Լրահոս
Օրվա լրահոսը

Հետազոտություն. Հայ դեռահասների 4%-ը միշտ քաղցած է քնում կամ գնում դպրոց

Մայիս 13,2016 21:05

Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի վերաբերյալ հետազոտություն է կատարվել. ցուցանիշները փաստում են, թե մեր դեռահասներն ինչպես են հետեւում իրենց առողջությանը, սոցիալական ինչ պայմաններում են ապրում, հայ դեռահասների քանի տոկոսն է ծխում, խմում, թմրանյութ օգտագործում, ինչպիսի սեռական վարքագիծ են դրսեւորում:

Ուսումնասիրության համար հարցմանը մասնակցել են 11-17 տարեկան դեռահասները: Ընդհանուր առմամբ, հետազոտության մեջ ներառված են 82 դպրոցներ Հայաստանի տարբեր մարզերից, 11-15 տարեկան 3679 դեռահասներ են մասնակցել հարցմանը, իսկ 1134՝ 17 տարեկաններ, որոնք ընդգրկվել են 64 ավագ դպրոցներից եւ մասնագիտական ուսումնարաններից եւ քոլեջներից:

Ըստ ուսումնասիրության, «Որքա՞ն հաճախ ես դու քաղցած գնում դպրոց կամ քնում՝ տանը սննդի անբավարարության պատճառով» հարցին, միջինում երեխաների 4%-ը պատասխանել է՝ «միշտ», երեխաների 5%-ը հաճախ է քաղցած քնում կամ դպրոց հաճախում, իսկ 10%-ն էլ պատասխանել է, որ նման վիճակում է լինում երբեմն: Հաճախ եւ երբեմն քաղցած քնող եւ դպրոց գնացող երեխաների մեջ գերակշռել են գյուղաբնակները: Ընդ որում, ավելի շատ քաղցած են մնում 11 տարեկան տղաները: Հետազոտության մեջ նշված է, որ 2009-2010 թվականների հետազոտության համեմատ, այս վերջին հետազոտությամբ նշված ցուցանիշի վատթարացում է գրանցվել:

Ըստ վերլուծության՝ 11-15 տարեկան դեռահասների 51%-ը ցածր բարեկեցության խմբին են պատկանում, 30%-ը՝ միջին, 19%-ը՝ բարձր բարեկացության խմբում են:

Հարցված 17 տարեկանների 57%-ն է ցածր բարեկացության խմբից, 30%-ը՝ միջին, 13%-ը՝ բարձր:

Հետազոտության հեղինակները նշում են՝ թեեւ դեռահասային տարիքը համարվում է համեմատաբար առողջ ժամանակաշրջան, այնուամենայնիվ, դեռահասների մոտ բավականին հաճախ են դիտվում առողջության հետ կապված տարատեսակ գանգատներ: Անբավարար առողջական վիճակը խոչընդոտում է նորմալ հասունացմանը եւ ունի երկարատեւ բացասական ազդեցություններ: Ըստ հեղինակների, ֆիզիկական եւ հոգեկան առողջության ինքնագնահատականն անմիջականորեն կապված է ֆիզիկական գանգատների եւ ընկճվածության նշանների, ընտանիքի բարվոքության եւ սոցիալական բարեկեցության հետ:

Հեղինակները հարցումներից պարզել են, որ դեռահասների գանգատների մի մասը կապված է  տարբեր հիվանդագին վիճակների, սթրեսային իրավիճակների հետ, կամ խոսում են այն մասին, որ դասերով, լրացուցիչ պարապմունքներով գերծանրաբեռնված են, անառողջ կենսակերպ են վարում, հեռուստացույց դիտելն ու համակարգչով զբաղվելը չարաշահում են:

Առողջ ապրելակերպի ցուցանիշներից է նաեւ հիգենային հետեւելը, նախաճաշելն ու ճիշտ ժամին քնելը: Հարցված դեռահասների 13%-ն ասել է, որ երբեք չի նախաճաշում, իսկ 15-17 տարեկանների 18%-ն է պատասխանել, որ երբեք չի նախաճաշում:

Հարցումներից պարզվել է, որ մեր դեռահասների մոտ քնի վարքագիծն այնքան էլ ճիշտ չէ: Ըստ ուսումնասիրության, 11-15 տարեկանների 19%-ը քնում են կեսգիշերից հետո՝ աշխատանքային, կամ ուսումնական օրերին, իսկ հանգստյան օրերին կեսգիշերից էլ ավելի ուշ ժամի են քնում հարցված դեռահասների 36%-ը: 17 տարեկանների 50%-ը աշխատանքային օրերին քնում է կեսգիշերից հետո, իսկ 60%-ը՝ հանգստյան օրերին կեսգիշերից էլ շատ ուշ ժամերին են քնում:

Հեղինակները նշում են, որ հետազոտության արդյունքներից տագնապ է առաջացնում  բռնության տարածվածությունը դպրոցական միջավայրում: Դեռահաս տղաների 19%-ը եւ աղջիկների 11%-ն ասել է, որ հարցմանը նախորդող ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ չի հաճախել դպրոց, որոպեսզի խուսափի հնարավոր բռնությունից կամ հետապնդումից: Հարցված 11-15 տարեկան տղաների 43%-ը եւ աղջիկների 27%-ը նշել է, որ ուսուցչի կողմից առնվազն մեկ անգամ ենթարկվել է բանավոր վիրավորանքի:

Ի տաբերություն այլ երկրների դեռահասների, հայ երեխաների քիչ մասն է ծխախոտ օգտագործում: Ըստ հետազոտության, առաջին անգամ 13 տարեկանում եւ ավելի վաղ հասակում ծխախոտ է օգտագործել հարցված տղաների 17%-ը, իսկ աղջիկների՝ 4%-ը: Հարցված 17 տարեկանների 20%-ն է նշել, որ երբեւէ ծխել է, իսկ 11%-ը՝ կանոնավոր է ծխել:

Դեռահասների 37%-ը սկսել է ալկոհոլ օգտագործել  13 տարեկանում կամ ավելի վաղ հասակում, հիմնականում՝ գարեջուր եւ գինի: Մարիխուանա օգտագործելու մասին նշել են հարցված 15 տարեկանների տղաների 4%-ը եւ 17 տարեկանների 10%-ը:  Սեռական վարքագծի մասին կատարված հարցումներից պարզվել է, որ 15 տարեկան տղաների 21%-ը եւ աղջիկների 1%-ը, իսկ 17 տարեկան տղաների 52%-ը եւ աղջիկների 3%-ը նշել են սեռական փորձի առկայության մասին: 15 տարեկան տղաների ընդամենը 51%-ն է օգտագործել պահպանակ վերջին հարաբերության ժամանակ:

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է Արաբկիր բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի կողմից՝ 2013-2014 թվականներին, եւ այսօր առաջին անգամ ներկայացվեց հանրությանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031