7-ամյա Գոռը Ղարաբաղի հարցի լուծման իր տարբերակն է առաջարկում՝ շախմատի տախտակի շուրջ:
Նա բացատրում է շախմատային լեզվով: Ասում է՝ «Մա՛մ, ոչ մի դեպում Ադրբեջանին պիտի պատ չանենք, դա մեզ ձեռնտու չէ, խաղը կավարտվի ոչ ոքի, իսկ «ոչ ոքի»-ի դեպքում մենք ընդամենը կես միավոր կունենանք: Քանի որ իրենք «դաղալչի» են», պետք է շատ ուշադիր խաղալ ու բոլոր խաղաքարերով: Նախ պետք է պաշտպանել Ղարաբաղը: Դրա համար Արքայի ու Նավակի տեղափոխություն որ հասցնենք անել՝ լավ կլինի, քանի մեզ չեն ստիպել էդ խաղաքարերը շարժել (ինչքան ես եմ հասկացել շախմատային լեզուն, տեղափոխության դեպքում Արքան՝ տվյալ դեպքում Ղարաբաղը հայտնվում է առավել պաշտպանված դիրքում՝ զինվորների հետեւը ու հնարավոր «շախերից» հեռու է լինում):
Գոռն ասում է՝ պետք է դրանից հետո պատառաքաղ անել Ադրբեջանին: Նշեմ, որ սա տակտիկական քայլ է, որը նշանակում է հարձակում հակառակորդի միաժամանակ երկու խաղաքարերի վրա, որի արդյունքում ստիպված պաշտպանում է մեկը՝ կորցնելով մյուսը: Գոռի բացատրելով՝ օրինակ եթե մենք պատառաքաղ անենք իրենց Արքայի ու Նավակի մեջ, նա ստիպված կզոհի նավակը, կկորցնի 5 միավոր: Իր խոսքերով՝ «ուժեղ ցավ կպատճառենք»: Եթե պատառաքաղն էլ չստացվեց, ըստ երեխայի, մենք էլի ուժեղ ենք, կարող ենք հաղթել. «Մեր զինվորները ճարպիկ են, կհասնեն վերջին հորիզոնական ու ինչ ուզեն՝ կփոխակերպվեն, կուզեն, կդառնան Ձի, Թագուհի, Փիղ ու շատ հեշտ մատ կանենք Ադրբեջանին՝ քիչ-քիչ տանելով անկյուն»:
Իհարկե, Ղարաբաղի հարցի լուծման այս բոլոր քայլերն ինձ շատ են ուրախացնում, բայց հոգու խորքում ես հավատում եմ միայն զինվորների փոխակերպման ու Թագուհի դառնալու տարբերակին: Բայց որպեսզի մեր զինվորը հասնի այդ սահմանագծին՝ վերջին հորիզոնական, իրեն պաշտպանել է պետք այլ խաղաքարերով: Մեզ համար թանկ է ցանկացած խաղաքար՝ հակառակորդի վրա ուղղահայաց, հորիզոնական, անկյունային հարվածներ հասցնելու համար, իսկ մեր կառավարությունը նոր-նոր 3 շաբաթ ժամանակ է տալիս էկոնոմիկայի նախարարին՝ մեր խաղաքարերը կուլ տվածներին բացահայտելու համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ