Միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Թեդ Փոն.
«Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը՝ բոլորն էլ ավելի վաղ համաձայնել էին կարգավորել այս խնդիրը, եւ իմ կարծիքով, մենք պետք է կատարենք մեր պարտավորությունը»:
Կոնգրեսականի խոսքով, Ռուսաստանը, որի պատասխանատվության շրջանակներում էր հիմնականում գտնվում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը, բավարար չափով հետաքրքրված չէ դրա կարգավորման մեջ եւ Միացյալ Նահանգներին ու Եվրոպային անհրաժեշտ է ավելի ակտիվորեն ներգրավվել կարգավորման խնդրում.
«Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը պետք է համախմբեն ուժերը եւ կարգավորեն խնդիրը՝ բոլորի համար արդար ճանապարհով, քանի որ մինչ մենք զրուցում ենք, այնտեղ մարդիկ են զոհվում»:
Կարդացեք նաև
Այս առումով հատկանշական է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարությունը, նախագահներ Սարգսյանի ու Ալիեւի միջեւ Վիեննայում հաջորդ շաբաթ անցկացվելիք հանդիպմանը պետքարտուղար Ջոն Քերրիի մասնակցության վերաբերյալ: Հայտարարությունն առավել հատկանշական է, հաշվի առնելով այն փաստը, որ Գերմանական Մարշալի հիմնադրամի վերլուծաբան Ջոշուա Ուոքերի խոսքով, առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ-ի ներկա վարչակազմն այժմ փորձում է չմասնակցել նոր միջազգային նախաձեռնություններում.
Վերլուծաբանի խոսքով, Ռուսաստանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ, պետք է հավասարակշռվեն Արեւմուտքի գործողություններով.
«Անհրաժեշտ է, որ կողմերի վրա Ռուսաստանից գործադրվող բացասական ճնշմանը լինի հակակշիռ»:
Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, երբ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու միակ միջոցն է հակամարտության թեժացումը, ապա այն պետք է փոխվի, համոզված է վերլուծաբանը.
«Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, եւ ո՛չ էլ զինյալները չունեն ռազմական միջոցներով հակառակ կողմին վերջնական պարտության բերելու բավարար ներուժ, ուստի միակ տարբերակը քաղաքական ուղին է եւ միակ հարցն այն է, թե հաջորդ վեց ամիսների ընթացքում ինչ կարող է արվել ներկա փակուղուց դուրս գալու համար»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում