Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստանոցում փակված նկարները կարոտում են մարդկանց». Գագիկ Սիրավյան

Մայիս 14,2016 10:44

«Ես մտածում եմ, որ ինչքան արվեստասերն է սպասում նկարին, այնքան էլ նկարն է սպասում արվեստասերի աչքերը, ժպիտները, հիացմունքը տեսնելուն: Ինձ թվում է, որ արվեստանոցում միշտ փակված նկարներն ասում են՝ մեզ էլ տար ցույց տուր, ինչքա՞ն պետք է այստեղ մնանք, էս անգամ էլ ինձ չտարար, էն անգամ նրան տարար… Նրանք էլ են կարոտում մարդկանց»,- կարծում է նկարիչ Հենրիկ Սիրավյանի որդին՝ նույնպես նկարիչ Գագիկ Սիրավյանը:

Մարտի 16-ին լրացավ Հենրիկ Սիրավյանի հիշատակի 15-րդ տարին: Այդ կապակցությամբ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում մայիսի 13-ին բացվեց նկարչի անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունիսի 15-ը:

Ցուցադրված են Հենրիկ Սիրավյանի տարբեր տարիների աշխատանքներ՝ սկսած վաղ շրջանից մինչև ուշ շրջանը: Որոշ գործեր առաջին անգամ են ներկայացվում:

«Երբ Շորժայի հանգստյան տունը տվեցին Նկարիչների միությանը, առաջին անգամ Հենրիկի հետ գնացինք այնտեղ,- Aravot.am-ի հետ զրույցում հիշում է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:- Դրանից հետո հաճախ էինք լինում Շորժայում, որը հրաշալի միջավայր էր Սիրավյան նկարչի համար: Շատ էր սիրում բնությունը, որոշ կտորներ երևի տասնհինգ-քսան անգամ նկարած կլինի: Բոլորը գիտեին, որ, օրինակ, նույն սարը պետք է և´ առավոտյան նկարի, և´ երեկոյան, և´ անձրոտ եղանակին, և´ արևոտ: Մարդիկ երբեմն ասում էին՝ սա Սիրավի սարն է…

Ես հիշում եմ՝ ինչ յուրահատուկ բան էր, երբ հինգ նկարիչներով (Արփենիկ Ղափանցյան, Լավինա Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մինաս Ավետիսյան և Հենրիկ Սիրավյան – Ս. Հ.) ցուցահանդես արեցին: Դա 60-ականների սկիզբն էր, երբ Հայաստանն արվեստով, մշակույթով ապրող մի աշխարհ էր, երբ և´ ստեղծագործողը կար, և´ գնահատողը: Ցավոք, այսօր մի քիչ աղճատվել է այդ միջավայրը»:

Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանի խոսքով՝ Սիրավյանի վառ անհատականությունը ոչ միայն նրա գործերում, այլև կենսակերպում է արտահայտվել:

«Սիրավի նկարչությունը մեր ազգային կերպարվեստի այն երակի մի մասն է, որն սկսվում է Սարյանով, Մինասով, Կալենցով… Սիրավյանը, ինչպես և յուրաքանչյուր լավ նկարիչ, որը հետք է թողնում արվեստում, ճանաչելի է իր գործերով: Ընդհանրապես, նկարչի ճանաչելիությունը նրա ինքնատիպության մասին է վկայում, այն մասին, որ նրան հնարավոր չէ շփոթել մեկ ուրիշի հետ: Սիրավյանի՝ տարիներ շարունակ մշակած գեղանկարչական ձեռագիրը նրան թույլ տվեց բացահայտելու Հայաստանի գեղեցկությունը միանգամայն այլ դիտանկյունից, տարբեր շատ նկարիչների բացահայտումներից: Նա Հայաստանը տեսնում էր իբրև դրախտավայր:

Կոմիտասը, որը, դժբախտաբար, շատ նկարիչների համար դարձել է մեր ազգային ողբերգության՝ Եղեռնի խորհրդանիշ, Սիրավյանի մոտ բացվեց իր կենսախնդությամբ. նա Կոմիտասի ուրախությունը պատկերեց»,- ընդգծեց Լևոն Չուգասզյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031