Այսօրվա երիտասարդները, հավանաբար, չգիտեն, թե ովքեր էին «կուլակները», եւ ինչ էր նշանակում «կուլակաթափությունը»։ Երկու բառով հիշեցնեմ։ 1920-30-ական թվականներին խորհրդային բոշեւիկները «կուլակ» էին անվանում այն գյուղացիներին, որոնք իրենց քրտնաջան աշխատանքով, ինչպես նաեւ ձեռներեցի որոշակի ջիղով կարողացել էին հասնել բարեկեցության ինչ-որ մակարդակի, ոմանք ունեին նաեւ վարձու աշխատողներ։ Այդ բարեկեցիկ գյուղացիները ոչ մի վատ բան չէին արել, պարզապես մշակում էին ավելի մեծ հողատարածքներ, ավելի մաքուր հագուստ էին կրում, ավելի կոկիկ տներ ունեին։
Բայց քանի որ բոլշեւիկյան հեղափոխության եւ հետագա պետականաշինության սոցիալական հիմնական բազան գյուղի չքավորներն էին, «բոսյակները», ժամանակակից լեզվով ասած՝ «բոմժերը», եւ քանի որ նրանց գաղափարախոսության հիմքում «հավասարության» մասին խեղված պատկերացումներն էին, նրանք նպատակ էին դրել այդ մարդկանց աղքատացնել, իսկ եթե վերջիններս համաձայն չէին իրենց սեփականությունը զիջել՝ ազատազրկել եւ գնդակահարել։ Բնականաբար, «բոսյակները», որոնց մի մասն արդեն պաշտոններ ուներ բոլշեւիկյան համակարգում, սոցիալական վրեժից ելնելով դրան կողմ էին եւ մեծապես նպաստում էին:
Ահա թե ինչ է «կուլակաթափությունը»: Նմա՞ն է այն իրավիճակն այսօրվա դրությանը: Ինձ թվում է՝ ոչ: Արդյո՞ք հարցի լուծում է՝ հարուստներից սեփականություն խլելը եւ աղքատներին կամ բանակին բաժանելը: Իհարկե՝ ոչ: Կասեի նույնիսկ, որ վիճակը ինչ-որ չափով հակառակն է: Իշխանավորներն ու նրանց մերձավորներն արդեն 25 տարի է, զբաղվում են յուրահատուկ «կուլակաթափությամբ»: Այսինքն՝ երբ նրանք տեսնում են, որ իրենց կողքը, իրենց գյուղում կամ թաղամասում որեւէ «տեր չունեցող» մարդ հասնում է որոշակի նյութական հաջողության, նրանք օգտագործում են իրենց բոլոր լծակները ՝ ոստիկանություն, հարկային, դատարան եւ այլն, այդ մարդուն աղքատացնելու եւ սնանկացնելու համար: Այնպես որ որոշ իմաստով Հայաստանում «կուլակաթափություն» եղել է եւ շարունակում է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Ունե՞ս դու տանիք վերին հարկերում
Որ ունեցվածք ես դարսում պարկերում:
-Եղբայր պատվական, ինձ պետք չէ տանիք՝
Ունեմ աշխատող ու կուռ ընտանիք:
-Տեղը չես բերում եղբայր թանձրամիտ
Ոչ էլ հարգում ես շեֆ-բարեկամիդ:
Դե՝ գրանցում եմ քեզ որպես կուլակ
Որոշիր ինքդ. թռիր, կամ՝ Գուլագ: