Լրագրող Թաթուլ Հակոբյանի ներկայացրած թվերը այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ Թաթուլ Հակոբյանի տվյալներով Հարավային ուղղությամբ (Արա լեռ-Ղազախլար)՝ Լելե թեփե բարձունքի շրջանում, Արցախյան բանակը կորցրել է 7 ռազմական դիրք: Հյուսիսային ուղղությամբ (Մատաղիս/Թալիշ-Թափ Կարակոյունլու)։
«Երբ որ մարտական գործողությունները այս կամ այն ձեւաչափով շարունակում են, երբ որ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ ինչ որ գործողություններ կարող են լինել, ստորաբաժանումները այնտեղ աշխատում են, նման մանրուքներ քննարկելը լրջորեն կարող է վտանգել գործողությունները։ Եվ ես անցած 20 տարիների ընթացքում այդ մակարդակի դիրքային բարելավումները, բարեբախտաբար, հիմնականում ի օգուտ հայկական զինված ուժերի, բազմիցս տեղի է ունեցել, բայց ոչ մի անգամ դրանք չենք մեկնաբանել։ Եվ հիմա էլ սխալ ենք համարում դրանց մեկնաբանությունը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այս տարիների ընթացքում դիրքային փոփոխությունները մշտական են եղել, եւ հնարավոր է, որ այդ փոփոխությունները շարունակվեն.«Ինքը նշել է այնպիսի տերմիններ, որոնք ընդհանրապես չեն կարող կիրառվել, ինքը նշել է հենակետեր, երբ ընդհանուր առմամբ հարավում մեկ հենակետ է։ Եթե խոսքը ջոկային դիրքերի մասին է, երեւի դա է նկատի ուզեցել ունենալ, ապա իր տեղեկությունները մի քիչ մոտ են իրականությանը։ Բայց նույնիսկ այդ հասարակ տերմիններով իրավիճակ է ստեղծվում»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հրապարակած տվյալներին, այն է, որ հյուսիսարեւելյան հատվածում հայկական կողմը 7 միլիոն քառակուսի մետր է կորցրել՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Երբ որ առաջին անգամ այդ տեղեկությունը հրապարակվեց, ասացի, որ այնքան լուրջ չի քարտեզի վրա դա հաշվելը։ Երբ որ մարդիկ նորից պնդում են եւ փորձում են իրենց իսկ ասածը «Գուգլի» քարտեզից հանելով տեսանյութ պատրաստել, դա էլ ավելի անլուրջ է դառնում։ Շատ խորին հարգանք ունեմ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ եւ իր կողքին եղած զինվորների, որոնք երկարամյա ծառայություն ունեն զինված ուժերում։ Բայց եկեք չտրվենք այս մանիպուլյացիաներին, որովհետեւ տարրական ռազմական հմտությունները պահանջում են մի քանի կանոնների պահպանում։ Քարտեզ եք ներկայացնում հյուսիսն ու հարավը խառնած, ինքներդ էլ ներկայացնում եք, որ տեղում չեք եղել, այսինքն՝ տեղում չլինելով հաշվարկներ եք կատարում։ Զինվորականները ընդհանուր առմամբ գիտեն, որ ցանկացած զինվորական ցանկացած եզրակացություն կատարելիս տեղանքում պիտի աշխատի»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ