Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո խաղաղ բանակցային գործընթացի վերադառնալու համար նախապայմաններ էր առաջ քաշել: Դրանցից մեկը Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարությունն էր ՄԽ կողմից, որի վրա կարծես թե արդեն կարելի է խաչ քաշել: Մյուսը շփման գծում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն էր, որպես երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի հրադադարի ռեժիմը:
Վիեննայում ծրագրվող հանդիպումը, ըստ որոշ մեկնաբանությունների, հենց սրան պետք է նվիրված լինի: Այս ընթացքում հիմնականում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս խոսել է այն մասին, որ շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման ճանապարհային քարտեզ էր մշակվել, որի շուրջ դեռ 2011 թվականին թվում էր, թե կողմերը մոտ են համաձայնության: Առաջարկությունը, սակայն, տապալվեց, եւ հինգ տարվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց վերադառնալ դրան:
Պատերազմից հետո Հայաստանի առաջին ուղերձը Եվրոպային եւ ՄԽ երկրներին եղել է հենց դա, որ անհրաժեշտ է շփման գծում վստահության մեխանիզմներ ներդնել: Եվ հիմա, երբ այդ նպատակով հանդիպում է կազմակերպվում, հարց է առաջանում. չէ որ Ադրբեջանը կրկին կարող է վիժեցնել նախաձեռնությունը եւ բանակցությունները վերադառնան նախկին անարդյունավետ հուն, ինչն անթույլատրելի է: Տրամաբանությունը հուշում է, որ նման բան թույլ չտալու համար Վիեննայի հանդիպումը պետք է ավարտվի փաստաթղթի ստորագրմամբ:
Մի քանի օր առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցին ի պատասխան ասաց. «Գերմանիան համանախագահների հետ համակարգված կերպով հղկում է այն առաջարկները, որոնք վերաբերում են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցներին»: Չի բացառվում, որ խոսքը Վիեննայի հանդիպման համար նախապատրաստվող փաստաթղթի մասին է:
Կարդացեք նաև
Կարելի է իհարկե կանխատեսել, թե ինչ կետեր է պարունակում այդ փաստաթուղթը, սակայն այս պահին ավելի կարեւոր է, թե ինչի շուրջ է հիմնական տարաձայնությունը, ինչի պատճառով էլ առայժմ հանդիպման փաստը չի հաստատվում: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը ապրիլի լույս 2-ի հարձակումով դե ֆակտո դուրս է եկել 1994-95 թվականների հրադադարի եւ հրադադարի ամրապնդման մասին համաձայնագրերից, իսկ օրեր անց նույնիսկ քայլ է կատարել դե յուրե դրանցից դուրս գալու ուղղությամբ, չի կարելի բացառել, որ Վիեննայի հանդիպման ճակատագիրը կախված է նրանից՝ ենթադրյալ փաստաթղթի մեջ հղում կլինի՞ 1994-95 թվականների համաձայնագրերին, թե՞ ոչ: Կամ գուցե էլ ավելի նուրբ է հարցը` հղումը ինչ ձեւով եւ բովանդակությամբ կլինի:
Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում