Դնեպրիկ Բաղդասարյանին շատերը ճանաչում էին Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետից: Նա Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի հարգված պրոֆեսորներից էր: Ճանաչված իրավաբանը մոտ 30 տարի եղել է հակաօդային պաշտպանության հրետանային եւ հրթիռային զորքերում, իսկ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից կանգնած է եղել նրա վտանգավոր ճակատներում: Դ. Բաղդասարյանի մահվանից մեկ տարի հետո՝ 2010թ. լույս տեսավ «Դիմակայություն» հուշագրությունների գիրքը: Արցախյան պատերազմի մասնակիցը ներկայացնում էր բոլոր այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել ինքը:
Նախորդ մեր հրապարակումից հետո բազմաթիվ ընթերցողներ են արձագանքել:
Հրապարակումն ավարտվել էր Դնեպրիկ Բաղդասարյանին Բաքվի բանտ տեղափոխելու պատմությամբ:
Հայ իրավաբանը նկարագրում է, թե ինչպես են իրեն Ֆիզուլիում վայրէջք կատարելուց հետո ուղղաթիռով տեղափոխել Բաքվի «Ջաբրատ-2» օդանավակայան, որտեղ սպասում էր «սեւ ագռավը». «Հենց որ ոտքս գետին դրեցի՝ իմ վրա հարձակվեցին պահակախմբի երեք միլիցիոներները, աղմուկ-աղաղակով ու հայհոյանքներով հանեցին ձեռքերիս կապանքը, այն տվեցին ավագ լեյտենանտին, որը սուս ու փուս, անշառ մարդ էր, ձեռքերս ոլորեցին, իրենց ձեռնակապանքները հագցրեցին, տարան-նստեցրին մեքենայի ընդհանուր խցում:
Մի քիչ հետո պարզ դարձավ, թե ինչու են ձեռքերս ոլորել մեջքիս եւ նստեցրել ընդհանուր խցում: Այդ սրիկաներն ուզում էին ինձ բանտ հասցնել արյունաշաղախ վիճակում եւ դրա համար մինչ քաղաք հասցնելը մեքենան վարում էին փոսերի վրայով ու մեծ արագությամբ»:
Դնեպրիկին տեղափոխում են Բաքվի բանտ:
Ահա նկարագրությունը. «Բանտում ինձ հանդիսավոր հանդիպում էր սպասվում: Ընդունարանի ամբողջ ազատ տարածքը լեփ-լեցուն էր կարմիր ուսադիրավորներով, որոնք հատուկ հավաքվել էին «էրմենիների գլխավոր հրամանատարին» դիմավորելու: Պահակախմբի ավագն աստիճանը տեղը չէր դնում ու պահանջում էր, որ ես ձեռքերս մեջքիս կապած ներքեւ ցատկեմ, որպեսզի ընկնեմ ամբոխի ոտքերի տակ, բայց ես ուսերով հենվել էի դռան շրջանակին, իսկ թիկունքիս կանգնած թուլակազմ հսկիչի ուժը չէր պատում ինձ դուրս հրել մեքենայից… մոտիկ կանգնածները չարաճճի երեխաների նման հրմշտում ու թեթեւ հարվածներ էին հասցնում, նրանց երեւի զսպում էր իմ համարձակ կեցվածքն ու բաճկոնիս վրա մնացած փոխգնդապետի ուսադիրները, որոնք Նախիջեւանում չէին պոկել»:
Հիշեցնեմ, որ ըստ հուշագրի, իր պաշտպանությունն այդ ժամանակ իրականացնում էր Լենինգրադի փաստաբանների միության անդամ, պաշտոնաթող փոխգնդապետ Ռոման Պարշուկովը:
Դ. Բաղդասարյանը բազմաթիվ կտտանքների է ենթարկվել, քանի որ իր իսկ բառերով՝ ուժերն անհավասար էին, մեկը տասնյակ մարդակերների դեմ էր:
Բաքվի բանտում կարանտինի խցում Դ. Բաղդասարյանը հանդիպում է «Համբալիկ» մականունով Յուրա Բաղդասարովի հետ, որին Վլադիվոստոկով տեղափոխելու էին Հայաստան եւ Ստեփանակերտի կոշիկի ֆաբրիկայի տնօրենի տեղակալ Սերգեյ Ղազարյանի հետ: Նրան էլ պետք է տեղափոխեին Հայաստան, 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել տնտեսական գործունեության համար:
Դ. Բաղդասարայնը նկարագրում է, թե ինչպես են բուժզննման տանելու պատրվակով կարանտինի խցից իրեն դուրս բերել, սակայն ազերի կալանավորներին բաց են թողել իր վրա, որոնք թիկունքից հարվածել ու փախչել են:
Խցընկերը՝ «Համբալիկը», «Օրենքով գող էր», եւ նա նամակ էր գրել ազերի հեղինակություններին, որպեսզի հանգիստ թողնեն Դ. Բաղդասարյանին.
«Բիբլիական առասպելներից վերցրած սյուժեներով ոտից մինչեւ գլուխ տուշով նկարազարդված այս թուլակազմ անձնավորությունը, փաստորեն, ինձ փրկեց հնարավոր խեղանդամությունից, եթե չասեմ՝ մահից: Այն, ինչ թույլ էր տալիս բանտի վարչակազմը, արգելեցին գողական աշխարհի երկու այլազգի հեղինակություններ, որոնց միջեւ ոչ մի թշնամանք չէր ծագում ազգամիջյան բախումների կապակցությամբ»:
Հետագայում Դ. Բաղդասարյանն այլ խցում պիտի հանդիպեր Եվգենի Գարագաշյանին, որը կրտսեր լեյտենանտի էր սպանել, ինչպես նաեւ Երեանի ռազմական տրիբունալի նախկին նախագահ, գնդապետ Աչյանի հարազատներից մի քանիսի հետ:
Դ. Բաղդասարյանի համար հուսալի հայերից մեկը ղարաբաղցի Վիտալի Մուսայելյանն էր, որին Շուշիի բանտից էին բերել՝ Հայաստան ուղարկելու համար: Երբ Մուսայելյանը էտապով տեղափոխվելու էր Հայաստան, բոլորից գաղտնի, նա իր կոշիկի միջատակում թաքցնում է Դնեպրիկի նամակը, ինչը Սովետաշենի բանտում հանձնվում է Դնեպրիկի կնոջը, ընկերներին:
Սակայն նոր փորձություններ են սպասվում Նորաշենի բանտում: Ժողճակատի հետապնդումները շարունակվում են բանտից ներս:
Մի քանի օրվա խոշտանգումներից հետո այդ ընթացքում հայտնվում է Զեյնալ անունով մեկը, որն ասում է, թե եղել է Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ պետը, հայերեն է խոսում, ասում, թե բերդի Բայրամ անունով պետն իր ծանոթն է, եւ այսուհետեւ լավ կնայեն իրեն:
Բայրամի ու Դնեպրիկի հանդիպումը անչափ հետաքրքիր է.
«Դույլը կիսով չափ լցված էր անտանելի համեղ հոտ ունեցող բորշչով: Ավագը հայտնեց, թե մեկուսարանի պետ Բայրամն է… ասաց, որ օրը մեկ անգամ ինձ կերակրելու են ռեստորանից բերված միայն ինձ համար պատվիրված ճաշատեսակներով, քանի որ ինչ-որ մոլլայի տղայի Երեւանում լավ են պահել: Հարցրեցի, ինչո՞ւ են ինձ բերել Նորաշեն եւ պահում են անորոշ վիճակում: Նա պատասխանեց, որ բերել են քննիչի պատվերով, ու ականջիս շշնջաց, թե կարող է փոխանակում կատարվի ու զգուշացրեց, որ այդ մասին ձայն չհանեմ:
Հայաստան վերադառնալուց հետո միայն իմացա, որ Սուրեն Կարապետյանը, Վաչագան Չիբուխչյանը, Կոնդի ու «Մեծն Տիգրանի» տղաները պատանդ էին վերցրել Ադրբեջանի գլխավոր մոլլաներից մեկի որդուն ու ազգականին, երկու ամիս Վաչագանը նրան պահել էր Կոնդում, բանակցություններ էր վարել նրանց հետ՝ ինձ փոխանակելու կապակցությամբ: Վաչագան Չիբուխչյանը, որն անցել էր ՀՀՇ-ի շարքերը, իր նոր ղեկավարների պահանջո՞վ, թե՞ ղեկավարվելով իր սեփական շարժառիթներով, ուրիշ փոխանակում կամ գործարք էր կատարել, եւ ես մնացի Նորաշենի մեկուսարանում»:
Նորաշենից իրավաբան Դնեպրիկ Բաղդասարյանին տանում են Օրդուբադ, ուր տեղի պիտի ունենար նրա դատը: «Մեծն Տիգրանի» տղաները գնացել էին Լենինգրադ, պաշտպանին հանձնել հագուստները, որպեսզի նա դատից կես օր առաջ հաներ իր հայազգի պաշտպանյալին:
Դ. Բաղդասարյանը գրել էր. «Դատն ընթացավ միլիցիայի բաժնի մեծ առանձնասենյակներից մեկում: Դատարան տանել ինձ ռիսկ չէին անում, քանի որ ոխերիմ թշնամին կատաղած ամբոխն ու ժողճակատի նվիրյալներն էին, որոնք դատարանում ինձ անպայման կհոշոտեին»:
Դատարան է ներկայացվում երկու միջնորդություն՝ հայերին ազերիների բերդում խոշտանգումների ենթարկելու մասին: ԽՍՀՄ դեռ գոյություն ունեցող դատախազությունը պատրաստվում էր ուսումնասիրել այդ դեպքերը: Հայ իրավաբանին հորդորում էին հրաժարվել այս միջնորդություններից, վտանգը՝ նրան սպանելու, էլ ավելի է մեծանում:
1991 թվականի նոյեմբերի 16-ին հայր եւ որդի Սարկիսովների հետ Բաղդասարյանին էտապով ուղարկում են Թբիլիսի, ապա՝ Հայաստան:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.05.2016