Լրահոս
Օրվա լրահոսը

Կորդեբալետի արտիստին նկատել են «դրսում» եւ «ներսում»

Մայիս 16,2016 15:00

Հայ եւ համաշխարհային բալետի պատմությանը ծանոթանալիս, տեսնում ենք, որ այս ոլորտի աստղերի գերակշիռ մասը արտիստական գործունեությունը սկսել է կորդեբալետից: Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակակեմիական թատրոնում Խաչատրյանի «Սպարտակ» բալետի փորձերն անցկացնող անվանի խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի ասիստենտ, Մեծ թատրոնի բալետային խմբի ղեկավար Ռուսլան Պրոնինը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Երեւանի թատրոնի կորդեբալետի մեկ-երկու արտիստ կարող է ցանկացած, այդ թվում՝ Մեծ թատրոնում, հանդես գալ գլխավոր դերապարերով: Պրոնինի այս խոսքերը կարող են վերաբերել, օրինակ, վերջին շրջանում մի քանի գլխավոր դերապարերով հանդես եկած մեր թատրոնի կորդեբալետի արտիստ Անդրանիկ Աբովյանին: Երիտասարդ արտիստին հանդիպել ենք Արմեն Գեւորգյանի խորեոգրաֆիայով Բիզե-Շչեդրինի «Կարմեն» սյուիտում՝ երկու տարբեր դերապարերով՝ սպա ու տորեադոր եւ Էդուարդ Համբաձումյանի երաժշտությամբ, Ժակլին Սարխոշյանի բեմադրությամբ «Երազ» ներկայացման մեջ, որտեղ նա մարմնավորում է տղայի դերը:

kordebalet_1

Մեզ հետ զրույցում Անդրանիկ Աբովյանն ասաց, որ պարարվեստի քոլեջը ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ ավարտելուց հետո, 2013թ. համալրել է Ազգային օպերային թատրոնի կորդեբալետը եւ նույն թվականին կարճ ժամանակահատված բեմ բարձրացել Վորոնեժի օպերայի եւ բալետի պետական թատրոնում՝ որպես մենապարող:

received_470577193139525

«Վորոնեժի թատրոնից հրավերը ստացել եմ գլխավոր բալետմայստեր Ալեքսանդր Լիտյագինի կողմից, հանդես եմ եկել Չիպոլինոյի դերապարով՝ Կարեն Խաչատուրյանի համանուն ներկայացման մեջ: Գլխավոր բալետմայստերն ինձ վստահեց Բազիլի դերապարը Մինկուսի «Դոն Կիխոտում», բայց չհասցրի ներկայանալ հանդիսատեսին, վերադարձա Երեւան: Լիտյագինն իր երաշխավորությամբ ինձ առաջարկեց մասնակցել Մոսկվայում կայանալիք միջազգային մրցույթին…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հարցին, թե Ռուսաստանում գլխավոր դերապարեր ստացած արտիստը ինչո՞ւ թողեց խոստումնալից կարիերայի սկիզբն ու վերադարձավ Երեւանի թատրոն՝ դարձյալ հանդես գալով կորդեբալետի կազմում, Անդրանիկը շրջանցելով հարցը՝ հայտնեց հետեւյալը. «Վորոնեժի թատրոնը տղամարդ պարողների «մասով» իսկապես ճգնաժամի մեջ է, որովհետեւ աշխատավարձը շատ ցածր է, դրա համար էլ լավագույնները հեռանում են թատրոնից, պայմանագրային հիմունքներով աշխատելով «դրսում»:

Հավելեց նաեւ, թե Ռուսլան Պրոնինի խորհրդով հունիսին պատրաստվում է մասնակցելու Սոչիում կայանալիք Յուրի Գրիգորովիչի անվան բալետի երիտասարդ արտիստների մրցույթին: Մեր զրուցակիցը նշեց, որ Վորոնեժում շուրջ մեկ տարի գլխավոր դերապարերով հանդես է գալիս նաեւ Երեւանի օպերային թատրոնի կորդեբալետի նախկին արտիստ Տիգրան Մանուկյանը:

Հետաքրքրվեցինք՝ օրինակ, մտավախություն չկա՞ր կոնկրետ՝ «Երազում» հանդես գալ այնպիսի անունների կողքին, ինչպիսիք են պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանն ու պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանը: «Ճիշտն ասած՝ որեւէ մտավախություն չունեի, փորձեցի այդ դերապարն ինձանով անել 2-3 շաբաթվա ընթացքում, մյուս կողմից էլ՝ հանգիստ էի, որ հանդես եմ գալիս նման ճանաչված անունների կողքին»,- ասաց Անդրանիկը:

«Մասնագետների ու հանդիսատեսի գովեստին, բրավոներին արժանանալու համար պարտադիր չեն կոչումներն ու այս դեպքում՝ ասենք՝ մենապարող բառը… Իսկ մենապարող, կարծում եմ, կդառնամ գալիք թատերաշրջանում»,- հուսով է արտիստը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Անդրանիկ Աբովյանը՝ տղայի, տորեադորի եւ սպայի կերպարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031