Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում մարդկային և տարածքային կորուստների մասին ճշմարտությունը. aniarc.am

Մայիս 13,2016 19:24

aniarc.am. Երբ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին խոսում էր Արցախում 18 զոհի և 35 վիրավորի մասին, շատերը չհավատացին: Ես էլ չհավատացի: Սարգսյանի ելույթից որոշ ժամանակ անց Ստեփանակերտում ունեի տեղեկություն, որ հայկական կողմի կորուստները՝ զինվորական, քաղաքացիական, 104 է: Այդ տեղեկությունը, համոզված էի, որ ճշմարտությունն է կամ՝ շատ մոտ է ճշմարտությանը: Սակայն դրա մասին չգրեցի ոչ իմ հոդվածներում, ոչ ՍիվիլՆեթ-ով հեռարձակված ռեպորտաժներում, ոչ էլ հարցազրույցներում:

Կամուկացի ու ինքս իմ հետ կռվի մեջ էի:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը պարտվում էր (ես ուղն ու ծուծով լրագրող եմ, անբուժելի հիվանդ՝ լրագրությամբ) Հայաստանի քաղաքացի Թաթուլ Հակոբյանին, որի հայրական տունը սահմանի վրա է, որի հարազատները ծառայում են հայկական բանակում, ով գիտակցում էր, որ իր տված լուրը կարող է խուճապ առաջացնել հանրության շրջանում, անասելի տառապանք պատճառել բոլոր մայրերին, որոնց որդիները այդ պահին կանգնած էին առաջին գծում և նրանցից լուրեր չունեին, որի հաղորդած տեղեկատվությունը, ի վերջո, կարող էին անուղղակի օգտակար լինել ադրբեջանական կողմի համար:

Հասկանում ե՞ք կոնտրաստը. Սերժ Սարգսյանը խոսում է 18 զոհի մասին, իսկ ինչ-որ մի լրագրող՝ 104-ի:

Հետագա օրերին հաղորդվեցին հայկական նորանոր զոհերի մասին: Բայց դրանք հիմնականում ապրիլ 1-2-ի գիշերվա և դրան հաջորդած մարտերի զոհերն էին:

Իմ տեղեկություններով, որոնք պաշտոնական չեն և կարող է իրականությունն ամբողջովին չարտահայտել, ապրիլի 1-ից մինչև այսօր հայկական կողմի զոհերի թիվը՝ զինվորական և քաղաքացիական, 120-ի մոտ է:

Տարածքային կամ դիրքային կորուստներ

Ապրիլյան պատերազմի օրերին Արցախյան կողմը ունեցավ նաև տարածքային կորուստներ: Քանի որ իշխանություննրը շարունակում են ոչ ամբողջական պատկերը ներկայացնել, իսկ ընդդիմությունը կամ իշխանությունների հանդեպ հավատը կորցրած մարդիկ (Հայաստանի բնակչության մեծամասնությունը) չեն վստահում և հաճախ ուռճացնում են, որոշեցի տալ այն տեղեկատվությունը, որ ես ունեմ տարածքային կամ դիրքային կորուստների մասին:

Այդ տեղեկատվությունը ունեցել եմ Ապրիլյան պատերազմի օրերին, սակայն ամբողջական չեմ ներկայացրել՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ անվտանգությունը:

Այս հարցում էլ լրագրող Թաթուլ Հակոբյանը գիտակցաբար պարտվել է Հայաստանի քաղաքացի Թաթուլ Հակոբյանին:

Հիմա ես կտամ իմ ունեցած տեղեկատվությունը տարածքային և դիրքային կորուստների մասին, վստահ լինելով, որ դրանից որևէ մեկը, բացի գուցե Սերժ Սարգսյանի Հանրապետական ռեժիմի, չեն տուժելու (վստահ եղեք՝ Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը, մեծ հաշվով, ևս չեն տուժի, քանի որ հայ ժողովրդի քվեն ու վստահությունը չունեն):

Հարավային ուղղությամբ (Արա լեռ-Ղազախլար)՝ Լելե թեփե բարձունքի շրջանում, Արցախյան բանակը կորցրել է 7 ռազմական դիրք: Ես հատուկ չեմ նշում կորցրած տարածքի երկարությունն ու խորքը՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Միայն կարող եմ ասել, որ դա մեծ տարածք չէ: Դա կազմում է Ֆիզուլու շրջանի տարածքի հազարերորդական մասերից մեկը: Ընդամենը: Գուցե այդ բարձունքը, որի վրա ծածանվում է ադրբեջանական դրոշակը, կարևոր է, բայց այդ տարածքը և բարձունքը հետ բերելու համար ԱՐԳԵԼՎԱԾ է անգամ մեկ զոհը: Սա ի՛մ ընկալումն է:

Հյուսիսային ուղղությամբ (Մատաղիս/Թալիշ-Թափ Կարակոյունլու), Արցախյան բանակը ապրիլ 1-2-ի գիշերը կորցրեց տասնյակ ռազմական հենակետեր, իսկ առաջին գիծը, ինչպես հարավային ուղղությամբ, գրավվեց հակառակորդի կողմից:

Հայ զինվորները՝ 18-20 տարեկան տղաները, սպաները՝ գլուխ խոնարհեք ընկածների ու ողջերի առաջ, կարողացան հետ գրավել այդ հենակետերի մեծ մասը՝ կռվելով մինչև վերջին փամփուշտը, պայթեցնելով վերջին նռնակը:

Իմ տեղեկություններով՝ հյուսիսային ուղղությամբ, այսօրվա դրությամբ մենք ունենք 14 ռազմական դիրք, որոնք մինչև ապրիլ 1-2-ի հայկական ուժերի ձեռքում էր: Այս դեպքում էլ՝ հատուկ չեմ նշում կորցրած տարածքի երկարությունն ու խորքը, կրկին ելնելով անվտանգության նկատառումներից:

Այս տարածքը, կարող եմ ասել, մեծ տարածք չէ: Դա կազմում է Մարտակերտի շրջանի տարածքի հազարերորդական մասերից մեկը:

Երբ զգամ, որ կարելի է ավելի մանրամասն գրել կորցրած տարածքների՝ հյուսիսում և հարավում, առավել մանրամասներ, ապա դա կանեմ առանց երկմտելու: Զգում եմ, որ հիմա ժամանակը չէ, որ լրագրող Թաթուլ Հակոբյանը պարտվում է Հայաստանի քաղաքացի

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    այս մի – կարեւոր – պարբերութիւնը միայն յստակ չի՝

    «Իմ տեղեկություններով՝ հյուսիսային ուղղությամբ, այսօրվա դրությամբ մենք ունենք 14 ռազմական դիրք, որոնք մինչև ապրիլ 1-2-ի հայկական ուժերի ձեռքում էր: …. »

    արդեօք ըսել կ’ուզէք թէ մինչ այդ, այդ դիրքերը «թրքական ուժերի ձեռքում է», ոչ թէ հայկական…

    եթէ ոչ, այնպէս մը կարելի է հասկնալ թէ այդ դիրքերն ալ կորցրել ենք…

    լաւ կը լինի որ յստակացվի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031