Զորավոր ավետարանը տարին մեկ անգամ Մատենադարանից բերվում է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի, որպեսզի հավատավոր ժողովուրդը խոնարհումի տուրք մատուցի:
Արարողության սկիզբը դրվել է 2013 թվականի մայիսի 14-ին և նվիրված է սուրբ Մովսես Տաթևացի կաթողիկոսի հիշատակի օրվան:
Տաթևացին 1620-ականներին ճգնել է այստեղ: 1629-1632 թթ. եղել է ամենայն հայոց կաթողիկոս: Այդ տարիներին պարսից Շահ Աբասից կարողացել է փրկագնով մի քանի հազար հայորդիների ազատել գերությունից:
Շուրջ չորս դար է անցել նրա մահից: Պատմությունը վկայում է, որ նա մահացել է իր սիրելի վանք հերթական այցելության ժամանակ: Այդ վանքն այսօր այն եկեղեցին է, որը մեզ հայտնի է Սուրբ Զորավոր Աստվածածին անունով: Նախկինում այն եղել է մենաստան և կոչվել է Անանիայի անապատ:
Կարդացեք նաև
«Եկեղեցին 1830 թվականին է կառուցվել և հանձնվել Մարաղայի գաղթականներին՝ որպես ծխական եկեղեցի: Այդ տարիներին այստեղ է պահվել Զորավոր ավետարանը: Այդտեղից էլ Աստվածածին եկեղեցին ստացել է Զորավոր անվանումը»,- ասում է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Զորավոր ավետարանը Մատենադարանի 10 400 հայերեն ձեռագրերից մեկն է: Ենթադրվում է, որ այն գրվել և նկարազարդվել է Կիլիկիայում, 13-րդ դարում: Ավետարանն այժմ ունի 292 մագաղաթյա թերթ: Մանրանկարներից շատերը պակասում են:
Սրբազան ավանդությունների համաձայն՝ ավետարանը Զորավոր է կոչվում, որովհետև բժշկել է շատ մարդկանց, բազմաթիվ հրաշքներ է գործել:
Մովսես Տաթևացի կաթողիկոսի հիշատակի օրվա կապակցությամբ եկեղեցում մատուցվեց նաև Սուրբ պատարագ:
Զորավոր ավետարանն այստեղ պահվեց մինչև երեկոյան ժամերգության ավարտը, որից հետո վերադարձվեց Մատենադարան:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ