Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյանը՝ «Դեբյուտ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում» մրցույթի հաղթողների թվում

Մայիս 16,2016 07:28

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը «Դեբյուտ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում» միջազգային համերգ-մրցույթի (First International Concert Competition “Debut at the Berlin Philharmonic Hall”) «Դիրիժորություն» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը։

Նշված մրցույթը անցկացվում է 5 անվանակարգով՝ ջութակ, թավջութակ, դաշնամուր, կոմպոզիցիա և դիրիժորություն։ Մրցույթի նպատակն է նպաստել նրան, որ առավելագույն ուշադրություն դարձվի երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին և այսպիսով խթանվի նրանց կարիերան։ Հաղթողը ելույթ կունենա լեգենդար Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում՝ Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Հարկ է նշել, որ Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճը Նյու-Յորքի Կարնեգի Հոլի, Վիեննայի Մյուզիքֆերեյնի, Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճի հետ միասին համարվում է աշխարհի լավագույն և ամենապրեստիժային համերգասրահներից, դրա պատմությունը անքակտելիորեն կապված է մեծանուն դիրիժոր Հերբերթ ֆոն Կարայանի անվան հետ։

Մրցույթի ժյուրիի անդամներն են աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ, ովքեր իրենց կարիերան ժամանակին սկսել են հենց այս համերգասրահում՝ ջութակահար Վիկտոր Տրետյակով, թավջութակահար Լեոնիդ Գորոխով, դիրիժոր Միխայիլ Յուրովսկի, կոմպոզիտոր Քշիշտոֆ Մեյեր և ուրիշներ։

Սերգեյ Սմբատյանը՝ որպես առաջին մրցանակակիր Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ս․թ․հունիսի 1-ին։ Նրան կընկերակցեն «դիրիժորություն» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրած Ջորջիոս Բալատսինոսը (Բերն, Շվեյցարիա), ջութակի մրցույթում հաղթած Նաթան Մելցերը (Նյու-Յորք, ԱՄՆ), «թավջութակ» անվանակարգում հաղթած ծագումով թայվանցի չինացի Լի Մոն-Պուոն (Մադրիդ, Իսպանիա) և դաշնակահար Ֆաբիո Մարտինոն (Կարլսրուէ, Գերմանիա)։ Ծրագրում են Պրոկոֆյեվի, Շումանի, Դվորժակի և Պագանինիի ստեղծագործությունները։

Եվ քանի որ խոսեցինք ՀՊԵՆ-ի ղեկավարի մասին, ապա այստեղ ևս տեղին ենք համարում նշել, որ համեմատաբար վերջերս ստեղծված և Երիտասարդական նվագախմբի անսամբլ հանդիսացող Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը մայիսի 10-23-ը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում։ Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ) վեց համերգ կունենան Չինաստանի վեց քաղաքներում։ Ծրագիրը կազմված է Բախի, Մոցարտի, Բիզեյի, Չայկովսկու, Պրոկոֆևի, Ռախմանինովի, Բեռնսթայնի, Խաչատրյանի, Հարությունյանի գործերից, որոնք փոխադրվել են հատուկ քառյակի համար Անդրանիկ Բերբերյանի կողմից։

Նշենք, որ բառացիորեն օրերս Ալ․ Հարությունյանի անվան քառյակը թողարկել է իր առաջին ձայներիզը։

Ջ․ՉԱԽԱԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031