Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպեց, պատասխանեց նրանց հարցերին, որոնք վերաբերում էին ապրիլյան պատերազմին:
«Ադրբեջանն իր քարոզչությունը շատ սահուն փոխեց: Առաջին օրերին, երբ Ադրբեջանը սկսեց խոսել պատերազմի մասին, խոսում էր մեծ հիացմունքով, որ, այո՛, իրենք են սկսել, որ հաջողություն ունեն: Թուրքիայից սկսեցին Ադրբեջանին շնորհավորանքներ հղել: Հետո, երբ հասկացան, որ ռազմական գործողությունը տապալել են, սահուն կերպով սկսեցին խոսել, որ իրենք միայն պաշտպանվում էին:
Մինչեւ այսօր Ադրբեջանում թաքցնում են զոհերի թիվը, գրեթե բոլորն անխտիր պրոֆեսիոնալ զինվորականներ են, ընդ որում, հատուկ ուժերի նշանակության ստորաբաժանումներից: Այդ ծավալի սպայական կորպուսի կորուստ լինում է միայն այն ժամանակ, երբ գոնե մեկ աստիճան ներքեւ՝ այսինքն շարքային անձնակազմի կորուստը բազմակի անգամ բարձր է: Այս ամեն ինչը հստակ պատկեր է տալիս, որ Ադրբեջանը 2014 թվականի կարճ պատերազմից հետո որոշակի սխալներ էր փորձում ուղղել ու օգտվելով ռազմաքաղաքական ինչ-ինչ զարգացումներից՝ նորից անցել էր լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:
Միգուցե ոչ այն ձեւաչափով, ինչպիսին ընկալվում է լայնածավալ պատերազմը, բայց որ հյուսիսում ու հարավում հասցրած հարվածները ինքնանպատակ չէին ու ծառայում էին որոշակի այլ գործողություններ ապահովելուն, ներկայացվել է ԼՂ ղեկավարության կողմից: Մասնավորապես կենտրոնում սպասվելիք հարվածի մասին է խոսքը, որը տեղի չունեցավ այն պատճառով, որ թեւերում հասցված շեղող հարվածները տապալվել են»,- այսօր Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ապրիլյան պատերազմին անդրադառնալով՝ ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ