«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
Քաղաքագետը համոզված է, որ անիմաստ է վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ՝ առանց ապրիլյան պատերազմից համապատասխան հետևություններ անելու: «Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել: Կարծում եմ՝ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները»:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դանդաղում 200 միլիոն դոլար արժողությամբ ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին, Կոլերովն ասաց, թե Ռուսաստանը չի մերժել Հայաստանին զենքի մատակարարման հարցում. «Ռուսաստանը վերջին երեք տարիներին ծանր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին: Ընթանում է հայկական բանակի լայնածավալ վերազինում»:
– Պարոն Կոլերով, Ձեր կարծիքով՝ կկայանա՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում մայիսի 16-ին նախատեսված հանդիպումը: Ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել այդ հանդիպումից:
Կարդացեք նաև
– Ինձ բացարձակապես դուր չեկավ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությունը, թե անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների: Այս դիրքորոշումն ուղղակիորեն հակասում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե՝ բանակցությունները վերսկսելու համար պետք է կատարվի երեք քայլ (շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը, և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի հրահրի նոր պատերազմ- Ա. Ս.): Սա շատ վատ բան է: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է պնդի իր պահանջների կատարումը, որովհետև ոչ թե Հայաստանն է փլուզել բանակցային գործընթացը, այլ Ադրբեջանը, և վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել: Իսկ եթե մենք գիտենք, որ գլուխ կտրել են, պետք չի հիմար ձևանալ, թե ոչինչ չի եղել: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները:
– Այնուամենայնիվ, հանդիպումը կարո՞ղ է որևէ դրական արդյունք տալ:
– Այդ հանդիպումը չի կարող որևէ դրական իմաստ ունենալ, քանի որ եզրակացություն չի արվել ապրիլյան պատերազմից: Իսկ այդ եզրակացությունները պիտի արվեին անվտանգության ոլորտում՝ կապված շփման գծում իրադրության և այլ հարցերի հետ: Եթե հետևություններ չեն արվել այս ամենից, պատերազմը կարող է վերսկսվել ամեն ամիս:
Արամ Սարգսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում