Բանալի՝ դեպի Նորայր Ադալյանի արվեստը
«Գրողի համար չկա ավելի վտանգավոր պահ, քան ստեղծագործական ազատության բռնադատումը հասարակական կարծիքով, որն իր հզոր ամբողջականությամբ ոչ միշտ է ճշմարիտ: Միանշանակորեն ընկալվում են գերեզմանոցը եւ հանգուցյալները, բայց ոչ գրականությունն ու արվեստները: Ես չեմ սիրում իմ պատասխանները պարտադրել ընթերցողին: Նրան կանգնեցնելով այս կամ այն հարցի առաջ եւ չպատասխանելով, ես նրան մտածելու ավելի մեծ ազատություն եմ տալիս: Վատ է, երբ միայն ետ եմ նայում: Նույնքան վատ է, երբ առաջ եմ նայում առանց ետ նայելու: Արվեստը փոփոխական ու շարունակելի ժառանգականություն է, ահա թե ինչու մշտապես կենդանի ու հավերժական է: Գրականությունը զգացմունք է, բայց նաեւ գիտություն»,- մի առիթով ասել է ճանաչված արձակագիր, թատերագիր Նորայր Ադալյանը, որը ամռանը կտոնի 80-ամյա հոբելյանը:
Այս արվեստագետը գրական-գեղարվեստական այն հզոր սերնդի ներկայացուցիչն է, որին կոչում են «60-ականների սերունդ»:
Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում Նորայր Ադալյանն ասել էր նաեւ. «Ես հուզական մարդ եմ, իմ զգացմունքներն են մտածում: Իմ ամբողջ գեղարվեստական «ինտելեկտուալիզմը» ձեւավորվել է ինձ համար գլխավոր երեք հուզմունքներից՝ սեր, մանկություն, տառապանք. հաճախ նրանք են ինձ թելադրում արձակ ու դրամատուրգիական սյուժեները: Իմ ստեղծագործություններում նրանք առանձին գոյություն չունեն. սերը տառապում է մենակությունից, մինչեւ անգամ միմյանց հավասարապես խոր սիրող հոգիների դեպքում: Երջանիկ սերն աբսուրդ է, սերը միշտ դրամա է… Փորձում եմ գրականություն անել, ահա չորս տասնամյակ, եւ չգիտեմ՝ մի տեղ հասե՞լ եմ արդյոք: Ճանաչելով հայ եւ համաշխարհային գրականության ընտրանին, գիտություն ու գեղարվեստական մշակույթ, պետք է լինես առնվազն ինքնասիրահարված կույր՝ քեզ բարձրաձայն ու հրապարակավ գրող հռչակելու համար: Ինչպես չհիշեմ Թումանյանի հոգու խռովքն իր վերջին նամակներից մեկում՝ «Արդյոք ես բանաստեղծ եմ»: Ես գրում եմ, որովհետեւ ի վիճակի չեմ ուրիշ գործ անելու, սա իմ ապրելակերպն է»:
Օրերս հրատարակվել է լուսահոգի Լեւոն Մութաֆյանի՝ «Նորայր Ադալյանի գրականությունը եւ իրականությունը» աշխատությունը: Հեղինակի ձեւակերպմամբ՝ այս ուսումնասիրությունը Նորայր Ադալյանին ճանաչելու մի նոր ճանապարհ է, բանալի է դեպի նրա գրականությունը, որին անդրադառնալիս մենք զուսպ մնացինք գնահատում արտահայտող զրնգուն մակդիրներից: Տեսական քննարկումները մակդիրներից հեռու են, իսկ մակդիրներին թող դիմեն բոլոր նրանք, ովքեր մեզ հետ միասին կհաստատեն, որ Նորայր Ադալյանի գրականությունը, այդ թվում՝ «Խաղաղ զորանոցներ», «Մրջնանոց», «Ետ մի նայիր», «Շոգ ամառ» ստեղծագործությունները եւ այլն, իսկապես եզակի իրողություն է հայ գրականության պատմության մեջ:
Կարդացեք նաև
Գրքում կարդում ենք. «1960-ական թվականներին ստեղծագործական հայտ ներկայացրած եւ ինքնահաստատման առաջին քայլերը կատարած գրողական սերունդը քիչ ենթարկվեց այն գաղափարախոսությանը, որը դավանել էր երկիրը: Սա սերնդի եւ Նորայր Ադալյանի կարեւորագույն ձեռքբերումներից մեկն էր: Ադալյանի գրական շատ երկեր ստեղծվեցին արդեն պատմական նոր ժամանակաշրջանում, որն անկախության ժամանակաշրջան ենք անվանում, երբ փլուզվեց սոցիալիստական համակարգը, առաջադիր դարձան միանգամայն նոր սկզբունքներ՝ այդ ամենը տեղավորելով գրեթե քաոսային, առանց ընդգծված հայեցակարգերի մի իրավիճակի մեջ, որում միայն մեկ գաղափարական շրջագիծ ձեւավորվեց՝ ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսությունը»:
Անդրադառնալով ադալյանական թատերգությանը, հեղինակը գրել է. «Այն իր տեսակով եւ բնույթով իրապես նորություն էր, նորարարական, որը պարտադրում էր ու պարտադրում է բեմարվեստին վերանայել բեմազգացության ու բեմական գործողության շատ կանոններ, շոշափելիորեն ընկալել բեմի ու բեմական կյանքի բնազանցական բնույթը, խաղի մշտական ներկայությունը, քանի որ բեմը խաղի «հանգրվանն» է: Իսկ Ադալյանը վերանայեց նաեւ դրամատուրգիական ավանդույթները եւ իր պիեսներում («Ներկաներ եւ բացականեր», «Սպանության վկաներ», «Կինը եւ տղամարդը», «Բորենու ժամանակը» եւ այլն) բնավորեց խաղային իրականության եւ հոգեբանական զգայական աբստրահարման սինթեզն ու մեթոդը: Թատերագրի ձեւավորած գիտական տարածքում աբսուրդը, սյուրռեալիստական ընդգրկումներն ու պոստմոդեռնիստական փայտածումները ներկայանում են մեկ ամբողջության մեջ, թատերական ընկալումների դաշտ բերում պարադոքսի ու միստիկական «ռեալության» համադրություն»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2016