Ռուսերեն բնագրից հայերեն է թարգմանվել Գոհար Մարկոսյան-Կասպերի (1949-2015 թթ.) «Պենելոպե» վեպը: Թարգմանիչը Կարինե Խոդիկյանն է:
Սա գրողի՝ հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Էստոնիայում հայտնի հայազգի գրողը վեպերի, պատմվածքների, բանաստեղծական ժողովածուների, ֆիլմերի և հեռուստասերիալների սցենարների հեղինակ է, Էստոնիայի մշակութային հիմնադրամի կրկնակի մրցանակակիր («Կարիատիդները» և «Մեմենտո Մորի» վեպերի համար):
Գոհար Մարկոսյան-Կասպերի ստեղծագործությունները թարգմանվել են էստոներեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, հոլանդերեն:
Կարդացեք նաև
Ամուսնու՝ էստոնացի գրող, հրապարակախոս Կալե Կասպերի հետ նա գիրք է գրել նաև կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի մասին, բայց նրան հուզող հիմնական թեման հայ կնոջ ճակատագիրն է, մասնավորապես հայրենիքի համար բարդ ու ցնցումներով լի ժամանակաշրջանում:
«Գոհարի վեպերից չորսը հայ կնոջ մասին են: Գլխավորը, իհարկե, «Պենելոպե»-ն է, որը բացառիկ ու զարմանալի գիրք է՝ Հայաստանի համար դժվարագույն ժամանակների՝ 90-ականների մասին պատմող: Բայց այն գրված է մեծ կենսախնդությամբ: Շատ լուսավոր գիրք է՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների: Թեթև շնչով, պոետիկ լեզվով ու նուրբ բառախաղերով աչքի ընկնող այս վեպը նրա կյանքի գլխավոր գործն է»,- ասում է Կալե Կասպերը:
Արդեն հեղինակի մահից հետո ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ թարգմանված և հրատարակված «Պենելոպե» վեպը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համոզմամբ, շատ ավելի վաղ պետք է ներկայացվեր հայ ընթերցողին. «Տրամաբանական չէ, որ սա արդեն վեցերորդ թարգմանությունն է, և միայն վեցերորդը եղավ հայերենը: Այն դեպքում, երբ Գոհար Մարկոսյան-Կասպերն ուղնուծուծով հայ ստեղծագործող էր: Սակայն դժվարանում եմ բացատրել, թե ինչու այսքան ուշ մենք անդրադարձանք հայերեն թարգմանությանը»,- նշեց Հ. Պողոսյանը:
Թարգմանչի՝ Կարինե Խոդիկյանի խոսքով՝ Գոհար Մարկոսյան-Կասպերը վստահ էր, որ իր գրականությունը չի թողնելու գրադարակի կամ գրասեղանի վրա. «Նա իր գրականությունը թողեց ընթերցողին,- ընդգծեց Կ. Խոդիկյանը:- Գոհարը երևույթ էր: Բայց երևի մարդը պետք է հեռանա, որպեսզի կարողանա «տեսանելի» լինել: Ցավոք, սա մեր կյանքի անհեթեթ, դաժան իրողություններից մեկն է: Ո՞վ գիտե՝ նա ինչքան է սպասել, հույս փայփայել, որ իր գրքերից մեկը երբևէ թարգմանվի հայերեն, հասնի իր իրական, հասցեագրված ընթերցողին: Մանավանդ նրա չորս գրքերը, որոնցից ամեն մեկը հրաշալի մի պատվանդան է հայի և հատկապես հայուհու կերպարի կերտման համար»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ