Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Չես կարող մի օր ազգիդ սցենարը գրես, մի օր գնաս պրեֆերանս խաղալու»

Մայիս 14,2016 15:30

Ըստ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի,
հիմնավոր գործ անողները մղվել են հետին պլան

Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական մոնումենտալ շարքի («Հայկ. փախուստ», «Փակուղի», «Վերադարձ») յուրաքանչյուր ֆիլմ առանձին պատմություն է, բայց նաեւ նույն տրամաբանության մեջ է՝ հայ ժողովրդի ճակատագրի համատեքստում: Ընդհանրապես նրա ֆիլմերը լինելով շատ մերը, նաեւ համամարդկային են, չհնացող…Ամեն հերոսի հետ ռեժիսորն աշխատել է 20-25 տարի, աշխատել է տաժանակրորեն, արյուն-քրտինքով, թեեւ բարդ կառուցվածքով այդ ֆիլմերը պրիմիտիվ ընկալողներին թվում է, որ մեկն ուղղակի նստել ու խոսել է, մեկն էլ վերցրել-նկարել:

«Շատերը ֆիլմերի բարդ կառուցվածքը տեսնելով՝ սկսում են նյարդայնանալ, քո ազգով, քո երկրով ու պրոբլեմներով ապրելը բարդ պրոֆեսիա է: Պետք է լուրջ զբաղվես դրանով, այլապես կարելի է հոսանքի մեջ ընկնել՝ մի օր էս գոռաս, մի օր էն, էդպես հիմնական գործ չանես: Այսօր Հայաստանում կան հիմնական գործ անողներ եւ հոսանքի մեջ ընկնողներ: Հիմնական գործ անողն, օրինակ, օպերա է կառուցում, սիմֆոնիա է գրում, ֆիլմ նկարում: Բայց ո՞վ գիտի, երեւի կան այնպիսի մարդիկ, որ հասցնում են եւ դա անել, եւ մյուսը… Հիմա ես զենքը ձեռքիս չեմ կռվել, հրապարակներում չեմ գոռացել, բայց այն ֆիլմերը, որ նկարում եմ՝ սկսած «Մեր թաղի ձայներից», «Կոնդից» ու «Սպիտակ քաղաքից», ամենամեծ քաղաքականությունն են, ազգի մասին կինոուսումնասիրություններ են, ազգի տեսակի, հարաբերությունների, հոգեւոր կյանքի, դատարկության, սխալների, կտրվածության, միայնակության: Դրանք գիտական նյութեր են, որոնց մեջ, փառք Աստծո, արվեստ կա, որովհետեւ ես առանց արվեստի կինոն չեմ պատկերացնում: Դրանք լուրջ ուսումնասիրություններ են, իսկ արվեստով լրջորեն պետք է զբաղվել: Թե չէ տեսել եմ, ոնց են, օրինակ, պոետները գրում ազգի պատմության մասին՝ ջղային ժամանակ, հայհոյելով ազգին, կամ էյֆորիկ վիճակներում՝ անիմաստ գովերգելով: Երկու դեպքում էլ՝ չկա ճշմարիտ պատկեր…Ասածս ի՞նչ է՝ չես կարող հոսանքի մեջ մտնել ու քեզ լավ զգալ, պետք է հիմնավոր նյութ անես, արմատական ուսումնասիրություն, եւ եթե կարող ես՝ արվեստի գործի վերածես»,- ասում է մաեստրոն:

kino-2
Հարություն Խաչատրյանը հասկանում է, որ երբ զգացմունքային են նայում իր ֆիլմերը, բնականաբար, չեն կարող ընկալել ուսումնասիրության բարդությունը: «Ախր մի մարդը («Փակուղի» ֆիլմի Լեւոնը-Գ.Հ) մի ամբողջ ազգի պատմություն է, իր մեջ ամբողջ աշխարհի ինֆորմացիան է կենտրոնացած, իզուր չի, որ 25 տարի է տեւել նկարելը, նախորդը՝ նույնպես (նկատի ունի Հայկին` «Հայկ. փախուստ» ֆիլմից-Գ.Հ.)…Եթե երկու ֆիլմն իրար հետ նայեն, ավելի կզարմանան, իսկ եթե երեքն իրար հետ նայեն, ընդհանրապես մնայուն աշխատանք կդիտարկվի: Ցավոք, հասարակացել են մարդկանց ընկալումները, կամ հայհոյանք է, կամ սուտ գովերգում, կամ դառնում են այնքան հայրենասեր, որ չեն տեսնում թերությունները, կամ այնքա՜ն թերություններ են տեսնում… Իսկ հիմնարար աշխատանք անելով՝ ոնց որ քո ազգի սցենարը գրես: Ընդ որում՝ դու իրավունք չունես մի օր քո ազգի սցենարը գրես, մի օր գնաս պրեֆերանս խաղալու…Ես միշտ զարմացել եմ, որ մարդիկ կարող են մի քանի գործում շատ տաղանդավոր լինել: Երբ դու քո ազգի, քո կողքի մարդու կամ քո ընկերոջ, քո ընտանիքի պատմությունն ես գրում, ամբողջ օրն ես գրում՝ ուզում է ճամփորդես, գնաս խմես, թե ինչ անես, դա քո մեջ է, անընդհատ փոփոխվում է, մերժվում, հետ է գալիս… Ես միշտ զարմացել եմ, որ ռեժիսորները, երբ ուզում են սցենար գրել, գնում են Ծաղկաձոր, Դիլիջան կամ Մոսկվա, որ գրեն…»:
«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ՝ «Փակուղի» ֆիլմի ասիական պրեմիերան կայացել էր այս տարվա ապրիլի 24-ին՝ Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 19-ին՝ համաշխարհային պրեմիերան էր՝ Շվեյցարիայի Նյոն քաղաքի Vision du Reel միջազգային կինոփառատոնի շրջանակում: Թեեւ ֆիլմին «դրսում» տրված բարձր մասնագիտական գնահատականներին ու լավ իմաստով դրա շուրջ առաջացած աղմուկին, կինոմրցանակների ու դափնիների պակաս չունեցող Հարություն Խաչատրյանը կարծում է, որ հիմնականում նման ծանր ֆիլմերով ավելի քիչ են հետաքրքրված, քան, ասենք՝ պարզունակ, կենցաղային սյուժեներով: Բայց արվեստի նշաձողը պահպանող մարդիկ, բնականաբար, զատում են այժմեականը չհնացողից ու համամարդկայինից:

«Ես շատ մեծ տանջանքով եմ արել այս ֆիլմերը, որովհետեւ ամեն մի փախուստի մասին մտածել եմ, ամեն մի խոսքի մասին մտածել եմ, սա ուրիշ ուսումնասիրություն է, երբ հետագայում կուզենան տեսնել, թե քո ժամանակի իսկական պատկերը որն է եղել, հաստատ էս ֆիլմերը պետք կգան նայելու համար»,-համոզված է մեր զրուցակիցը:
Կինոռեժիսորն ափսոսում է, որ այսօր Հայաստանում հակված չեն ամեն հիմնավորի մասին մտածելու. «Օրինակ, կինոդպրոցի, կինոկենտրոնի, կինոթանգարանի, մշակութային համալիր կրթության գաղափարը «վերեւներում» ընդամենը դրվատեցին ու դրանով գործը ավարտված համարեցին»: «Մարդիկ, որ ի պաշտոնե դրանով պետք է հետաքրքրված լինեին, այնքան զբաղված են օրվա, ժամի հարցերով, որ ժամանակ չունեն հետ նայելու, այսօր մտածող օրգանը չկա…

Վխտացող անկրթությունը, գռեհկությունը կերել են բոլորին, տեսեք, թե գռեհիկ ֆիլմերի, գռեհիկ ներկայացումների, գռեհիկ խոսքի ինչպիսի հերթ է…Գռեհիկ վերլուծություններ, տակտի պակաս, ո՛չ կորուստն է վրաներն ազդում, ո՛չ էլ այլ բան, ամեն ինչը ծռմռում, հարմարեցնում են իրենց, ոչ արվեստի չափանիշը կա, ոչ բարոյականության, ոչ սրբության, ոչ կորստի, ոչ ձեռքբերումների: Դրա համար էլ վախենում են իմ ֆիլմերը ցույց տալ, կամ մարդկանց զայրացնում են ֆիլմերս, հիասթափվում են, թողնում-գնում, կամ հավես չունեն ուրիշի դարդի մեջ մտնելու: Դժվար է հանդիսատես հավաքելը, 90%-ը չմտածող մասսան է, էմոցիոնալ, միգուցե դիմադրող, գոռացող, գործողություններ անող, բայց չմտածող, որովհետեւ ժամանակ չունի հասկանա, խորհի, ֆունկցիոնալ անգրագիտությունը բոլորին «սպանել» է…»,- փաստում է ռեժիսորը: Նրա համոզմամբ, ամեն ինչից մի քիչ անելու տրամաբանությունն է հետ մղել հիմնավորի հանդեպ ուշադրությունը, արվեստը կառավարելը ու փողն «արդարացի» բաշխելը. «Մարդիկ, որ իրենց վրա այդքան վստահ չեն, վախից այնքան արգելքներ են ստեղծել՝ փողը ճիշտ ծախսելու համար, մինչդեռ ամեն մի ստուգող արդեն փչացնում է այդ փողի որոշ մասը, չկա ազգային նախագիծ, իսկ արվեստի հիմնարկներ պահելը ծանր բան է, մանավանդ՝ ամեն մեկին թվում է, որ ինքն է ամենակարեւորը, ամեն մեկը կոչումներ, վաստակներ, ծանոթներ ունի, խեղդում են: Իսկ դրա համար չպետք է արվեստը կառավարվի, պետք է հիմնական ուղղությունները եւ հիմնական ֆինանսավորումները որոշվեն եւ ազատ թողնեն այն մարդկանց, որոնք վերցրել են պատասխանատվությունը այդ գործն առաջ տանելու:

Օրինակ, իմ նախագիծը չի հաստատվում, որովհետեւ գուցե ինչ-որ աղջիկ ժամանակ չունի, գուցե իր վրա այնքան գործ են լցրել: Մինչդեռ պետք է ուղիղ կապեր լինեն, մի անգամ հաստատեցի՞ն քո փախուստի պատմությունը, վե՛րջ, 5, 10, 15 տարի, հանգիստ շարժվենք, թե չէ ինչի նման է՝ ամեն անգամ ապացուցես, որ դու ուղտ չես….Ախր չի կարող մի վեց անիմաստ փառատոն լինել, կինո ղեկավարող 12 կառույց, 4 ստուդիա լինի, երբ ընդամենը մի ստուդիայի հնարավորություն ունենք, չի կարելի «Հայֆիլմը» անիմաստ տալ մեկին, հետո վերցնել ուրիշին տալ: Օրինակ, ինձանից գոնե մեկ անգամ խորհուրդ չեն հարցրել, թե ի՞նչ անենք, որովհետեւ ձեռնտու չէ, էն ժամանակ, որ վաճառում էին, ընդամենը երկու հոգի էինք վաճառքին դեմ, մեզ չէին կանչում վարչապետի մոտ խորհրդակցության կամ նախագահական, որովհետեւ մտածում էին՝ դրանք խառնակիչ են, ամբողջ ժողովը կփչացնեն, իսկ իրենց համար կարեւոր էր, որ ժողովը հանգիստ անցներ, մեկը մի բան ասեր, մյուսները համաձայնեին…: Հարցնում էինք՝ ինչո՞ւ եք վաճառում, պարզվում է՝ բոլորը օգուտներ ունեին, բայց իրականում մեծ օգուտը կորցրինք»:

Մաեստրոն ծրագիր է առաջարկում. «Ոչ մի նախագիծ բաց չի պաշտպանվում ու հաստատվում, չեն հարցնում՝ ինչո՞ւ ես նկարում, օրինակ, չեն հարցնում ինձ՝ ինչո՞ւ պիտի ես նկարեմ՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը», պիտի ինձ լսեն, ես կանգնեմ եւ կինեմատոգրաֆիստների, եւ ֆինանսավորողների ու լրագրողների առաջ ու պատասխանեմ՝ ոնց եմ անելու, որտեղ եմ անելու, ինչպես եմ մտածում, ում է էդ պետք: Եթե համոզվեն, նոր թող ստորագրեն: Այսօր բազմաթիվ ֆիլմեր կան, որ անունը չգիտենք, բազմաթիվ ներկայացումներ կան, որ ոչ մեկը չի տեսել, բազմաթիվ նախագծեր կան, որ ոչ մեկին պետք չեն…Այս ապրելաձեւը սարսափելի է…Ճիշտ է, պատերազմն ամեն ինչ է խառնում, բայց պետք է երկու ձեւ ունենանք՝ կեսը զբաղվեն հրատապ բաներով ու շատ լուրջ զբաղվեն, մյուս կեսը զբաղվեն հիմնարար բաներով, այո, մեկը պետք է զբաղվի, որ հենց էսօր հաց հասցնի դիրքեր, մյուսը պետք է զբաղվի մշակույթով, գիտությամբ, որպեսզի զենք պատրաստի, ֆոնդեր բերի: Լուրջ կինոն շոու-բիզնես չի, պետք է ազգային արվեստի գործ նկարես, որ կարողանաս աշխարհում ցուցադրել, անպայման չի, որ գնա «Օսկարի», մանավանդ էդքան փող չունենք, բայց որ գոնե պետք է մի 10 փառատոնում ցուցադրվի, հայերի մասին խոսվի: Թե չէ, եթե չեն գնում փառատոնի, չեն ցուցադրվում, ոչ մեկին պետք չեն, էլ ինչի՞ համար են նկարվում այդ ֆիլմերը»: Հարություն Խաչատրյանը վստահ է, որ իր Լեւոնի նման իսկական միս ու արյուն ունեցող կերպարի դեֆիցիտ կա կինոաշխարհում, այսպիսի մարդկանց գտնելը, բացելը ամենաբարդ խաղարկային ֆիլմից էլ բարդ է, որովհետեւ եթե Ռոբերտ դե Նիրոն ստեղծում է էդպիսի կերպար խաղարկայինում, ապա Լեւոնը ստեղծել է դե Նիրոյին հավասար կերպար վավերագրականում: Ընդ որում, երկուսի հետ աշխատող ռեժիսորները նույն չափով են չարչարվել: Լեւոնի շարժվելը ռեժիսորի համար համարժեք է մոլորակում սալաքարի շարժվելուն:

Ինչ վերաբերում է արվեստագետներին ընդհանրապես, Հարություն Խաչատրյանը նրանց ամենատիպիկն է բնորոշել. «Արվեստագետները զգայուն մարդիկ են, շատ շուտ են վիրավորվում, շուտ վախենում, նրանք իրենց արվեստի մեջ են համարձակ, իրականում կարող է մի բան ասես, կարող է մտնեն տուն, մի ամիս դուրս չգան, կարող է վախից թողնեն Հայաստանից գնան, բայց երբ նայում ես, տեսնում ես, թե իրենց արվեստում ի՜նչ համարձակություն կա, ի՜նչ կռիվ կա մեջը, որովհետեւ իրենք հենց դրա մասնագետն են»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
13.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031