Վերջին 10-15 տարիներին երեւի չի եղել մի հինգշաբթի՝ կառավարության նիստի օր, որ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ չլինեն: Պետական համակարգից, անարդարությունից, պետական պաշտոնյաներից խաբված ու տուժած քաղաքացիներն ամեն անգամ իրենց ձայնը տեղ հասցնելու, իսկ ավելի կոնկրետ՝ վարչապետին հասցնելու համար ցույցեր են կազմակերպում, բայց գրեթե ամեն անգամ, եթե կառավարության աշխատակազմից որեւէ մեկն արձագանքում է, ապա դա ընդամենը կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության բաժնի ղեկավարն է. նա դուրս է գալիս, մի երկու բառ է խոսում ցուցարարների հետ ու վերջ, քաղաքացիների խնդիրները չեն լուծվում:
Արդեն 5-րդ տարին է՝ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած քաղաքացիները, որոնք իրենց իրավունքները վերականգնելու համար սպառել են նաեւ դատական ատյանների հնարավորությունը, բողոքի ակցիաներ են անում:
Երեկ էլ կառավարության շենքի մոտ այս քաղաքացիները կրկին բողոքի ակցիա էին անում՝ գունեղ պաստառներով, որոնցից մեկի վրա պատկերված էր Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Պաստառն ամենեւին էլ պատվաբեր չէր Նաղդալյանի համար. ակնհայտ էր, որ Նաղդալյանի եւ ամուսնու գործունեությունից տուժած քաղաքացիների համբերությունը հատել է:
Սակայն այս բողոքի ակցիան ուշագրավ էր նրանով, որ մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ելույթ էր ունենում կառավարության նիստին եւ հանրությանը հավաստիացնում, որ երկրում բեկումային փուլ են սկսելու, կոռուպցիայի դեմ են պայքարելու, այդ ընթացքում Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, որը կառավարության գործերի կառավարիչն է, դուրս էր եկել եւ ցուցարարներից փորձել էր խլել նրանց այն պաստառները, որոնց վրա իր կինն էր պատկերված, եւ այդ նույն պաստառի վրա նաեւ ավանակ էր նկարված: Դավիթ Բեգլարյանը, ինչպես մեզ պատմեցին ցուցարարները, նրանց էշ է անվանել եւ ասել՝ «Էշություններ մի արեք»: «Առավոտի» հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները վրդովված ասացին՝ «Լավ էլ սիրուն նկար է, ինչո՞ւ է վիրավորվել Նաղդալյանի ամուսինը: Ուրեմն իրենք ամուսիններով մեզ խաբեն, մեր բնակարանները մեր ձեռքից վերցնեն, դեռ մի բան էլ իրե՞նք են նեղանում: Ավանակի համա՞ր էր ամուսինը վիրավորվել, բա որ մեզ քանի տարի է՝ էշի տեղ են դրել, էդ ոչի՞նչ: Մենք իրենց արածի դիմաց դեռ մեղմ ենք վարվել»:
Տարիներ շարունակ լրատվամիջոցները բարձրաձայնել են, որ Նաղդալյանն ու ամուսինը «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանին եւ Արմեն Թադեւոսյանին, որոնք ձերբակալված են, գրավադրված 14 բնակարանների դիմաց տոկոսով գումար են տվել: Այս մասին նաեւ փաստում են ձերբակալվածների ցուցմունքները: Օրինակ՝ Թադեւոսյանի եւ Բեգլարյանի առերես հարցաքննությունից փաստվում է՝ Թադեւոսյանը պնդել է, որ 300 հազար դոլար է վերցրել Բեգլարյանից, ամսական 5%-ով, իսկ Բեգլարյանը նշել է, որ ձեռք է բերել 14 բնակարան՝ քմ-ն $260-ով, բայց պայմանով, որ հետագայում այդ բնակարանները պետք է վերադարձնի՝ քմ-ն 350 դոլարով: Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշման մեջ, ինչպես ասում են տուժած քաղաքացիները եւ ներկայացնում փաստաթուղթ, գրված է. «Նախաքննությամբ պարզվել է, որ Դավիթ Գարունի Բեգլարյանը Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող, «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ 2009 թվականի նոյեմբերին ամսական 5%՝ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի ամսական հաշվարկային դրույքաչափը մի քանի անգամ գերազանցող տոկոսադրույքով նրանց տրամադրել է 300 հազար դոլար գումար, իսկ որպես գումարի վերադարձելիության երաշխիք՝ ինչպես անձամբ, այնպես էլ հարազատներն ու մտերիմները Արմեն Թադեւոսյանի հետ կնքել են հիշյալ շենքի 14 բնակարանների առուվաճառքի ձեւական պայմանագրեր»:
Կարդացեք նաև
Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում գտնվող դեռ ավարտին չհասցրած բազմաբնակարան շենքի այս նույն բնակարանների համար կոոպերատիվների ղեկավարներին առուվաճառքի պայմանագրով գումար են վճարել նաեւ շարքային քաղաքացիներ, սակայն այդ բնակարանների տերեր են դարձել Նաղդալյանն ու իր ամուսինը եւ այլ անձինք, որոնք եւս բնակարանները որպես գրավ՝ տոկոսով գումար են տվել ձերբակալվածներին: Տուժած բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ կոոպերատիվի ղեկավարներին տոկոսով գումար են տվել նաեւ ազգային անվտանգության նախկին աշխատակից Գագիկ Առաքելյանը, տոկոսով փող տվողներից են նաեւ Արման Աղաջանյանը, Վիտալի Մանուչարյանը, Ցոլակ Պետրոսյանը, Արտաշես Մելիքյանը եւ այլք:
Բնակարանի տեր դառնալու հույսով մոտ 40 քաղաքացիներ պայմանագիր էին կնքել կոոպերատիվի հետ եւ վճարել ամենաքիչը 14-17 միլիոն դրամ: Այս քաղաքացիները բոլոր դատական ատյաններով անցել են, սակայն ապարդյուն: Բնակիչներից մեկի՝ Արուսյակ Վանյանի պատմելով՝ «Դատարանները Նաղդալյանին եւ նրա ամուսնուն վաշխառու չեն ճանաչել, այլ որոշել են, որ ամուսինները ոչ թե տոկոսով են փող տվել կոոպերատիվի ղեկավարներին, այլ, ասենք՝ 13 միլիոն դրամով միանգամից 3 բնակարան են ձեռք բերել, այն դեպքում, երբ մեկ բնակարանի արժեքը 17 միլիոն դրամ է»:
Արուսյակ Վանյանն արդեն 8 տարի է՝ վարձով է բնակվում, չնայած «Նորաշեն 2007»-ից բնակարան ստանալու ակնկալիքով պայմանագրով 14 միլիոն դրամ է վճարել, հիմա որոշ վաշխառուների պատճառով անտուն է մնացել: Արուսյակի նման մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք տուժել են այդ գործարքից, պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել:
«Այդ վաշխառուները հանցավոր համաձայնության են եկել ու տոկոսով գումար-գրավի դիմաց ապօրինի համաձայնությունը դարձրել են առուվաճառքի պայմանագիր: Պարզ է, որ Նաղդալյանն ուներ այդ հնարավորությունը՝ հանցագործությունը, կեղծիքը դարձնել օրինական գործարք եւ չպատժվել: Իսկ մենք, որ ոչ պաշտոնյա ենք, ոչ տանիք ունենք, դատարանում պիտի արհամարհվեինք»,- վրդովված պատմեցին տուժած քաղաքացիները: Նրանք վստահեցրին, որ շարունակելու են բողոքի ակցիաները, վաղը երթով գնալու են ՀՀ նախագահի նստավայր. «Մինչեւ մեր բնակարանները չստանանք, չենք հանգստանալու, չենք հրաժարվելու մեր պահանջներից՝ մեր բնակարանները պետք է վերադարձնեն մեզ, Նաղդալյանին ու ամուսնուն պետք է պաշտոնից զրկեն: Այս տարիների պայքարի ընթացքում մարդիկ են մահացել, չեն դիմացել, պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ ինչ հոգեբանական վիճակում են: Ինչքա՞ն կարելի է հալածել ժողովրդին»:
Երեկ երբ նշված պաշտոնյաներից տուժածները բողոքի ակցիա էին անում, կառավարության շենքի դիմաց եւ շրջակայքում ոստիկանական խմբեր էին կանգնած. նրանք հսկում էին ոչ միայն կառավարության շենքը, նաեւ շենքին հարող Տիգրան Մեծ փողոցը, որ ցուցարարները հանկարծ փողոցը չփակեն կամ ծայրահեղ այլ քայլերի չդիմեն:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2016