չեք տեսնի ժրաջան, գործունյա երիտասարդ մարդկանց, վազվզող, ուրախ մանչուկներին եւ այլոց, որոնք ժամանակին բնակավայրը կենդանացնում, կենսական ավյուն էին ներշնչում` իրենց լիարժեք ապրելակերպով: Հատկապես, երեկոյան ժամերին քայլեք հանրապետության ցանկացած գյուղի փողոցներով: Ցավալի վիճակն իսկույն իրեն զգացնել կտա: Այսպես, 10-15 բնակելի տներից միայն 2-3-ը լուսավորված կգտնեք: Շրջապատի խավարն ու լռությունը սրտաճմլիկ տպավորություն են գործում ներկաների վրա:

Ի՞նչ են մտածում մեր երկրի բարձրաստիճան այրերը ստեղծված ողբերգական վիճակի մասին: Ինչո՞ւ լրջորեն չեն մտահոգվում մեծ թափ առած արտագաղթը կանխելու հարցով: Մի՞թե մենք չունենք խելամիտ, հայրենասեր գործիչներ, ովքեր մտածեն հազարավոր հայրենակիցների ճակատագրի մասին, դատարկվող հայրենիքի մասին, իրենց հնարավորությունների եւ իրավունքների սահմաններում ձգտեն ստեղծել բնակչության պահանջները բավարարող պայմաններ, որոնք թույլ կտան ժողովրդին ապրել հայրենիքում` մարդավայել ու ապահով, առանց հայացքները թեքելու դեպի արտերկիր:
Ժամանակին հայերը թուրքի յաթաղանից փրկվելու համար լքում էին հայրենիքն ու փախչում, արտագաղթում տարբեր երկրներ: Հիմա՞ ինչ ասենք: Ումի՞ց են փախչում…
Արտագաղթն այսօր մեր ժողովրդի ամենամեծ ողբերգությունն է, որը պարտավոր ենք կանխել կառավարության եւ բազմաթիվ նվիրյալ անձանց միասնական ջանքերով:

 
ԹԵՐԵԶԱ ԳԱԼՍՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031