Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախառովան անդրադարձել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին լուրերին՝ մեկնաբանել, պատճառաբանել և բացատրել, թե ինչի հիման վրա է կատարվում այդ գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ կարիք չկա նրբություններ փնտրել՝ Ադրբեջանին զենք վաճառելու գործում, որովհետև Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում այլ պետությունների հետ՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա։
Անդրադառնալով Ադրբեջանին սպառազինությամբ ապահովելու փաստին՝ Զախառովան ասել է. «Կարիք չկա ինչ-որ նրբություններ փնտրել, բառերում փորձել երկակի կամ եռակի իմաստ գտնել։ Դուք գիտեք, որ Ռուսաստանն այլ պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա»։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախառովան խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին. «Մենք շատ լավ հասկանում ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի բարդության աստիճանը և մենք հստակորեն պատկերացնում ենք, թե որ մեթոդները կարող են իսկապես, այլ ոչ թե խոսքերով, հանդարտեցնել իրավիճակը։ Այդպիսի մեթոդներից, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական կարգավորումն է»։
Կարդացեք նաև