Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրիում սպանել են դատարանի հարեւանությամբ՝ 50-ամյակի կամուրջի վրա գտնվող «Դղյակ» խանութի տիրոջը՝ Գուրգեն Ավետիսյանին, որն ընդամենը 40 տարեկան է ու ունի երկու որդի: Եղբայրը, նրան գտնելով խանութի դիմաց ընկած՝ հրազենային վնասվածքներով, տեղափոխել էր Գյումրի բժշկական կենտրոն: Նա ճանապարհին մահացել է:
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը իր մեքենայով՝ ժամը 22.45 րոպեին, սակայն դին սառած է եղել, որը նշան է այն բանի, որ մահը վրա է հասել ժամեր առաջ:
Գյումրեցիները Գուրգեն Ավետիսյանին բնութագրում են որպես խելոք, շնորհքով, աշխատասեր մարդու, որը բիզնեսը վարում էր եղբոր հետ: Թե ո՞րը կարող էր լինել նրա սպանության պատճառը, դեռ անհայտ է մնում, կասկածյալ չկա, նույնիսկ պարզ չէ դեպքի վայրը, ոստիկանության ու քննչական խմբի մի մասն աշխատում է խանութի մոտակայքում, մյուս մասը Գյումրի բժշկական կենտրոնում է:
Նշենք, որ ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների, այս խանութի շուրջ մի քանի տարի առաջ մեծ կռիվ էր սկսվել. բանն այն է, որ խանութն ունեցել է համասեփականատեր, ու վիճաբանություն էր ծագել Ավետիսյան եղբայրների ու համասեփականատիրոջ միջեւ, ընդհուպ, ըստ լավատեղյակ գյումրեցիների, գործին խառնվել էին գողական աշխարհի ներկայացուցիչներ: Սակայն, վեճը վերջնականապես հարթվել էր անցած տարի, հաշտության էին եկել, հետեւաբար եւ անհայտ է մնում, թե ո՞րը կարող էր պատճառ դառնալ երիտասարդ տղամարդու սպանության:
Կարդացեք նաև
Ի դեպ, Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր 19.35 րոպեին պարանոցի շրջանում բազմաթիվ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց էին տեղափոխել 1987 թվականին ծնված Տ. Մարկոսյանին, որի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Արդյոք կապվա՞ծ են այս դեպքերը միմյանց հետ, բնականաբար, այս պահին ոչինչ ասել հնարավոր չէ, թեեւ Արմեն Խաչատրյանը նշում է, որ, ըստ հարազատների, վերջինս ինքնավնասվել է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ