Ամենատարածված, արժեքավոր եւ հնագույն բանջարեղեններից է սոխը, որը մշակվում է գրեթե բոլոր կլիմայական գոտիներում եւ օգտագործվում բազում կերակրատեսակների մեջ։ Արաբ բժիշկները սոխը որակել են իբրեւ «քնի իշխան»: Արաբական բժշկության մեջ սոխը համարվում է բուժիչ, հականեխիչ եւ հանդարտեցուցիչ բանջարեղեն, որի շնորհիվ օրգանիզմը զերծ է մնում քաղցկեղի որոշ տեսակներից։ Այն հարուստ է քլորով, ֆոսֆորով, վիտամիններով եւ իր մեջ շատ քիչ քանակությամբ բնասպիրտ ու յուղ է պարունակում։
Սոխը շատ օգտակար է շաքարախտով հիվանդների համար, որոնց խորհուրդ է տրվում օրական մի փոքրիկ գլուխ սոխ ուտել։ Սոխը նաեւ մանրէասպան է աղիքների եւ բերանի համար, լնդերի առողջ պահպանման առաջին միջոցն է: Ունի նաեւ արյունը մաքրող հատկություն։
Հիշողությունն աշխուժացնող դյուրին եւ համեղ ուտելիք է, հատկապես աղցանների մեջ, այն կանոնավորում է մարսողությունը, իսկ սոխի հաճախակի օգտագործումը կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները։
Մազաթափության պարագայում սոխի հյութը շատ օգտակար է։
Կարդացեք նաև
Եթե սոխը կեղեւելուց 1 ժամ առաջ պահեք սառնարանում, ապա կեղեւելիս չեք արտասվի։
Ձմռան համար գնված սոխն ու սխտորը պետք է չորացնել ջեռուցիչի մոտ, չորացնելուց հետո պահել սենյակի ջերմաստիճանում։
Սոխն ու սխտորը լավ են պահպանվում սառեցված վիճակում, օրինակ` ձմռանը պատշգամբում։
Դրա համար նախապես 1 շաբաթ պահել սառնարանում, հետո լցնել արկղի մեջ եւ ծածկել, որպեսզի ջերմաստիճանի փոփոխությունները չազդեն։ Օգտագործելիս սառած սոխն անմիջապես չի կարելի գցել ճաշի մեջ, այլ որոշ ժամանակ պետք է պահել սառնարանում, որպեսզի սոխի համը լրիվ վերականգնվի։
Կտրատած գլուխ սոխի թարմությունը պահպանելու համար այն դնել աղ ցանած ափսեի մեջ։
Սոխն ապուրի մեջ գցել մանր կտրատած, հակառակ դեպքում՝ ապուրը կլինի անհամ։
Եթե ուզում եք սոխը արցունքահոսություն չառաջացնի, կտրելիս դանակը թրջեք սառը ջրով։
Մաքրելուց առաջ դանակը թրջել աղաջրում, սոխի հոտը գրեթե կվերանա։
Սոխը տապակելուց առաջ թաթախել ալյուրի մեջ, դրանից այն կդառնա ոսկեգույն եւ չի այրվի։
Սոխը շատ օգտակար է հարբուխի ժամանակ։ Պետք է այն կտրատել եւ շնչել մեկ մի քթանցքով, մեկ` մյուսով։ Կարելի է նաեւ քերիչով անցկացրած 1-2 ճաշի գդալ սոխը լցնել բաժակի մեջ, մեջը դնել ձագարը եւ դնել տաք ջրով լի ամանի մեջ։ Ձագարի անցքից 5-10 րոպե, օրը 2-3 անգամ հաջորդաբար շնչել քթանցքներով։
Սոխի հյութը լավ խորխահան միջոց է։ Կարելի է քերիչով անցկացրած սոխը խառնել մեղրի հետ կամ 500 գրամ մանր կտրատած սոխի, 50 գրամ մեղրի, 400 գրամ շաքարավազի վրա լցնել 1 լիտր ջուր եւ 1,5 ժամ եփել մարմանդ կրակի վրա։ Ստացված զանգվածը թողնել սառչի, լցնել բանկաների մեջ, ամուր փակել եւ խմել 1 ճաշի գդալ՝ օրը 4-6 անգամ։
Հազի դեպքում սոխը մանր կտրատել, լցնել ամանի մեջ, վրան շաքարավազ լցնել, թողնել որոշ ժամանակ եւ ստացված հյութը խմել օրը 4-5 անգամ։
Սոխի մեջ կան շատ եթերայուղեր, որոնք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը, ազդում լյարդի եւ երիկամների վրա։ Այդ իսկ պատճառով սոխի հյութը խորհուրդ չի տրվում ստամոքսի, տասներկումատնյա աղիքի խոցի, լյարդի, երիկամների հիվանդությունների դեպքում։
Ձեռքերի վրայից սոխի կամ սխտորի հոտը չեզոքացնելու համար ձեռքերը շփել կիտրոնի շերտով կամ ափերի մեջ ճզմել խաշած կարտոֆիլ։
Սոխը օգտագործվում է նաեւ պղնձյա իրերը մաքրելու համար։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2016