Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա արդեն կարելի՞ է

Մայիս 14,2016 09:25

Երբ ապրիլին սկսվեցին ակտիվ մարտական գործողությունները, մենք «Առավոտում» որոշեցինք զոհերի, վիրավորների, տարածքների, դիրքերի մասին մեր տեղեկատվության մեջ հիմնվել միմիայն Հայաստանի պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալների վրա: Ես հիմա էլ այդ որոշումը ճիշտ եմ համարում, որովհետեւ որեւէ այլ աղբյուր կարող է այսպես թե այնպես արտացոլել հակառակորդի մոտեցումները կամ հայաստանյան ներքաղաքական շահագրգռությունները, իսկ դա կարող էր եւ կարող է վնաս տալ կյանքի ու մահու կռիվ տվող մեր զինվորներին: Ես վստահ եմ, որ այդ թեմաներով (հատկապե՛ս նշածս թեմաներով) մարդկանց վախեցնելը, գրգռելը, խուճապային տրամադրություններ ստեղծելը, բամբասանքներ տարածելը սխալ է, օգուտ չի բերում պետությանը:

Դա չի նշանակում, որ ես չգիտեմ, թե որքան կոռումպացված են, անկուշտ են մեր իշխանությունները, եւ որքան են նրանց ուղեղները ճարպակալած: Դրա մասին այսօր էլ արժե խոսել, բայց՝ ա/ դա 100-րդ անգամ կրկնելով՝ նրանց հեռացմանը չես հասնի, բ/ նրանք, ովքեր թեկուզ տեսական հնարավորություն ունեն նրանց տեղը զբաղեցնելու, իմ կարծիքով, նրանցից ոչնչով լավը չեն: Բայց ամենակարեւորն այն է, որ այս բոլոր խնդիրների քննարկումը չպիտի տարածվի իմ նշած զուտ ռազմական թեմաների վրա: Ապրիլի 1-4-ը դա բոլորը հասկանում էին, հիմա, երբ իրավիճակը ռազմաճակատում փոքր-ինչ հանդարտվել է, մեզանից շատերը դարձյալ սկսեցին կրկնել Արցախ-Ադրբեջան պատերազմի վերաբերյալ հակառակորդի քարոզչության թեզերը` երբեմն ղեկավարվելով ազնիվ, իսկ երբեմն` ոչ այնքան ազնիվ նկատառումներով: Երեւի մտածում են, որ հիմա արդեն կարելի է: Մյուս կողմից էլ՝ պետք է ընդունել, որ Հայաստանն այլ ելք չունի, քան ունենալ կարծիքների լայն սպեկտր՝ բոլոր, անխտիր բոլոր թեմաներով:

…1915 թվականի հուլիսի 26-ին բոլշեւիկների առաջնորդ Վլադիմիր Լենինը Ժնեւում տպագրվող «Սոցիալ-դեմոկրատ» թերթում հրապարակել է հոդված, որը կոչվում էր «Սեփական կառավարության պարտությունը իմպերիալիստական պատերազմում»: Հոդվածն սկսվում էր հետեւյալ թեզով. «Հեղափոխական դասակարգը չի կարող չցանկանալ սեփական կառավարության պարտությունը այս ռեակցիոն պատերազմում: Դա աքսիոմ է՝ այն վիճարկում են միայն սոցիալ-շովինիզմի գիտակից կողմնակիցները եւ խղճուկ սպասարկուները»: (100 տարում բոլշեւիկների հռետորաբանությունը չի փոխվել):

Արդյո՞ք Լենինը դավաճան էր: Ի հեճուկս բազմաթիվ պնդումների՝ ես գտնում եմ, որ՝ ոչ, դավաճան չէր: Պարզապես նա «կպած», ամեն գնով ցանկանում էր հեղափոխություն անել: Մնացած բոլոր խնդիրները Իլյիչը ստորադասում էր այդ նպատակին: Դա էլ է մոտեցում:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նորիկ says:

    Ես ընդհանրապես ՖԲ-ում եմ մեկնաբանություններ գրում, բայց էս անգամ չեմ կարող օգտվել դրանից, ու դրա համար էստեղ եմ գրում։Չնայած էստեղ էլ վատ չի։Ինչ որ տեղ էստեղ․․․․․․ ավելի խաղաղ ա))
    Կարծում եմ, եթե չլիներ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, կորցրած տարածքների հետ կապված տեսանյութը,էս բովանդակությամբ խմբագրական չեիք գրի, պարոն Աբրահամյան։Չգիտեմ, կարող ա և սխալվում եմ։Ինձ համար, որպես ՀՀ շարքային քաղաքացի, ճշմարտությունը, ճիշտ ինֆորմացիա ստանալը, ամենակարևոր բանն ա, անկաղ նրանից թե ով ա էդ ճշմարտությունն ասում,կոռումպացված,անկուշտ,ճարպակալած ուղեղով իշխանությունը, թե՞ ամեն գնով հեղափողություն անելու ցանկացողը։
    Իհարկե ,ես, Սեֆիլյանի փաստաբանը չեմ։Բայց ի՞նչն ա խանգարում ճարպակալած ուղեղովներին ցույց տալ քարտեզի վրա, թե ինչ տարածքներ ենք կորցրել։Ընդհակառակը, եթե իրենք ճիշտ են, դրանով կհակազդեն, ոչ միայն Սեֆիլյանի բերած տվյալներին, այլ նաև այդ տվյալներից օգտվող ազիկների ինֆորմացիոն “պառադին”
    Եվ մի բան էլ։Եթե ճշմարտությունը չպիտի ասենք, մտածենք, որ այն կարողա վախեցնի մարդկանց, խուճապ առաջացնի մարդկանց մոտ, կարելի ա ընդհանրապես չասել, որ պատերազմ ա սկսվել։
    Անգամ կոմունիստական կուսակցության անդամը․․․․)))Անրի Բարբյուսն ասել ա “Մեր հավատի և մեր հույսի աղբյուրը ՝ճշմարտությունն ա”

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Մի երկու խոիլիգան որ հեռացավ կայքի մեկնաբանությունների բաժնից, Նորիկ ջան, իսկապես արշալույսներն այստեղ ավելի խաղաղ դարձան

      • Նորիկ says:

        Գերագույնը “պռիզնատ” եկավ, որ 800 հեկտար տարածք ենք կորցրել։Այլևս, չենք հավատում ուղեղով ճարպակալվածների տված տեղեկատվությանը։ Հավատում ենք միայն հեղափոխականներին, պարոն Աբրահամյան։))

  2. Հ.Շ. says:

    Պատերազմի ընթացքին, պետական քարոզչութիւնը (պրոպագանդա), մաս կը կազմէ հակամարտող կողմերի զինամթերքին:

    Թշնամիին այս մէկ զէնքը արդէն բացայայտօրէն աւելի խոշո՜ր ու զօրեղ է, քան թէ մերը:

    Հետեւաբար, մեր Պետութեան քարոզչութիւնը «մատնելը» անիմաստ է, եւ կրնայ միայն տկարացնել մեզ:

    Վասն ինչի՞ է, հանրային կերպով՝ Պետութեան ամէն մի ըսածը լիովին սուտ ու սխալ պիտակելու այս կանխահաս մարմաչը, երբ որ տակաւին անմիջական վտանգը բնաւ չէ փարատած:

    Ապրիլ ամսի սկիզբը սկսած պատերազմի այս փուլին, յոռեգոյն վարկածով անգամ, պարզ է թէ յաջողեցանք հողային էական, ճակատագրական, անյեղաշրջելի կորուստներ չունենալ: Այդ մէկը առարկայականօրէն անհնար կ’ըլլար գաղտնի պահել:

    Ուրեմն, այս առիթով որպէս զէնք գործածվող պետական քարոզչութիւնը չի վերաբերիր էական տուեալների, այլ երկորդական – եւ շատ հաւանաբար՝ ժամանակաւոր – իրողութիւնների: ( Խօսքը փաստօրէն մարդկային կորուստների մասին չէ, քանզի այդ ուղղութեամբ առօրեայ, մանրակրկիտ – եւ խորապէս սրտաճմլիկ – հաղորդումներ կանոնաւորապէս կը հրապարակեն պաշտօնական աղբիւրները: Այդ մասին առաջին մի քանի օրերի տեղեկատվական զսպումը շատ բնական էր, անհրաժեշտ էր) :

    Իբրեւ թէ յանուն Մեծն Ճշմարտութեան շատախօսող մի քանի անձիք, այս օրերին, կը հետապնդեն հիմնականօրէն ներքաղաքական նպատակներ: Իսկ այդ միտումով իրենց կատարածն ալ շատ աւելի կոպիտ հակա-պրոպագանդա է: Այս տեսակէտից, անոնք մեր պետութիւնից ե՜լ թուրքերից ել շատ աւելի հմուտ ու վարպետ են, անկասկած. սակայն ափսոս, ծուռ ուղղութեամբ կը կրակեն այդ յատուկ զէնքը:

    Ի դէպ, յատկապէս հետաքրքիր է պարագան այն անձերին, որոնք անցեալին որոշ չափով մարտական վաստակ մը ունեցած են երեւի, եւ որոնք այսօր մեծ յուզումով կը բողոքեն Պետութեան տարրական քարոզչութեան դէմ: Սակայն արդեօք… էն վախտը, իրենց կռիվի հին օրերին, չկա՞ր որեւէ պրոպագանդա… Մինչեւ այսօր իսկ իրենց «առասպելական» հռչակն ու համբավը հիմնված են՝ հարի՛ւր տոկոս, զուտ ու կատարեալ, բացարձակապէս անբիծ Ճշմարտութեան վրա՞յ… Լուրջ ըլլանք:

    Ծայրահեղ այլախոհների «փորը չտարաւ», չհանդուրժեցին պարզապէս այն իրողութիւնը որ Հայաստանի իշխանութիւնը (որու մասնիկն է Արցախի Մարզպետությունը), իր բոլոր թերութիւններով հանդերձ, յաջողեցաւ դէմ դնել այս ահաւոր յարձակման: Նախ ռազմական գետնի վրայ (բանակը ինքնաբուխ, օդից գոյացած կառոյց մը չէ, հրաշքով մարզված եւ կազմակերպուած, վերացական եւ ռոմանթիկ յղացք մը չէ…), ապա քաղաքական եւ դիւանագիտական ոլորտներում: Յատկապէս, կարողանալով խուսափիլ ճակատագրական ծուղակներից, այդ բոլոր մակարդակների վրայ:

    Այդ մոլորեալ անձիքը կարծէք պիտի նախընտրէին որ այս պատերազմը իրապէս, ամբողջովին եւ լիովին կորսնցնէինք, որպէսզի իրենք վերջապէս հասնին իրենց մուրազին: Որպէսզի կարենան ասել թէ՝ ահա, տեսա՛ք, իրենք ճիշդ էին, այս իշխանութիւնը երկիրը տարաւ դէպի վերջնական անդունդ…

    Անկախաբար այս բոլոր ակնարկութիւններից, ամենայն յարգանքով, վերեւի Խմբագրականին մէջ կ’արտացոլայ տարօրինակ բարդոյթ մը… Արդարեւ, կարծէք թէ հայերի համար աններելի ամօթ մը դարձած է, կարգին Մեղք մըն է՝ իշխանութեան դէմ չարտայայտվիլը: Պէ՛տք է որ հանրային կերպով, ծայրագոյն խստութեամբ եւ ամենաբուռն շեշտով, գոնէ մէկ-մէկ, պարբերաբար՝ խօսիլ ու գրել իշխանութեան դէմ: Եթէ ոչ, վա՜յ խայտառակութիւն՝ արդէն կը յորջորջվիս «իշխանամէտ»: Քեզ կը վերագրվին անվայել հաշիւներ, անձնական շահագրգռութիւն, փառասիրական թաքուն նպատակներ, եւայլն. եւայլն.

    Այսօր, սովորական տրամաբանութեան յեղաշրջումով, իսկական հանդգնությունը՝ դատապարտել է անմիտ, անուղղամիտ եւ քանդիչ «այլախոհութիւնը», մերժելով պատանդ դառնալ անոր քստմնելի բռնատիրութեան – ինչպէս նաեւ ուղղակի անոր զոհ գացած, որոշ հանրութեան մը կարծիքին – :

  3. Մ.Գրիգորյան says:

    «Հոսհոսին ձեռատետրը» կարդցա՞ծ եք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031