Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուլակաթափությունից» շատ ավելի կարեւոր է սոցիալական արդարության ապահովումը. «Հայոց աշխարհ»

Մայիս 14,2016 09:35
pashton

Ի՞նչ ակնկալիքներ կամ սպասումներ ունի մարդկանց մեծ մասը: Չհավակնելով վերջին ատյանի ճշմարտություններ բարբառողի կասկածելի դափնիներին՝ այնուամենայնիվ փորձենք ձեւակերպել այդ սպասումներից մի քանիսը:

Առաջիններից մեկն այն է, որ բազմաթիվ պաշտոնյաների պետք է վերջապես ու վերջնական ընտրության հնարավորություն տալ. իրենք պաշտոնյա՞ են, թե՞ բիզնեսմեն: Մինչեւ հիմա էլ կարծես նման օրենսդրական պահանջ կար, ինչի հետեւանքն այն է, որ բազմաթիվ պաշտոնյաների կանայք ու մերձավոր հարազատներ, ըստ եկամուտների հայտարարագրերի, բիզնեսի հանճարներ են եւ մեծահարուստներ: Բայց չէ՞ որ բոլորն էլ հասկանում են, թե ինչն ինչոց է եւ ինչի հաշվին:

Երկրորդ խնդիրը փոխկապակցվում է նաեւ բարոյական, էթիկական որոշակի նորմերի: Երեկ, օրինակ, հայտարարություն եղավ, որ նախատեսվում է խիստ մոտեցում որդեգրել եկամուտները թաքցրած պաշտոնյաների նկատմամբ: Դա ինքնին հասկանալի է: Բայց ինչպե՞ս վարվել եկամուտները ի ցույց դնող պաշտոնյաների հետ: Հետաքրքիր է, մարդիկ, որ այս տարիներին ուղղակի աչք ծակող շքեղաշուք պալատներ են կառուցել, իրենք ու իրենց ազգուտակերը թանկարժեք մեքենաներով են շրջում, այդ մարդիկ կարողանո՞ւմ են… հանգիստ քնել:

Առանց հեգնելու ենք հարցնում, առանց նույնիսկ կատակ անելու ակնարկի: Ամենայն լրջությամբ: Պարոնայք, դուք ո՞նց եք կարողանում քնել ու հանգիստ արթնանալ՝ իմանալով, որ երկրի բնակչության մոտ 30 տոկոսը աղքատության մեջ է: Իմանալով, որ կան գերազանցապես ցամաք հացով ու վերմիշելով սնվող, թերսնվող երեխաներ: Առհասարակ դուք ի՞նչ եք ուզում ապացուցել, երբ նման սոցիալական լրջագույն պրոբլեմներ ունեցող երկրում ի ցույց եք դնում ձեր հարստությունը:

Այնպես որ ծախսերի խնայողությունը, ուռճացված ապարատի կրճատումները եւ մյուս քայլերը պարտադիր ու անհրաժեշտ են: Բայց պակաս կարեւոր չէ եւ այն, որ վերջապես հայրենի բիզնեսմեն-պաշտոնյաների կամ օլիգարխ-մոնոպոլիստների գիտակցությանը հասնի, որ, նախ, իրենց այդ չտեսական դրսեւորումներով էլ ավելի են մեծացնում ներքին խզվածքը, երկրորդ՝ անկախ ամեն ինչից, իրենք էլ են մահկանացուները կնքելու, իսկ հետները ոչինչ չեն տանելու: Մինչեւ հիմա դա դեռ ոչ մեկին չի հաջողվել ու մոտակա մի քանի հարյուր տարվա ընթացքում էլ հազիվ թե որեւէ մեկին հաջողվի:

Հետեւաբար «կուլակաթափությունից» շատ ավելի կարեւոր է սոցիալական արդարության ապահովումը, նյութական բարիքների արդար վերաբաշխումը, առհասարակ, մերձավորներին սուսուփուս աջակցություն ցուցաբերելու գիտակցումը: Կարելի է անեծքներով էլ հիշվել, բայց կարելի է նաեւ բարի անուն թողնել ու լավ հիշատակ։ Յուրաքանչյուրը, ինչպես ասվում է, ունի ընտրության հնարավորություն: Կողմնորոշվելու հարց է:

Իսկ ինչ վերաբերում է «կուլակաթափությանը», ապա ընկալելի թերեւս միակ տարբերակը օրենքի ուժով գործելն է: Այսինքն՝ պետք է «բարձրացնել» պաշտոնյաների հայտարարագրերը, պարզել նրանց ու նրանց անմիջականորեն առնչվող հարազատների բիզնես գործունեության կամ հաջողակ բիզնեսի «գաղտնիքները»: Մասնավորապես, եթե կոնկրետ ու անհերքելի փաստեր կան, որ այսինչը եւ այնինչը հարկեր են թաքցրել, պաշտոնական դիրքի չարաշահում են թույլ տվել, պաշտոնը ծառայեցրել են անձնական հարստություն կուտակելու, եւ այլն, եւ այլն, ապա թաքցված հարկերը պետք է բացահայտվեն, եւ այդ միջոցներով ձեռք բերված ունեցվածքն էլ պետք է առգրավվի (հասկանալի է, դատական կարգով):

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031