Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանին փորձում են ներքաշել թուրքական ռազմական ուղեծրում. դիմադրո՞ւմ է արդյոք երկիրը. armenian-community.ge

Մայիս 16,2016 10:31

Մայիսի 14-15-ին ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցավ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը: Վրաստանն արդեն առաջին տարին չէ, որ ստիպված է ակտիվորեն համագործակցել թուրքական պետությունների հետ բազմաթիվ բնագավառներում, այդ թվում նաև ռազմական: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ապրիլյան ակտիվացման և թուրքական պետությունների` Վրաստանին իրենց ռազմական արկածախնդրության մեջ ներքաշելու ակնհայտ ցանկության հաշվառմամբ` բնական է, որ պաշտպանության նախարարների վերջին հանդիպումը և դրա արդյունքները մեծ ուշադրություն են գրավում:

Հարգելի ընթերցողին ենք ներկայացնում Ադրբեջանում տեղի ունեցած երեք երկրների Պաշտպանության նախարարների հանդիպման կապակցությամբ արված Վրաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության ամբողջական տեքստը.

«Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մասնակցել է Ադրբեջանի և Թուրքիայի Պաշտպանության նախարարների նախարարականին, որը տեղի է ունեցել Ադրբեջանում:

Նախարարականի շրջանակներում անցկացված հանդիպմանը երեք երկրների նախարարները հստակորեն ընդգծել են եռակողմ համագործակցության և տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը, ուշադրություն են դարձրել համագործակցությանը ռազմական կրթության և կիբեռանվտանգության բնագավառներում:

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախարարների հանդիպման ավարտից հետո Վրաստանի Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին խոսել է կայացած հանդիպման քաղաքական և գործնական նշանակության մասին:

Նախարարականի շրջանակներում հիմնականում խոսքը վերաբերում էր փոխըմբռնման հուշագրին, որը պետք է ձևակերպվի մեր երկրների միջև: Քննարկել ենք մանրամասներ, որոնք մշակվել են նախարարությունների մակարդակով: Մենք համաձայնեցրել ենք փաստաթուղթը և նախարարականի ավարտին որոշել ենք, որ ամռանը կհավաքվենք Բաթումիում: Հուսով եմ, որ երկու նախարարներն էլ կժամանեն Բաթումի, և այս եռակողմ նախարարականը և նրա գործունեությունը պաշտոնական և կառուցողական տեսք կստանա», -հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:

Հանդիպման ընթացքում վրացական կողմը համագործակցություն է առաջարկել կողմերին այն ծրագրերում և նախագծերում, որոնք իրականացվում են Վրաստանում ՆԱՏՕ-ի օգնությամբ:

«Խոսքը վերաբերում էր այն եռակողմ վարժություններին (զորավարժություններ -խմբ.), որոնք մենք պետք է անցկացնենք: Վրաստանը ցանկություն է հայտնել, որպեսզի այդ վարժություններից մի քանիսն անցկացվեն իր տարածքում: Հատկապես այն պայմաններում, որոնք մենք ունենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շնորհիվ: Կարծում եմ, որ մենք այս անգամ ևս թուրքական կողմին արժանապատիվ համագործակցություն կցուցաբերենք` զորավարժությունները բարձրամակարդակ կազմակերպելով: Դրա համաձայնությունը մենք արդեն ստացել ենք, այնպես որ պատրաստվելու ենք 2017թ.-ի գարնանը», -նշել է Թինաթին Խիդաշելին:

Նախարարկանի ավարտից հետո տեղի է ունեցել ճեպազրույց:

Լրագրողները Վրաստանի Պաշտպանության նախարարին նաև Լեռնային Ղարաբաղի թեմայի վերաբերյալ հարց են ուղղել, ինչին Թինաթին Խիդաշելին պատասխանել է, որ այսօր Վրաստանի համար ավելի կարևոր է տարածաշրջանում կայության հարցը, և այդ իսկ նպատակով Վրաստանը, համապատասխանաբար, համագործակցում է իր հարևանների հետ:

«Մենք չե´նք ընտրում: Մենք ընտրություն չենք կատարում: 2016թ. հունվարին ես Երևանում էի, որտեղ ասացի, որ Ադրբեջանը և Թուրքիան Վրաստանի ռազմավարական համագործակիցներն են… Վրաստանն ունի շատ ընկերներ, համագործակիցներ: Մենք աշխատում ենք շատ երկրների հետ:

Այսօր Վրաստանի համար ամենակարևորն է խաղաղությունը տարածաշրջանում: Մենք կանենք հնարավորինս, որպեսզի լինենք կայունության Պակտի մասնիկը, որպեսզի լինենք խաղաղության մասնիկը:

Մենք աշխատում ենք Հայաստանի հետ, նա մեր հարևանն է, և մեր մեջ խնդիրներ չեն լինի, մինչդեռ, ինչպես ես արդեն ասացի, գոյություն ունի համագործակցություն, ճանապարհ, որով մենք միասին ընթանում ենք. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանն ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Դա որոշակիացնում է մեր ռազմավարական համագործակցությունը:

Հայաստանն այլ ընտրություն է արել, նա ընտրել է Եվրասիական Միությունը, մենք այնտեղ մտնել չենք պատրաստվում: Դա ևս որոշակիացնում է Հայաստանի հետ մեր համագործակցության մակարդակը` ընկերական, առանց ռազմավարական համագործակցության:

Մեզ մոտ` Վրաստանում, հայկական մեծ սփյուռք է բնակվում (նախարարը չօգտագործեց համայնք եզրույթը -խմբ.) նույն այն իրավունքներով, ինչ մեզնից յուրաքանչյուրը: Այդ իսկ պատճառով նրանց հետ դրացիությունն ու համագործակցությունը մեզ համար նույնքան կարևոր է, ինչքան համագործակցությունն Ադրբեջանի և ցանկացած այլ երկրի հետ:

Միջազգային հարթակում մենք աշխատում ենք հանուն խաղաղության, դա միակ ուղին է, որը մենք առջևում տեսնում ենք: Այդ ուղղությամբ մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, այդ թվում նաև Ռուսաստանի հետ, եթե նշվի, որ Վրաստանին կընդունեն որպես անկախ պետություն և կաշխատեն մեզ հետ որպես անկախ երկրի հետ», -հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031