Լրահոս
Օրվա լրահոսը

Գանձակը հրաժեշտ տվեց իր հերոս-զինծառայողին (ֆոտոշարք)

Մայիս 15,2016 16:24

Մայիսի 14-ին Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում հրաժեշտ տվեցին օրերս ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում ստացած զինծառայող Արմեն Մարտիրոսյանին: Նա ծնվել էր 1996թ.-ին` Գանձակում, կրթություն ստացել տեղի դպրոցում, ապա` երաժշտական քոլեջում: Ամիսներ հետո կզորացրվեր:

13151888_519935921540646_6011916774049520193_n

«Ժպտադեմ, հասնող, ինքնավստահ, ջիգյարով»,-Արմենին այսպես են բնութագրում հարազատները, ապա շտապում ավելացնել` «Տան ճրագն ու լույսն էր` թիկնեղ, կանաչաչյա երիտասարդ…»:

Արմեն Մարտիրոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: «Քառօրյա պատերազմի ընթացքում նա աչքի է ընկել խիզախությամբ եւ վճռականությամբ»,-ասված է Արցախի նախագահի` պարգեւատրման մասին հրամանագրին կից ուղերձում:

«Շատերը 70 տարի ապրելով` կյանքում հետք չեն թողնում, իսկ քո որդին հանուն հայրենիքի զոհված հերոս է»

Արմենենց տուն էին շտապում ծանոթ-անծանոթ գանձակեցիներ, հարեւան համայնքների, Գավառի բնակիչներ` սփոփելու միակ ժառանգին կորցրած ընտանիքի անդամներին:

Հերոսի մորը մխիթարելու էր եկել Արցախում այս տարվա հունվարին զոհված հերոս Արամայիս Ոսկանյանի մայրը` Անուշ Հակոբյանը: Նա պատմում էր, որ ինքն էլ Արմենի մոր պես երեք քույր եւ մեկ որդի է ծնել: Արամայիսին ունեցել է 40 տարեկանում: Արամայիսի զոհվելուց հետո, Արմենի մորը ցավակցելու համար առաջին անգամ էր տանից դուրս եկել:

armen

«Դու հերոսի մայր ես, գլուխդ բարձր` հպարտ…»,-ասում էր նա Արմեն Մարտիրոսյանի մորը:

«Տղեն պետք է Ղարաբաղ ծառայի»

«Լուսանկարներից մեկում նկատեցի, որ մեդալ էր ստացել, հարցրեցի, բայց չասաց, թե ինչի համար է պարգեւատրվել: Հրամանատարն ասաց` «նա հերոս է, հեռախոսով ինչ հարց տվել եք` խաբել է Ձեզ: Առաջնագծում է կռվել, ոգեւորել ծառայակիցներին, բարձր պահել նրանց մարտական ոգին»:  Ապրիլյան պատերազմի օրերին չհաջողվեց հետը կապ հաստատել, հետո զանգեց ասաց` «մամ ջան, մենք այնքան հեռու ենք առաջին գծից, որ կրակոցները չեն լսվում, հանգիստ  եղիր»: Այսօր միայն իմացանք, որ մեր այդ զրույցը պատերազմի ժամանակ է եղել, նա առաջին գծում է եղել եւ առաջնորդել զինակիցներին, բայց խաբեց մեզ, որ հանգիստ լինենք: Ասում էինք` «ճիշտն ասա, վիճակը լավ չէ, այնպես չէ՞… ասում էր` «չէ, մեր մոտ ամեն ինչ լավ է, այդ Ձեր մոտ է վատ վիճակ, իսկ մեզ մոտ տնից լավ է»,-հիշում է Արմենի քույրը` Անին:

Armen Martirosyan 5

Մորն ասել է` «1 սմ հողն էլ պետք է հետ բերենք, Արցախը մեր հողն է, պետք է պաշտպանենք»…

«Արմենի «պավեստկեն» դեռ չէր ստացվել, բայց նա ընկերոջ հետ գնացել էր «վայենկոմատ», դիմում գրել, որ իրեն տանեն Արցախ: «Վայենկոմատից» խորհուրդ էին տվել տուն գնալ եւ գալ այն ժամանակ, երբ կգա ժամանակը… Արմենս ասում էր, որ եթե հանկարծ Երեւան ընկնի ծառայելու, դիմում կգրի, որ իրեն Արցախ տանեն: Ասում էր` տղեն պետք է Ղարաբաղ ծառայի, Երեւանում ծառայելը ծառայել չէ»,-եղբոր խոսքերն է մեջբերում Անին:

«Ինձ խաչ կուղարկես…»

Արմենի համար նվիրական ուխտատեղի էր Թալիշի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Քրոջն ասել է, որ «Ժիմ» անելուց կոտրել է պարանոցից կախված խաչը եւ խնդրել նորն ուղարկել:

zinvori irer

Դաշնամուր, որն այլեւս չի նվագի…

Արմենը սովորել է Գավառի երաժշտական քոլեջում: Մարտիրոսյանների տան մի անկյունում դրված են նրա ակորդեոնն ու դաշնամուրը, որի մի ստեղնը պոկված է: Արմենն ասել է. «Ձեռք չտաք, ես կգամ` կշինեմ…»:

Arm-Martirosyan dashnamur

a

7 տարեկանից Արմենն ու երաժշտությունն անդավաճան ընկերներ են եղել, նվագել է նաեւ «սինթեզատոր» եւ դհոլ: «Ընկերներով հավաքվում էին, գնում մի տեղ ու նվագում: Բանակ գնալուց առաջ իր ծննդյան օրն ի՜նչ քեֆ արեցին… Երաժշտական մրցույթներում հաղթել է, բայց մեծ բեմերի մասին չէր երազում»,-պատմում է Անին:

Armen M-i irer

Ապա ցույց է տալիս եղբոր կարդացած գրքերը եւ հավելում, որ հետախույզ-գնդացրորդ Արմենի սիրելի գիրքը «Կոմս Մոնտե-Քրիստո»-ն էր:

Armen Martirosyan_tun

«Սերս գաղտնի թող մնա…»

Արմենը սիրած աղջիկ ուներ, բայց այդ մասին ընտանիքի անդամներին չէր ասում: «Որ հարցնում էինք` սիրած ունե՞ս, ասում էր` «մամ ջան, այդ թեման փակ է, ուրիշ բանից խոսա»: Ամաչում էր մորն ասել»,-նկատում է Անին:

Armen martirosyan Armen martirosyan1

Կիսատ  մնացած տունը…

Արմենի քույրը նշում է, որ եղբայրը երազանքներ չուներ, միայն մտածում էր ծառայությունն ավարտելուց հետո թեւ ու թիկունք լինել հորը:

Ընտանիքի անդամների հետ զրուցելիս միշտ ասում էր. «Ինձ պատմեք` ո՞նց են քույրերս, նրանց երեխաները, հարեւաններս, իմ գյուղը…»:

Ամենից շատ Արմենը ցանկանում էր մորն առողջ տեսնել: Ասում էր` «Մամ ջան, գամ, դու դուռը բացես առաջս, հետո զինվորական հագուստով գնամ քույրերիս տուն»:

«Ինձ հետ խոսելուց էլ ասում էր` քվորնյակս, ո՞նց ես… չնեղվես հանկարծ, ես քեզ չեմ թողնի»,-հիշում է Անին, ապա կրկնում Արմենի մեկ այլ խոսքը. «Այսօրվա  կյանքով ապրեք»:

Armen Martirosyan 3

Արմենի ձեռքով էր սկսվել Մարտիրոսյանների տան վերակառուցումը: Արմենը հորը խոստացել էր, որ բանակից գալուց հետո միասին են շենացնելու տունը…

Հերոսի երկու քույրերը երեխայի են սպասում: Պատմում են, որ բարի լուրը հեռախոսով լսելուն պես Արմենն աշխարհով մեկ է եղել… Քույրերից մեկն Արմենին հեռախոսով ասել է` «Մի սիրուն անուն ասա, որ տղաս ծնվի` դնեմ»: Արմենը կատակել է` «Սիրեկան դիր, կամ Յուրդաբեկ»…

Արմենի կերպարով սերունդներ են կրթվելու. Գանձակի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կրելու է նրա անունը…

Armen martirosyan

Արմեն Մարտիրոսյանի` ծառայության ընթացքում արված լուսանկարները` ընտանեկան արխիվից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031