Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջ՝ 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ կասկածվողը նրա մոտ ընկերն է՝ 1976 թվականին ծնված Արմեն Փափազյանը, որը Շիրակի մարզի հարկային տեսչության աշխատակից է, Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի հանգուցյալ պետի՝ Համիկ Փափազյանի որդին:
Ըստ մեր տեղեկությունների, ընկերները միասին երեկ երեկոյան կերուխումի են նստել Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում գտնվող «Ոսկե բլուր» ռեստորանում, սեղանի շուրջ ծագել է վիճաբանություն հնչած հայհոյանքի պատճառով, եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ, որն ավարտվել է «Մայր Հայաստանի» տարածքում «խոզանոց» կոչվող վայրում սպանությամբ:
Այնուհետ Գուրգեն Ավետիսյանի դին տեղափոխել ու գցել էին նրան պատկանող խանութի դիմաց, մարմնի վրա եղել են հրազենային վնասվածքներ: Նրան առաջինն այդ վիճակում տեսել էր եղբայրը, որն իր մեքենայով տեղափոխել էր Գյումրի բժշկական կենտրոն: Գյումրի բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրեցին, որ դին սառած է եղել, որը նշանակում է՝ մահը վրա էր հասել ժամեր առաջ:
Շիրակի մարզի դատախազությունից մեզ տեղեկացրեցին, որ սպանության պատճառն անձնական փոխհարաբերությունների պատճառով ծագած վիճաբանությունն է:
Կարդացեք նաև
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, սպանության մեջ կասկածվողը ունի 3 երեխաներ, իսկ «Դղյակի» տերը՝ երկու որդիներ: Մենք եղանք «Դղյակ» խանութի մոտակայքում, որի հետնամասում ապրում են Ավետիսյանները: Հարեւանները պատմեցին, որ նրանք շնորհքով մարդիկ են՝ հարեւաններին օգնող, ամբողջ թաղը օգտվում է նրանց խանութից, «նիսյայով» սնունդ է վերցնում, աղքատ մարդկանց օգնում էր, իսկ Ղարաբաղյան պատերազմը սկսվելուն պես՝ Գուրգենն անընդհատ սննդամթերք է ուղարկել Արցախ:
Հարեւաններից մեկը, որը միրգ-բանջարեղեն էր վաճառում վերոնշյալ խանութի մոտ, ասաց, որ Գուրգենին երեկ վերջին անգամ տեսել է ժամը 18.00-ին, խանութի դիմաց էր, եկավ, զրուցեցին, հետո ժամը 20-ի մոտակայքում սկսվեց ուժեղ անձրեւ, ինքն էլ ստիպված էր մրգերը տնակ տեղափոխել: «Ժամը 23.00-ի սահմաններում մեր դուռն ուժեղ ծեծեցին, բացեցինք, լիքը ոստիկան, լեղապատառ եղա, ասի՝ տեսնես ի՞նչ են ուզում, որ չասին Գուգուշին սպանել են, ուշաթափվել եմ, էնքան վատ էի, մինչեւ գիշերը 3-ը պահել են ոստիկանությունում, հարցաքննել են: Աչքիս առաջ եկավ նրա մանկությունը, երկու եղբայրներով ամեն ինչ սկսել են զրոյից, հիշո՞ւմ եք երկրաշարժից հետո դախլիկ էին դնում, ապրանք վաճառում, իրենք դրանով սկսեցին, հետո կառուցեցին «Դղյակ»-ը: Շատ հասնող տղա էր, ես չգիտեմ ի՞նչը կարող է պատճառ դառնալ էդ տղային սպանելու, բա դա անելու բան էր»,-լացում էր հարեւանուհին:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ավելի վաղ Aravot.am-ին տեղեկացրել էր, որ «Դղյակ» խանութի տիրոջ՝ Գուրգեն Ավետիսյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Երբ մի անհասկանալի բան էր պատահում, Նապոլեոնը խորհուրդ էր տալիս՝ ,,կին փնտրեք!,, Հայերիս դեպքում մի քանի սատանա պետք է փնտրել՝ փողի հարց, դատարկ ամբիցիա, վրեժ եւ այլն (կինը երեւի վերջին դեպքում) Ափսոս ջահելին: