Եվ երբ Նահապետը հարմար տեղավորվեց ջրաղացի եւ դարբնոցի միջեւ, նայեց, երկար նայեց իր դիմաց նստածներին ու ասաց.
– Ես հիմա ձեզ կասեմ բաներ, որ հույս ունեմ՝ չեք մոռանա.
– Շնորհքը գնահատելու համար գնահատելու շնորհք է պետք: Մշտական ընկեր չես կարող լինել, եթե քո խնդիրը օրվա հացի հետ է կապված: Ոչ մի իրականություն անշարժ չէ, քանի որ իրականությունն այդ ընդամենը մարդու թվացյալ ցանկությունների մեջ է:
– Հիշե՛ք, – շարունակեց Նահապետը, – ձեզ անտեսողը ու ձեզ թագավորեցնողը ձեր իսկ հայրենիքն է, եւ ինչքան էլ նեղության մեջ լինեք, երբեք չմտածեք, թե հայրենիքն էժան է, իսկ օրվա ուտելիքը՝ թանկ: Չգիտեմ՝ ձեզանից ով ինչի կարժանանա, բայց դժվարը Դատավորի աթոռն է, քանի որ մի օր, երբ նստեք Դատավորի աթոռին, բոլորը ձեր աչքին հանկարծ մեղավոր կթվան, նույնիսկ սիրելիներդ: Իսկ գիշերը՝ աղապատանքի պահին, կհասկանաք, որ ամենամեղավորը դուք եք:
Բայց ոչ միայն օրենքով, այլ նաեւ ձեր խղճով է պայմանավորված, թե ո՞վ է արդար եւ ո՞վ է մեղավոր: Եվ ձեզ օրենքից առաջ կփրկի նաեւ Դատավորի մեծահոգությունը, քանի որ ճշմարիտ ճանապարհն է՝ Մի՛ դատիր արդար, դատիր գթությամբ, քանզի արդար դատելը հեշտ է, բայց պաշտոն շնորհելուց առաջ չմոռանաք հետեւել նաեւ նրա խղճին: Այդպիսին պետք է լինի առաջնորդը ազգի…
Հետո Նահապետը երկար լռեց՝ շարունակ քրքրելով իր մաշված քղամիտի գրպանները: Նա անընդհատ ինչ-որ բան էր փնտրում, բայց կարծես թե այդպես էլ չգտավ: Եվ ակնդետ նայելով իրեն լսողներին՝ ասաց.
Կարդացեք նաև
– Մի օր, հերթական անգամ թագավորը գնում է որսի եւ ճանապարհին հանդիպում է յոթ զավակ ունեցող գյուղացի Սահակին, ով հանդ էր գնում: Սահակը խոնարհվում է թագավորի երթի առջեւ եւ շարունակում իր ճանապարհը: Այդ օրը, սակայն, թագավորի որսն անհաջող է լինում: Թագավորը ջղային վերադառնում է պալատ, հրամայում է կանչել Սահակին ու գլխատել:
Սահակը լսում է իր դատավճիռը եւ թագավորին ասում.
– Տե՛ր արքա, դու որսի էիր գնում, ես՝ հանդ, դու պալատ վերադարձար, իսկ ես տուն չհասա, հիմա մեզանից ո՞ւմ օրը չստացվեց: Դու կարող ես ինձ պատժել, բայց մինչ այդ մի խորհուրդ ունեմ տալու, – ասում է Սահակը, – ձեռքիդ նվագարանի լարը այնքան մի ձգի, որ կտրվի, եւ այնքան մի թուլացրու, որ չնվագի:
– Եվ որովհետեւ թագավորն իմաստուն էր, – շարունակեց Նահապետը, – Սահակին ասաց.
– Դու արդար հարց տվեցիր ինձ, ես վերադարձել եմ պալատ, իսկ դու տուն չես հասել: Այդ ես եմ մեղավոր, որ իմ որսը չստացվեց, դու գնա տուն: Եվ քանի որ մոտենում էին տոները, թագավորը նվերներ շնորհեց Սահակին եւ նրա զավակներին՝ ասելով.
– Եվ դո՛ւ, Սահա՛կ, արդարախո՛ս մարդ, չմոռանաս, սակայն, որ վաղը քո հանդի օրը չէ, այլ որսի ենք գնալու միասին:
Այսպես խոսում էր իմ Նահապետը՝ ջրաղացի եւ դարբնոցի միջեւ նստած.
– Այո՛, երբեք չմտածեք, թե հայրենիքն էժան է, իսկ օրվա ուտելիքը՝ թանկ…
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2016